Եթե մի փոքր համբերատար լինեք և զերծ մնաք նախապաշարմունքներից, ապա անպայմանորեն փոխհասկացվածության կհասնեք Դաունի համախտանիշ ունեցող մարդու հետ շփվելիս։
Դաունի համախտանիշը պատահականության արդյունքում եղած գենետիկ շեղում է, որի դեպքում օրգանիզմում հավելյալ քրոմոսոմ է ի հայտ գալիս։ Այն մահացու դատավճիռ չէ։ Հնարավոր է, որ ինտելեկտուալ զարգացման խանգարումներով մարդու հետ շփումն անհնարին կամ անգամ վախեցնող թվա, սակայն այդպես չէ։
Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ այնպիսին են, ինչպիսին բոլորը․ հասարակության անդամ են և շփման, սիրո ու աջակցության կարիք ունեն և պատրաստակամորեն նույն կերպ են պատասխանում շրջապատող մարդկանց։
Պետք չէ կարծել, թե նրանց հետ հաղորդակցումը անհավանականորեն բարդ ու էներգիա խլող գործընթաց է։ Արև-երեխաների և մեծերի հետ շփումը կարող է նույնքան ուրախալի ու լիարժեք լինել, որքան ցանկացած մարդու հետ շփումը։
Ներքոնշյալ խորհուրդները կօգնեն հաղթահարել սեփական անվճռականությունը և ճիշտ մոտեցում գտնել շփվելու բոլոր նրանց հետ, որոնց հետ ցանկանում էիք շփվել, բայց չէիք իմանում ինչից սկսել։
Օգտագործեք շրջապատը
Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ, հատկապես՝ երեխաները, տեղեկույթն ավելի լավ են ընկալում իրենց շրջապատող իրերի ու երևույթների հետ փոխազդեցության միջոցով։ Այսինքն՝ եթե ցանկանում եք երեխային որևէ բան բացատրել, փորձեք այդ անել առարկաների, նկարների, ինտերակտիվ խաղերի միջոցով։
Քանի որ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց վերացական մտածողությունը թույլ է զարգացած, նրանք դժվարությամբ են հասկանում բարդ հայեցակարգերը, եթե նրանց բացառապես խոսքով բացատրեք։
Օգնեք ձեզ և ձեր խոսակցին պարզ արտահայտվելով և ձեր բառերը համեմելով այն բաներով, որոնք հնարավոր է տեսնել, լսել կամ շոշափել։ Կոնկրետությունը և պատկերավոր օրինակները ձեր շփումն ավելի արդյունավետ կդարձնեն։
Ժեստեր և միմիկաներ օգտագործեք
Ձեր բառերը լրացրեք ժեստերով և ակտիվորեն օգտագործեք միմիկան, հատկապես եթե ցանկանում եք խոսակցին հասկացնել ձեր հույզերը։
Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ շատ ընկալունակ են հաղորդակցման ոչ խոսքային ձևերի հարցում և անմիջապես որսում են շրջապատող մարդկանց տրամադրությունը։ Ընդ որում՝ նրանք շատ ավելին են հասկանում ու զգում, քան կարողանում են արտահայտել։ Այդ պատճառով ժեստերի և միմիկաների օգտագործումը կօգնի ավելի արդյունավետորեն փոխանցել միտքը։
Ուշադիր եղեք պատասխան ռեակցիաների հանդեպ, որպեսզի վստահ լինեք, որ ձեզ ճիշտ են հասկացել։
Համբերատար եղեք
Եթե սովոր եք արագ արտահայտել ձեր միտքը՝ հաճախ չավարտելով նախադասությունը կամ բաց թողնելով բառերը՝ հուսալով, որ խոսակիցն ինքնուրույն կհասկանա ձեզ, ապա Դաունի համախտանիշ ունեցող մարդու հետ խոսելիս ավելի լավ կլինի զինվեք համբերությամբ։
Նրանց հետ խոսելիս չեք կարող խուսափել մանրակրկիտ բացատրություններից։ Այդ վերաբերում է հատկապես երեխաներին։ Մի զայրացեք և հուսահատվեք, եթե ձեզ չեն հասկանում անմիջապես։ Փորձեք այլ կերպ բացատրել, ինչպես վերևում արդեն ասացինք, փորձեք ձեր խոսքը լրացնել շրջապատող իրերով, երևույթներով, ժեստերով ու միմիկաներով և այլն։
