Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Թումանյանական ասմունքի ցերեկույթ՝ արևների մասնակցությամբ

Թումանյանական ասմունքի ցերեկույթ՝ արևների մասնակցությամբ

Փետրվարի 17-ին՝ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան ընդառաջ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում, ԱՀԹ առաջնորդական փոխանարդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի ավագ խմբի և Արևի թատրոնի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ թումանյանական ասմունքի ցերեկույթ, որ կազմակերպել էր ՀԿ-ի հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանը:

Ցերեկույթն արևներին տեղափոխեց թումանյանական աշխարհ. նրանք մեծ խանդավառությամբ ներկայացրին Ամենայն Հայոց բանաստեղծի կենսագրության հետաքրքրաշարժ դրվագները: Հայոց մեծ բանաստեղծին նվիրված ցերեկույթն ինքնատիպ էր, քանի որ բացի արևներից մասնակցում էին նաև նրանց ծնողներն ու մանկավարժները: Արևների, նրանց ծնողների և մանկավարժների շուրթերից հնչած բանաստեղծությունները ջերմություն և թումանյանական շունչ հաղորդեցին շուրջբոլորը։ Ցերեկույթը եզրափակվեց Հովհաննես Թումանյանի առաջին բանաստեղծության՝ «Հոգուս հատոր»-ի հիման վրա գրված երգի կատարմամբ:

Հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանը նշեց, որ թումայանական ասմունքի ցերեկույթը ծառայեց իր նպատակին. «Ծնողների և մանկավարժների մասնակցությունը ցերեկույթին ոչ միայն արևներին էր ոգևորել, այլ նաև իրենց: Մեզ համար կարևոր խնդիր է երեխաների մոտ ակտիվություն արթնացնել, ինչը կապահովի նրանց մասնակցությունը թե՛ դասերին և թե՛ կազմակերպված միջոցառումներին: Նշեմ, որ ցերեկույթը ծնողների համար ևս անհրաժեշտ թերապիա էր, ինչը նրանց մոտ որոշ կարծրատիպեր կոտրեց: Այս տարվա միջոցառումների շարքում արևները թումանյանական օրերին կրկին կանդրադառնան՝ նոր ու հետաքրքիր միջոցառումներով և անակնկալներով»:

Թումանյանական ասմունքի ցերեկույթի շնորհիվ արևները ևս մեկ առիթ ունեցան արժևորելու Ամենայն Հայոց բանաստեղծի՝ գրականության մեջ ունեցած մեծ դերն ու ավանդը:

 

Կարինե Սուգիկյան