Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ինչո՞ւ են նորածինները լաց լինում

Երեխաներից շատերը հաճախ լալիս են, և մայրիկն ամեն անգամ պիտի հասկանա, թե ինչ անել՝ հանգստացնել, կերակրել, սպասել, միգուցե նրան վտանգ է սպառնում և անհապաղ օգնություն է անհրաժեշտ: Նորածնի լացն այն միջոցն է, որի շնորհիվ նա կարող է ինչ-որ բան հաղորդել իր զգացումների մասին այն մարդկանց, ովքեր հոգ են տանում իր մասին: Նորածինը դեռևս մտքեր չունի, բայց ունի բազում անհանգստություններ՝ և՛ լավ, և՛ վատ: Նա դեռևս չի խոսում, բայց ունի մարմին և ձայն, որն էլ նրա շփման միջոցն է: Դրան գումարվում են դիմախաղը, ժեստերը և լացը:

Եվ այսպես՝ նորածնի լացը կարող է հնչել որպես ահազանգ այն մասին, որ երեխան ցավող տեղ ունի, կարող է նաև անհանգստության, զայրույթի, տխրության կամ վշտի արտահայտում լինել: Բացի այդ, լացը կարող է լինել բնական անհրաժեշտություն՝ «ամբողջ կրծքով շնչել», «կարգավորել թոքերը» և բարձր բղավել: Վերջինի դեպքում մենք գործ ունենք լաց-բավականության հետ, որն ավելի շուտ բղավոց է հիշեցնում: Երեխան կարծես ինքն էլ է զարմացած իր մարմնի հնարավորություններից և արձագանքում է բղավոցով:

Ցավ – Մեզնից յուրաքանչյուրն առանց դժվարության տարբերակում է մանկական ցավի լացը, որը բնությունից տրված է փոքրիկին, որպեսզի նա հաղորդի, որ ինքը վտանգի մեջ է և ձեր օգնության կարիքն ունի: Երբ կրծքի երեխան ցավ է զգում, նա գոռում է զիլ և սուր ձայնով: Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ նա տարբեր եղանակներով ցույց է տալիս, թե ինչն է իրեն անհանգստացնում: Օրինակ՝ փորացավի դեպքում նա բարձրացնում է ոտքերը և սեղմում փորին, եթե ականջն է ցավում, ձեռքով տրորում է ականջը, եթե նրան անհանգստացնում է վառ լույսը, ապա նա թեքում է գլուխը և այլն:

Քաղց – Սա նույնպես նորածնի համար ցավի աղբյուր է: Մեծանալով՝ մենք չենք զգում այդ ցավը, որ զգացել ենք մանուկ հասակում: Մայրերին դուր է գալիս, երբ երեխաներն ուտում են մեծ ախորժակով, երբ նրանց ախորժակը գրգռվում է սննդի հոտից: Գիտենք, որ սոված երեխան բարձր ճչում է՝ պահանջելով հագեցնել իր քաղցը: Ախորժակը գրգռվում է, և հենց այդ պահին նա «քաղցի ցավ» է զգում և արտահայտում դա բղավոցով ու լացով: Կերակրումից հետո դրան փոխարինում է բավարարվածությունը, և ցավն իսկույն մոռացվում է: Գոյություն ունեն ցավագին լացի տարբեր դրսևորումներ, որոնց անվանում են լաց-կանխազգացում, և այդ լացը նշանակում է, որ երեխան արդեն ինչ-որ բան սովորել է: Նա հիմա գիտի, որ որոշակի իրավիճակներում նա զգում է ցավագին անհարմարություն, օրինակ՝ նա հիշում է և գիտի, որ երբ հանում են նրա շորերը, նա ստիպված է լինում բաժանվել իրեն պարուրող տաքից, և դա նրա մոտ առաջացնում է անապահովության զգացում: Հաճախ նորածինները լալիս են, երբ թրջել են տակդիրը: Սա վկայում է այն մասին, որ նրան ոչ միայն դուր չի գալիս այն, որ ինքը մաքուր չէ, այլև նա կանխազգում է, որ կներխուժեն իր տաքուկ և հարմարավետ միջավայրը, որովհետև փորձը ցույց է տվել, որ շուտով նրա հագուստը կհանեն, նրան կշրջեն, և նա կզրկվի իր հարմարավետությունից և ապահովությունից՝ ստիպված լինելով վերապրել բոլոր անհարմարությունները:

Նախկինում վերապրած ցավը կարող է վախեցնել փոքրիկին, և նա լաց կլինի, քանի որ այժմ վախենում է ինչ-որ սուր ցավագին զգացողության կրկնությունից, որը նա հիշում է: Փոքրիկի լացը կարող է լինել վախից, որը նրան հիշեցրել է նախորդ վախի մասին:

