Հաճախ ծնողների մոտ հարց է առաջանում, թե բարեկամներին, ընկերներին և ծանոթներին ինչպես հայտնել երեխայի ախտորոշման մասին: Անհանգստանալու համար յուրաքանչյուր ծնող կարող է իր պատճառներն ունենալ: Որոշ մարդիկ այդպիսի բարդ իրավիճակում ինքնամփոփվում են: Նրանց թվում է, թե այդպիսի լուր լսելուց հետո մարդկանց վերաբերմունքն իրենց հանդեպ շրջապատում կփոխվի: Իհարկե, ծնողներն իրենք պետք է որոշեն, թե ում և ինչպես հայտնել երեխայի ախտորոշման մասին, բայց, ամեն դեպքում, այլ ընտանիքների պատմությունները և հոգեբանի հետ զրույցները կօգնեն ավելի լավ կողմնորոշվել սեփական զգացմունքների և հանգամանքների ներդաշնակության հասնելու հարցում: Միայն ծնողներն են իրավասու տնօրինելու իրենց երեխայի ախտորոշման մասին տեղեկությունը, սակայն այդ քայլը կատարելով, այսինքն՝ շրջապատին տեղեկացնելով, ծնողները կհասկանան, թե ինչպես են մյուսները վերաբերվում այդ ամենին: Այդուհանդերձ, ծնողները կարող են ազդել մյուսների վերաբերմունքի վրա, հակառակ դեպքում՝ կարող են դառնալ իրենց երևակայության գերին՝ «ի՞նչ կմտածեն մեր և մեր երեխայի մասին»:
«Մեր կենտրոնում անցկացվող խմբակային պարապմունքներից մեկի ժամանակ, որտեղ ներկա էին մինչև 3 տարեկան երեխաների ծնողներ, երկամյա մի երեխայի մայրիկ հարցրեց. «Դուք ինչ-որ մեկին ասե՞լ եք երեխայի ախտորոշման մասին» և արտասվեց: Մեկ այլ մայրիկ պատասխանեց. «Այո′, մենք բոլորին հայտնել ենք, և, գիտե՞ք ինչ, զարմանալի էր, բայց շատերը մեզ աջակցեցին, նույնիսկ նրանք, ումից դա ընդհանրապես չէինք սպասում»: «Մենք չենք թաքցրել ոչ մեկից»,-արձագանքեց մի ուրիշ ընտանիք: «Իսկ մենք որոշեցինք ոչ մեկի ոչինչ չասել»,-իր պատմությամբ կիսվեց հաջորդը»:
Ուշագրավ էր այն փաստը, որ ծնողները չհարցրին, թե ով էր ճիշտ վարվել, այլ հետաքրքրությամբ լսում էին միմյանց: Դա հարցը տված ծնողին հնարավորություն ընձեռեց իր կարծիքը զուգորդել այլ ընտանիքների փորձի հետ:
Ծնողների միջև անցկացվող այսպիսի զրույցները կարող են նվիրված լինել տարբեր հարցերի քննարկմանը: Այդ պատմությունների և կարծիքների հետ կապված փորձի փոխանակումը կարող է բարձրացնել նրանց ինքնավստահությունը: Նրանցից շատերը նշում են, որ այդպիսի շփումներից հետո հասարակական վայրերում (օրինակ՝ մանկապարտեզներում, խաղահրապարակներում) իրենք իրենց ավելի հանգիստ են զգում: Ավելին՝ նոր և անգնահատելի փորձ ձեռք բերելով՝ որոշ ծնողներ նշել են, որ իրենց զգում են ավելի ինքնավստահ ու բանիմաց, քան մինչև իրենց երեխայի ծնվելը:
Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.
«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»
Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը