Վերելակի դուռը բացվում է, Տիգրանը հրավիրում է ներս, ու մինչեւ ամենավերեւի՝ 10-րդ հարկ հասնելը, ծանոթանում ենք։ Տիգրանը մեզ ուղեկցում է հյուրասենյակ, ինքը՝ շտապում ննջարան։ Մոտ 10 րոպեից դուրս է գալիս հագած-կապած, խիստ ներկայանալի տեսքով։
– Տե՞ղ ես գնում,- հարցնում է պապիկը։
– Չէ, հարցազրույցի եմ պատրաստվում։ Սիրում եմ, որ ինձնից հարցազրույց են վերցնում, ինձ աստղ եմ զգում, գործունեություն եմ ծավալում,- ոգեւորվում է Տիգրանը, որը դաունի համախտանիշ ունի։
Փորձառությունը հուշում է, որ պետք է ձեռքբերումների մասին խոսել։ Ու Տիգրանը սկսում է ներկայացնել լողի ու ֆուտբոլի մրցումների, մերսման դասընթացի պատվոգրերն ու շնորհակալագրերը, Պետական տեխնոլոգիական քոլեջի դիպլոմը։
Սրանք հետաքրքրասեր ու մշտապես նոր զբաղմունքներ փնտրող Տիգրանի հաջողությունների միակ վկայությունը չեն։ 24-ամյա տղան նաեւ վարսավիրություն, դիմահարդարում է սովորել, խոհարարություն փորձել, բայց կիսատ է թողել։
«Դանակ գործածելու հետ խնդիր ունեմ, չեմ կարողանում կտրել։ Մազեր էլ չեմ կտրում, բայց ներկում, հարդարում եմ։ Իմ կլիենտը մորաքույրս է»։
Սիրով կզբաղվեր այս բոլոր մասնագիտություններով, եթե աշխատանք չունենար։ Բայց Տիգրանը ձեռքերը ծալած չի նստում։ «Սովորեցրու ինձ ավելին» կենտրոնում հատուկ մանկավարժի օգնական է։
Կենտրոնից Շենգավիթ շաբաթը երկու օր Տիգրանը հասնում է մետրոյով։ Ուղիղ 4-ին պիտի աշխատավայրում լինի, «տնօրենս չբարկանա»,- ասում է։ Աուտիզմ, զարգացման հապաղումներ ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին Տիգրանն օգնում է գույներն ու երկրաչափական պատկերները սովորել։
Աշխատանքը Տիգրանին դուր է գալիս։ Ցանկանում է բարձրագույն կրթություն ստանալ ու հատուկ մանկավարժությամբ զբաղվել։
Տիգրանը հանրակրթական դպրոց է գնացել։ Ասում է, որ սովորելու ընթացքը դժվար էր, հատկապես՝ ռուսերենը, բայց ուսման տարիները «բուռն էին»։ Այս բառը Տիգրանը հաճախ է օգտագործում՝ բնորոշելով տարբեր ոլորտներում իր գործունեությունը։
Մի քանի տարի առաջ նկարահանվեց հեռուստասերիալներից մեկում ու անմիջապես դարձավ հայտնի։
«Դրանից հետո ինձ ասում էին՝ կինոյի միջի էրեխեն, ուզում էին նկարվել հետս։ Ես ոգեւորությամբ էի անում այդ ամենը»։
7-8 տարեկան էր, երբ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող մի կազմակերպությունից եկան դպրոց ու հարցրին՝ ո՞վ կուզենա զբաղվել լողով։ Տիգրանն առաջիններից էր, որ ձեռք բարձրացրեց։
Հիմա տան երեւացող հատվածում նրա մեդալներն են՝ 2 ոսկե եւ 1 արծաթե։ Հատուկ օլիմպիական խաղերին 3 անգամ ներկայացրել է Հայաստանը։
