Հունիսի 30-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի արևներն աննկարագրելի արևային ջերմությամբ էին ողողել Sunny club երեխաների դիսկո-կարաոկե ակումբը, որ երեխաների և նրանց ծնողների համար վերածվել էր ուղղակի Արև ակումբի: Արև երեխաներին արևային ուրախություն էին պարգևել ակումբի ղեկավարներ տեր և տիկին Սերգեյ և Արևիկ Հարությունյանները: Ակումբի ջերմ հարկի տակ ընտանեկան ջերմ մթնոլորտ էր տիրում, մեծ հյուրասիրություն էր կազմակերպվել երեխաների համար: Հյուրասիրությունից հետո երեխաները հայտնվեցին պարի և խաղի ուրախ աշխարհում: Արևների անկեղծ պարին էին միացել նրանց ծնողները: Իրար հաջորդող խաղերը կրկնապատկել էին երեխաների ուրախությունը: Նրանց անկեղծ ուրախությունը վարակել էր բոլորին՝ հիշեցնելով, որ անհրաժեշտ է ուրախ լինել Աստծո պարգևած յուրաքանչյուր օրվա համար:
«Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ՀԿ-ի աշխատակազմի և ծնողների անունից շնորհակալություն հայտնեց Sunny club երեխաների դիսկո-կարաոկե ակումբի ղեկավարներ տեր և տիկին Սերգեյ և Արևիկ Հարությունյաններին. «Շնորհակալ ենք մեր արևներին արևային ուրախություն և ժպիտներ պարգևելու համար: Եթե մարդիկ ավելի շատ միմյանց ժպիտներ պարգևեին, աշխարհն ավելի ջերմ և լուսավոր կդառնար: Բարին ճառագելու առաքելությամբ ծնված մեր արևների ջերմությունը ներծծվեց այս հյուրընկալ պատերից ներս՝ առավել ջերմացնելով Արևի ջերմիկ ակումբը»:
Փոխադարձաբար շնորհակալություն հայտնեցին ակումբի ղեկավարները, ովքեր ևս ուրախություն էին ապրում, քանի որ Դենի Դիդրոյի խոսքի համաձայն՝ ամենաերջանիկ մարդը նա է, ով երջանկություն է պարգևում մեծ թվով մարդկանց:
Ապրել՝ նշանակում է սիրել, քանի դեռ կա սերը, կյանքը չի դադարում: «Աստծո սիրուն սահման չկա, այն անսահման է և խորությունը հնարավոր չէ չափել: Ահա մեր գոյության իսկական իմաստը. լինել Աստծո սիրո արևաշողը, լինել հավիտենական երջանկության հույսը»,- ասել է Մայր Թերեզան:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։