Եթե ցանկանում եք ոչ թե միայն խոսել ու հոգին թեթևացնել, այլ կոնկրետ բան հասկացնել խոսակցին, ապա պատրաստ եղեք ավելի շատ ժամանակ տրամադրելուն։ Ինքներդ էլ մի ամաչեք խնդրել, որ ձեզ համար կրկնեն այն, ինչը չեք հասկացել․ չէ՞ որ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համար սովորաբար ավելի դժվար է արտահայտվելը, քան տեղեկույթն ընկալելը։
Մի խղճացեք Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց
Պետք չէ Դաունի համախտանիշով ծնված մարդուն ընկալել որպես անլիարժեք մեկի, որը չի կարողանում ապրել սովորական կյանքով։ Խղճահարությունն այն չէ, ինչ նրանք ուզում են։ Նրանք ուզում են այն նույն բաները, ինչ, օրինակ, դուք՝ ընկերներ, սիրելի մարդ, հետաքրքիր զբաղմունք և այլն։
Նրանք լիովին ընդունակ են հասնել այդ ամենին
Եթե մենք հաճախ ուշադրություն դարձնենք ոչ թե սահմանափակումներին, այլ հնարավորություններին, ապա կնկատենք, որ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ շատ բան են կարողանում, անգամ գործունեության որոշ տեսակներում գերազանցում են քրոմոսոմների ստանդարտ քանակ ունեցող մարդկանց։
Մի մոռացեք ձեր խոսակցի հույզերիու զգացմունքների մասին
Մի մտածեք, թե Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ միշտ երջանիկ են։ Այդ միֆ է, որը ձևավորվել է, որովհետև Դաունի համախտանիշ ունեցող երեխաները հաճախ են ժպտում այլոց հետ շփվելիս։ Նրանք բոլորի պես կարող են տխրել, վախենալ, ցավ ու վիրավորանք զգալ։ Մարդկանց հատուկ բոլոր հույզերը հասու են նաև նրանց։
Պետք է այդ մասին իմանալ նրանց հետ շփվելիք, քանի որ նրանք շատ խոցելի են։ Խնայեք նրանց ապրումները, սակայն ազնիվ եղեք, քանի որ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ անմիջապես զգում են կեղծիքն ու թաքնված ագրեսիան։
Մի ամաչեք մեծերի հետ մեծական թեմաներով խոսելուց
Եթե մարդը Դաունի համախտանիշ ունի, չի նշանակում, որ նա մտածում է և աշխարհն ընկալում երեխայի պես։ Հասուն կյանքի բոլոր ուրախություններն ու տխրությունները հասու են նաև նրանց։ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ, օրինակ, կարող են սիրով զբաղվել և սեքսուալ պատկերներ երևակայել ի հեճուկս տարածված այն կարծիքի, որ նրանց համար կյանքի այդ ոլորտը փակ է։
«Մեծական» հումորը նույնպես լավ են ընկալում և կարող են անգամ ձեզ հավասար սրամտել այդ թեմաներով։ Այնպես որ մի տրվեք կարծրատիպերին և հավասարը հավասարի պես խոսեք Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց հետ։ Չկա այնպիսի մի թեմա, որը հասանելի չէ նրանց։
Հարգեք ձեր խոսակցին
Ուշադիր եղեք ձեզ ասվածի հանդեպ, մի ընդհատեք և մի շտապեցրեք խոսակցին, եթե նա դժվարանում է արտահայտել իր մտքերը։ Բացի այն, որ այդ ուղղակի անշնորհքություն է, նաև հավելյալ դժվարություններ է ստեղծում նրա համար։
Նա առանց այն էլ դժվարանում է բառերով արտահայտվել, ձեր անհամբերությամբ ու չհարգելով ավելի մի բարդացրեք նրա խնդիրը։
Երբ խոսում եք Դաունի համախտանիշ ունեցող մարդու հետ, փորձեք չշեղվել դեպի այլ գործերը, ձեզ լիովին նվիրեք նրա հետ հաղորդակցվելուն։ Այդ միայն օգուտ կբերի ձեզ երկուսիդ էլ։
Թարգմանությունը՝ Լիլիթ Մուրադյանի Աղբյուրը՝ www.update.com.ua