«Որ գալիս էի Երեւան, ինձ ծափահարություններով, ծաղիկներով, փուչիկներով էին դիմավորում։ Իմ շրջապատում բոլորը գիտեին, որ ես հաղթանակով եմ գալիս»։
Խաղերը Չինաստանում, Հունաստանում ու Միացյալ Նահանգներում են անցկացվել։ Տիգրանը մենակ է ճամփորդել։ Հատկապես Ամերիկան է դուր եկել նրան. գազավորված խմիչքներն անսահմանափակ էին։
«Ընենց հաճելի, հավես ա ինքնաթիռով ճամփորդելը։ Նկարվում ու միանգամից՝ ֆեյսբուք։ Ինստագրամում, թվիթերում էլ կամ։ Իմ ծավալած գործունեության մասին հոդվածներ, ձայնագրություններ եմ դնում, իմ երկրպագուհիները կարդում են։ Շատ հետեւորդներ ունեմ, արդեն չեմ կարող ասել քանիսն են»։
Զբաղվածության պատճառով լողի պարապմունքներն աչքաթող էր արել, հիմա նորից վերականգնել է. սպորտը թողնել չի ուզում։ Ջրում իրեն ձկան նման է զգում։
«Ամեն ինչ փոխվեց այդ հաղթանակներից հետո, ավելի վստահ եմ դարձել։ Իմ հաղթանակներով մայրիկիս շատ էի ոգեւորում, ես էլ էի ոգեւորվում։ Ես իրա հպարտությունն էի,- Տիգրանի ժպիտն անհետանում է, դեմքը ձգվում է, խոսքը ցրված է դառնում։- Աստված օրհնի մամայիս, ցավոք, ինքը չկա»,- շարունակում է խաչակնքվելով։
«Մինչեւ հիմա էլ մայրիկի հպարտությունն ես, մի՛շտ, ու ոչ մենակ մամայի»,- միջամտում է մորաքույրը՝ Իռենը։
Այո, քոնն էլ հետը»,- համաձայնում է։
Տիգրանի մայրը մոտ երկու երկու ամիս առաջ է մահացել, հայրը՝ շատ ավելի վաղուց, ինքը դեռ փոքր էր։ Հիմա նա պապիկի ու մորաքրոջ հետ է ապրում, նրանց ուրախությունն է։
«Ես կուզենայի, որ եթե երեխան ունենա հիվանդություն, ծնողները չհրաժարվեն նրանից, ապրեն իրենց երեխաների հետ, չգցեն մանկատուն կամ օժանդակ դպրոց, պահեն իրենց կողքին։ Ես կուզենամ մանկատներն ու ծերանոցները փակվեն»։
Մինչ նյութը պատրաստում էինք հրապարակման, Տիգրանի մորաքույրն է զանգում. «Նորություն ունենք, Տիգրանը որոշել է մատուցող դառնալ, փորձաշրջան է անցնում»։
Կենտրոնի սրճարաններից մեկի սեփականատերը Տիգրանին առաջարկել է մատուցող աշխատել։ Հիմա անհրաժեշտ հմտություններ է ձեռք բերում։
«Մարդիկ բարյացակամ են, ինձ շատ են սիրում»,- նոր աշխատանքից տպավորություններն է ամփոփում Տիգրանը։
Նոր ու հետաքրքիր բաներ սովորելու միտքը 24-ամյա երիտասարդին գրավում է, հնարավորությունը բաց չի թողնում։ Չի մոռանում նաեւ բարձրագույն կրթություն ստանալու երազանքի ու սպորտով զբաղվելու հեռանկարի մասին։ Ինչ էլ անի, նպատակը մեկն է։
«Ես կուզենամ իմ աշխատանքով ինձ ճանաչող մարդկանց ապացուցել՝ արեւի լույսն եմ ես։ Մայրիկս էր էդպես դիմում»։
Աղբյուրը՝ www.mediamax.am
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Մեկնաբանությունները անջատված են։