Մի շարք պատճառներ կա, որ կարող են դժվարացնել հոր անմիջական մասնակցությունը նորածնի դաստիարակության հարցում: Շատ հաճախ նա գտնվում է աշխատանքի վայրում այն ժամերին, երբ երեխան արթուն է, իսկ երբ վերադառնում է տուն, փոքրիկն արդեն քնած է լինում: Հաճախ մայրիկին էլ ավելի հարմար է երեխային քնեցնել մինչև հոր գալը, որպեսզի հասցնի ընթրիք պատրաստել, կամ զբաղվել տան այլ գործերով: Այնուհանդերձ, շատերը կհամաձայնեն, որ կնոջ և ամուսնու միջև լավ հարաբերությունները պահպանելու համար շատ կարևոր է փոքրիկի մասին ամենօրյա համատեղ խնամքը, թեկուզ աննշան գործերում, որոնք հնարավոր է մանրուք թվան, սակայն դրանք շատ կարևոր են ինչպես ծնողների, այնպես էլ նորածնի համար:
Փոքրիկի աճին զուգընթաց ամրապնդվում է նաև այդ մանրուքների արժեքը, դրա հետ միասին՝ կապը ամուսինների միջև: Երբեմն սկզբնական շրջանում հայրիկներն իրենց անհարմար են զգում նորածնի հետ, լինում է և այնպես, որ բավականին դժվար է հորը ներքաշել խաղի մեջ: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է փորձել հայրիկին ներգրավել թեկուզ երեխային լողացնելու գործում:
Ընտանիքում կարևոր է հոր ներկայությունը, որպեսզի մայրն իրեն ֆիզիկապես լավ զգա և երջանիկ լինի: Երեխան շատ զգայուն է ծնողների փոխհարաբերությունների հանդեպ, և եթե ամեն ինչ լավ է, նա առաջինն է դա գնահատում: Փոքրիկի հետ հեշտ կլինի հարմարվել, եթե նա իրեն այսպես ասած՝ «անվտանգ» է զգում: Բացի այդ, հայրը կարող է բարոյապես աջակցել մայրիկին` իր ներկայությամբ ամրապնդելով նրա իշխանությունը տանը: Հայրն այն կերպարն է, որն արտացոլում է այն կարգն ու կանոնը, որ մայրը հաստատում է փոքրիկի կյանքում: Ցանկացած կնոջ երբեմն անհրաժեշտ է իշխանություն դրսևորելու կարողություն, և եթե նա ստիպված է լինում երեխայի կյանքը լցնել ոչ միայն սիրով, այլ նաև խստության և ուժի տարրերով, ապա այդ դեպքում նրա հոգսը շատանում է: Շատ կարևոր է այդ բեռը կիսել հոր հետ: Եվ վերջապես` հայրն անհրաժեշտ է փոքրիկին, քանի որ անկասկած նա օժտված է դրական հատկություններով, բնավորության յուրահատուկ գծերով, սովորություններով, հատկանիշներով, որոնցով նա առանձնանում է փոքրիկին շրջապատող այլ մարդկանցից: Երեխան երջանիկ է, երբ հայրը կողքին է և ցանկանում է ճանաչել իրեն: Երեխաները շատ հաճախ ստեղծում են իրենց իդեալը՝ հիմք ընդունելով այն, թե ինչ են նրանք տեսնում հոր մեջ կամ հենվելով նրա մասին իրենց պատկերացումների վրա: Երեխաները սիրում են «ընտանիք» խաղալ, և այդ խաղերում հայրն առավոտյան գնում է աշխատանքի, իսկ մայրը զբաղվում է տնտեսությամբ և երեխաներով: Երեխան հեշտությամբ է ծանոթանում տան գործերին, որովհետև դրա անմիջական մասնակիցն է և վկան, իսկ այ հայրիկի աշխատանքը, նրա հետաքրքրություններն ու նախասիրությունները հաճախ մնում են գաղտնիք նրա համար: Երբեմն, երբ հայրը ընդգրկվում է երեխայի խաղերի մեջ, նա
շատ նոր և արժեքավոր տարրեր է բերում խաղ, որոնք էապես զարգացնում են երեխայի մտահորիզոնը:
Հոր և հայրության ամենամեծ առաքելությունն է իր պարզությամբ և անմիջականությամբ օրինակ հանդիսանալով՝ փոքրիկին հնարավորություն տալ ընդունել և հասկանալ այլ մարդկանց:
Ընտանիքը շատ բարդ կենդանի օրգանիզմ է, և մայրիկը պետք է ուշադիր լինի և օգնի, որպեսզի հայրն ու երեխան ավելի լավ հասկանան միմյանց: Չնայած, որ մայրն ի վիճակի չէ ամրապնդել նրանց հարաբերությունները, բայց նա կարող է ընտանեկան կյանքն այնպես կազմակերպել, որ հայրը հնարավորություն ունենա անձամբ զարգացնել այդ հարաբերությունները:
Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.
«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»
Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը