Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Հավատը բոլոր բարի գործերի մայրն է»

Աստծո հանդեպ ճշմարիտ և կենդանի հավատ ունեցողն անհնար է, որ չձգտի այն տարածել ու փոխանցել ուրիշներին: Ճշմարիտ հավատը չի կարող այլ կերպ արտահայտվել, քան գործով, քանի որ Ս. Եփրեմ Ասորու վկայությամբ՝ «Հավատը բոլոր բարի գործերի մայրն է, քանի որ «առանց հավատի անհնար է Աստծո բարեհաճությունը շահել» (Եբր. 11:6) և պատվիրանապահ լինել»: Մարդը կարող է բարի օրինակ ծառայել ոչ այնքան խոսքով, որքան գործով, հետևյալ առածը ևս հաստատում է բարի գործի արժեքը. «բարի խոսքը արծաթ է, բարի գործը՝ ոսկի»:

Եկեղեցու սուրբ հարկից ներս հավատի գործուն արտահայտություններն են սոցիալական ծրագրերը, որ նպատակ ունեն հոգևոր և նյութական աջակցություն ցուցաբերել կարիքի մեջ հայտնված անձանց: Հուլիսի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Նազարյան Մերիին (44տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Բաղդասարյան Արմենը: Մերին իր ամուսնու և երկու զավակների հետ վարձակալությամբ բնակվում է Մանթաշյան 3 շ, 21 բն. հասցեում: Մարտիրոսյան ընտանիքը 12 տարի առաջ ստիպված է եղել Կապան քաղաքից Երևան տեղափոխվել, որպեսզի ընտանիքի ավագ զավակը՝ Մարատը (23տ.), որ Դաունի համախտանիշ ունի, կարողանա համապատասխան կրթություն ստանալ: Ընտանիքի մայրը՝ Մերին, ասաց, որ Մարատը սրտի արատ ունի, բայց չի վիրահատվել, քանի որ իրեն չի կարելի նարկոզ ընդունել: «Երևան տեղափոխվելուց հետո տղաս տասնվեց տարեկանից սկսել է հաճախել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ԲՀԿ, մեկ տարի է նաև՝ «Արև-երեխաներ» ՀԿ: Մարատը շատ է սիրում նկարել, պարել, հաճախում է «Արև-երեխաներ» ՀԿ-ի Արևի թատրոն և անհամբերությամբ սպասում է, թե երբ է գալու թատրոնի օրը: Շնորհակալ եմ «Արև-երեխաներ» ՀԿ-ին և աջակից անձին՝ ուշադրության և աջակցության համար, քանի որ երբեմն ամուսնուս աշխատանքի հետ կապված դժվարանում ենք տան և կոմունալ վարձերը վճարել»,- ասաց Մերին:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.