Շրջապատող աշխարհի մասին պատկերացումների և երեխայի զգայական փորձի ընկալման համար անհրաժեշտ է նրան ներառել տարբեր գործողություններում, որոնցով զբաղվում են ընտանիքի այլ անդամները: Հատակի մաքրումը (շվաբրայով կամ ձեռքով) կարող է նպաստել շարժումների ճշգրտության զարգացմանը: Սպիտակեղենի լվանալն ու քամելը (ձեռքերով), աման լվանալը, գոգաթիակով աղբը հավաքելը կարող են զարգացնել երեխայի գործնական հմտությունները և թույլ տալ նրան ստանալ նոր զգայական հմտություններ: Օգտակար է նաև առաջարկել երեխային խմորից կարկանդակներ պատրաստել, դնել սպիտակեղենը ամանի մեջ, կախել դրանք ամրակների օգնությամբ, աշխատել բանջարանոցում և այլն:
Երեխան կարող է ձեզ օգնել՝ կատարելով անհատական հանձնարարություններ կամ կրկնելով ձեր գործողությունները: Օրինակ, եթե դուք աղցան եք պատրաստում, կարող եք երեխային խնդրել հանել ճաշի ափսեն և դնել սեղանին: Այնուհետև կարող եք տալ նրան մի որևէ անվտանգ պլաստմասե դանակ և առաջարկել նրան ձեզ հետ միասին կտրատել խաշած բանջարեղենները և կանաչին: Երե նրա մոտ ինչ-որ բան չի ստացվում, ցույց տվեք նրան ճիշտ գործողությունները՝ գործի դնելով երեխայի ձեռքերը:
Խնդրանքները, որոնցով դուք դիմում եք երեխային, պետք է լինեն պարզ, բայց միևնույն ժամանակ բազմաբնույթ: Նրա հետ քննարկեք այն, ինչ անում եք: Հատկապես առանձնացրեք և ինտոնացիոն կերպով ընդգծեք էմոցիոնալ պահերը. «Օ՜յ, ջրափոսը» կամ »Օ՜յ, թաց է (տաք է, ծանր է և այլն)»:
Երեխան պետք է սովորի ոչ միայն կատարել առանձին կենցաղային գործեր, այլ նաև պարբերաբար զբաղվել այդ գործով: Անպայման գովեք նրան այն ամենի համար, ինչը արել է, նույնիսկ՝ ձեզ օգնելու փորձի: Մեկնաբանելով ձեր և երեխայի գործողությունները՝ կարող եք կրկնել և՛ չափսը, և՛ գույնը, և՛ առարկայի այլ հատկանիշները (ծանր, սառը և այլն): Դուք կարող եք երեխային գուլպաների զույգերի միջոցով հաշվել սովորեցնել՝ լվացքից հետո դրանք սեղանին շարելով: Սովորաբար փոքր երեխաները հաճույքով են օգնում իրենց ծնողներին կենցաղային գործերում. հետագայում երեխային դրան ընտելացնելն ավելի դժվար է:
Տ․ Դ․ Մեդվեդևա «Դաունի համախտանիշով երեխաների ճանաչողական գործունեության զարգացումը»
Ռուսերենից թարգմանեցին ՝ Գրիգորյան Անի
Գրիգորյան Վալյա