Զայրույթ – Որքան էլ ջանաք, միևնույն է՝ երբեմն դուք պիտի հիասթափեցնեք ձեր փոքրիկին, և այդ ժամանակ նա զայրությով կբղավի: Զայրույթով լացը նշանակում է, որ փոքրիկը ձեզ վստահում է և պահանջում իրեն տալ այն, ինչ ինքն է ցանկանում: Փոքրիկները, ովքեր կորցրել են ծնողների հանդեպ հավատը, չեն զայրանում, նրանք ուղղակի «դադարում են ցանկանալուց», կամ լուռ և դժգոհ նվնվում են, իսկ երբեմն էլ կարող են գլխով հարվածել բարձին, մահճակալին, նույնիսկ հատակին կամ գտնել սեփական մարմնի օգտագործման այլ տարբերակ, որ ինչ-որ կերպ սփոփեն իրենց: Երբեմն երեխաներին նույնիսկ օգտակար է զայրույթը զգալ իր ողջ ծավալով: Զայրույթի պահին երեխան անպաշտպան չէ, նա բղավում է, ակտիվորեն շարժում ձեռքերն ու ոտքերը, կարող է վեր ցատկել և ճոճել մահճակալը: Նա կարող է կծել, թքել, երբեմն նրա մոտ կարող է փսխում առաջանալ, կարող է զիլ ձայնով վժժալ, պառկել հատակին և ցնցել ձեռքերն ու ոտքերը, կարող է նաև շունչը պահել ու գլորվել: Մի քանի րոպեի ընթացքում երեխայի զայրույթը իրապես մտադրված է ոչնչացնել ամեն ինչ ու ամենքին, և նրա համար կարևոր չէ, որ այս դեպքում նա կարող է ոչնչացնել ինքն իրեն: Միևնույն ժամանակ, երբ փոքրիկը զայրացած բղավում է, իսկ շրջապատող մարդիկ հանգիստ են, անվնաս, ապա նա հնարավորություն է ստանում հասկանալու, որ իրեն պատող անհանգստությունը չի համընկնում իրականության հետ, որ երևակայությունն ու փաստը, չնայած, որ հավասարապես կարևոր են, տարբերվում են իրարից: Հիշեք, որ զայրացած փոքրիկն անհատականություն է, նա գիտի, թե ինչ է ուզում և աշխատում է ամեն գնով ստանալ: Իր վերապրած ցավից ու զայրույթից դաս քաղելով՝ փոքրիկը վաղ թե ուշ կհասկանա, որ ուրիշները նույնպես կարող են բարկանալ և ցավ ապրել: Հետևեք ձեր փոքրիկին և շատ հետաքրքիր բաներ կհայտնաբերեք, մասնավորապես այն, որ նա կարող է դիտավորյալ ձեզ ցավ պատճառել: Դրան ըմբռնումով վերաբերվեք: Հենվելով ձեր կամքի և բարյացկամության վրա՝ փոքրիկին օգնեք հաղթահարելու զայրույթի պահերը, չէ՞ որ դա նրա յուրահատուկ անհատականության մի մասն է, և նրա շփումը աշխարհի հետ:

Վիշտ – Վիշտն ու տխրությունը նկարագրելու անհրաժեշտություն չկա. դրանք մեզ բոլորիս են հայտնի: Նորածնի զգացմունքները շատ անկեղծ են, կոնկրետ, միանշանակ և ուժգին: Մեծանալով՝ մենք սովորում ենք պաշտպանվել նմանօրինակ ուժգնության ապրումներից: Ի տարբերություն նորածինների՝ մեծերն օրվա ցանկացած ժամի պատրաստ չեն վշտի զգացողության: Որոշ մարդիկ նույնիսկ այնպիսի պաշտպանողական պատ են մշակում, որ չեն կարողանում հաղթահարել խոր ապրումների հետ կապված ցանկացած զգացողություն: Այդպիսի մարդիկ, օրինակ, չեն խիզախում նույնիսկ սիրել ինչ-որ մեկի: Իհարկե, նրանք շատ բան են կորցնում ռիսկի չգնալով, բայց միևնույն ժամանակ իրենց ապահովագրում են վշտից, որը կարող էին ապրել, եթե, օրինակ, ինչ-որ բան պատահեր իրենց սիրելիին: Տխուր ֆիլմերը ստիպում են նրանց հուզվել, և դա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ նրանք վերջնականապես չեն կորցրել վշտանալու կարողությունը: Մեծերը չեն կարող հիշել իրենց վաղ մանկական տարիքի վշտերը: Ավելին՝ նրանք դժվարությամբ կհավատան, որ իրենք էլ են այդ ամենը վերապրել և պետք է կարեկցանք ցուցաբերել վշտացող երեխայի հանդեպ:

