Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Կարծրատիպեր կոտրող կրակ Մհերը

«Ես ոչ թե արև Մհեր եմ, այլ կրակ Մհեր»,- այսպես է բնութագրում իրեն Դաունի համախտանիշ ունեցող 28-ամյա Մհեր Մինասյանը, որ օրեր առաջ իր մայրիկի՝ տիկին Մաիրետտայի հետ Հայաստան էր ժամանել Մինսկ քաղաքից: Հայրենիք գալով՝ Մհերը շտապել էր այցելել իր ընկերներին՝ «Արև-երեխաներ» ՀԿ-ի արևներին, որոնց հետ հասցրել էր ծանոթանալ և ընկերանալ անցյալ տարի՝ ամռանը: Մհերը մեծ ուրախություն պատճառեց իր ընկերներին և նրանց ծնողներին՝ սինթեզատորի վրա նվագելով իր սիրելի գործերը:

Ամեն անգամ Հայաստան գալիս Մհերը մեծ ուրախություն է ապրում: Նա ծնվել է Երևանում և երեք տարեկան հասակում իր ընտանիքի հետ, բնակություն հաստատելու նպատակով, տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, ապա՝ Բելառուսիա: Տասը տարեկան հասակում Մհերը իր մայրիկի շնորհիվ բացահայտել է իր երաժշտական ունակությունը: «Ես Մհերին դաստիարակել ու կրթել եմ այնպես, ինչպես իմ մյուս երկու զակակներին: Մտածում էի, եթե իմ մյուս զավակները կարող են, ապա Մհերը ինչու չի կարող: Մի օր երաժշտության մանկավարժին խնդրեցի, որ ստուգի Մհերի երաժշտական ունակությունը և օր օրի Մհերը սկսեց առաջադիմել նվագելու մեջ՝ երբեմն զարմացնելով նաև իր մանկավարժին»,- ասաց տիկին Մարիետտան: Մհերը դասական բարդ գործեր է նվագում և առ այսօր Բելառուսիայի մի շարք քաղաքներում փառատոնների մասնակցելով՝ մեծ հիացմունք է պատճառում իր ունկնդիրներին: Ավելի ուշ՝ տասնութ տարեկան հասակում, Մհերը բացահայտեց աստվածատուր իր մյուս շնորհը. նա, հաճախելով Մինսկ քաղաքի «Արև-երեխաներ» թատերական ստուդիա, սկսեց հանդես գալ թատերական ներկայացումներով և պարային բեմադրություններով՝ մասնակցելով Բելառուսիայում և նրա սահմաններից դուրս անցկացվող փառատոններին: Մհերը նաև հայկական ազգային պարերի սիրահար է և հասցրել է մի քանի պար սովորել:

Բազմաթիվ կարծրատիպեր կոտրող կրակ Մհերը հինգ տարի առաջ կոտրեց ևս մի կարծրատիպ. նա Մինսկում ապրող Դաունի համախտանիշ ունեցող այն եզակի անձն էր, որ պաշտոնական աշխատանքի անցավ: «Ռենեսանս» հյուրանոցային համալիրի խոհանցում աշխատելով՝ նա արժանացել է լավագույն աշխատակից շնորհակալագրին: Երեք տարի աշխատելուց հետո նա ստիպված եղավ աշխատանքից դուրս գալ` օֆտալմոլոգիական լուրջ վիրահատության ենթարկվելու պատճառով: Այժմ նա, նոր աշխատանք գտնելու նպատակով, համակարգչային ծրագրեր է ուսումնասիրում:

«Արև երեխաների որևէ առաջընթացի մեջ կարևոր և անփոխարինելի լումա ունեն նրանց ծնողները: Ծնողներիս համատեղ գործունեության արդյունքում ենք գրանցում այն հաջողությունները, որ ունենում են մեր արևները»,- ասաց տիկին Մարիետտան: Նպատակասլաց Մհերը նպատակ ունի իրականություն դարձնել ևս երկու երազանք. նա ցանկանում է ֆիլմում նկարահանվել և ընտանիք կազմել: Կրակ Մհերն իրապես կրակի կտոր է. նա օր օրի առաջադիմում է իր նախասիրությունների մեջ և օր օրի կարծրատիպեր կոտրում՝ այն վառ օրինակը հանդիսանալով, որ Դաունի համախտանիշ ունեցող անձը կարող է սոցիալացվել և հանրության լիարժեք անդամ դառնալ:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.