Փորձենք հասկանալ տխուր լացի իմաստը և խոսենք այն մասին, թե ինչ պետք է անել, եթե այդպիսի լաց լսենք: Տխուր լացի արտահայտությունը նորածնի մոտ վկայում է, որ նրա հույզերն արդեն ավելի հստակ են: Ինչպես զայրույթի, այնպես էլ տխրության դրսևորումը միանգամայն բնական է, և դուք հազիվ թե կարողանաք դադարեցնել տխուր լացը: Ինչպես պետք չէ միջամտել երեխայի զայրույթի դրսևորմանը, այնպես էլ պետք չէ նրան խանգարել տխրել: Բայց պետք է հիշել, որ եթե զայրույթը դժգոհության անմիջական արձագանքն է, ապա տխրությունն ավելի բարդ պրոցեսների արտացոլումն է նորածնի գիտակցության մեջ: Վշտանալն ապացույցն է այն բանի, որ երեխայի զգացական աճի մեջ առաջընթաց կա, նրանում ի հայտ են գալիս ավելի նուրբ և ավելի սրված զգացմունքեր: Շատ լավ է, երբ մայրը հասկանում է այդպիսի ապրումների ազդեցությունը երեխայի վրա:

Ցանկացած ծնող ուրախանում է, երբ իր երեխան ասում է «շնորհակալություն» կամ «ներողություն», բայց չի կարելի մոռանալ և այն, որ մանկական տխուր լացն իրենից ներկայացնում է հենց անկեղծ արտահայտված երախտագիտության և զղջման սկզբնական տարբերակը: Վշտահար երեխային պետք է անպայման գրկել ու գուրգուրել՝ նրա հետ կիսելով զգացմունքները: Միակ բանը, որ ծնողները չպետք է անեն այդ պահին, երեխային «ուրախացնելն» է, վեր նետելը, խուտուտ տալը և ամեն կերպ տխրությունից շեղելը: Փոքրիկին ժամանակ է պետք իր տխրությունը փարատելու համար, պետք է որոշ ժամանակ հեռու մնալ նրանից, բայց, այդուհանդերձ, նա պետք է հասկանա և զգա, որ դուք առաջվա պես սիրում եք իրեն:

Համեմատենք տխուր լացը լացի այլ ձևերի հետ, և կարելի է ասել, որ քաղցի ու ցավի լացը կարող է արտահայտվել ցանկացած պահի՝ երեխայի կյանքի առաջին վայրկյաններից սկսած: Զայրացած լացն առաջանում է, երբ նորածինը փորձ է ձեռք բերում, վախի լացը ցույց է տալիս ցավին սպասելը, նշանակում է, որ նորածնի մոտ սկսել են դրսևորվել որոշ գաղափարներ, իսկ տխուր լացը խոսում է երեխայի մոտ բարդ զգացմունքային ապրումների մասին:

Կարիք չկա փոքրիկին թույլ չտալու, որպեսզի լաց լինի, ավելի լավ է հասկանալ լացի հնարավոր պատճառները և նրան օգնել՝ հաղթահարելու այդ դժվարին պահերը:

Լացի ևս մեկ տեսակ կա՝ հուսալքման լաց: Հենց այս կերպ է լացում փոքրիկը, որը հույս չունի: Այդպիսի հուսախաբ լացի ձայն կարելի է լսել հատուկ հաստատություններում, որտեղ նորածիններն ապրում են առանց մայրիկի: Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որպեսզի ձեր ընտանիքում երբեք այդպիսի լաց չլսվի, բայց, այնուամենայնիվ, եթե դուք երբևէ լսեք այն, ապա դա ազդակ է, որ իրադրությունը դուրս է եկել վերահսկողությունից, և մասնագետի խորհրդատվություն է անհրաժեշտ:

Այն փաստը, որ դուք պատրաստ եք նվիրվել ձեր փոքրիկի հոգածությանը, նշանակում է, որ նրա բախտը բերել է: Եթե ձեր հարաբերությունները հաստատուն են և անխախտ, նորածինը կարող է հաջողությամբ առաջադիմել՝ լացի միջոցով ձեզ հաղորդելով, թե երբ է քաղցած, բարկացած, անհանգիստ կամ վախեցած, երբ է ուզում հանգստանալ, երբ է տխրում: Եղեք նրա կողքին, սովորեք հասկանալ, թե ինչ է նա ձեզ հաղորդում և կարեկցեք նրան:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.