Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Կերակրում

Նորածնի հետ ամենատպավորիչ վաղ շփումը կերակրումն է: Փոքրիկ մարդուկի համար հեշտ չէ ղեկավարել իր զգացմունքները, որ առաջանում են այդ պահերին: Դուք, իհարկե, ճանաչում եք ձեր փոքրիկին երկու իրավիճակում՝ երբ նա բավարարված է ու քիչ թե շատ հանգիստ, և երբ գրգռված թափահարում է ձեռքերն ու ոտքերը, բղավում կամ նվնվում: Որպես կանոն՝ սկզբնական շրջանում երեխան շատ է քնում, բայց կան երեխաներ, որ համարյա երբեք բավարարված չեն զգում և նույնիսկ կերակրելուց հետո էլ կարող են երկար ժամանակ լաց լինել, դժվարությամբ քնել և անընդհատ արթնանալ: Այդպիսի փոքրիկների հետ դժվար է ջերմ շփման գնալ, բայց, այնուամենայնիվ, դա անհրաժեշտ է: Հնարավոր է այդ ուղղությամբ արդյունքի հասնել երեխային լողացնելու ընթացքում:

Երեխայի ծննդյան օրվանից զրուցեք նրա հետ. նա դրա կարիքը ունի: Եթե փոքրիկը լաց է լինում, իսկ դուք նրան քնքուշ, կարեկցող ձայնով ասում եք. «Դե ինչ, անուշս, վա՞տ ես զգում, ի՞նչն է քեզ անհանգստացնում» կամ նման այլ խոսքեր, որ արտահայտում են ձեր երեխայի վիճակը, ապա նրան օգնում եք ավելի լավ ու թեթև զգալ:

Աշխատեք զգալ ձեր երեխային և՛ հանգիստ, և՛ գրգռված վիճակում, քանի որ նա ձեր օգնության կարիքն ունի, որպեսզի սովորի վարժվել քնից արթնություն անցումին և սովի զգացումը հաղթահարելուն: Ոչ մի երեխա չի ծնվում այն ցանկությամբ, որպեսզի իրեն կերակրեն երեք ժամը մեկ, ընդհակառակը՝ նա սպասում է, որ իրեն կկերակրեն այն ժամանակ, երբ կսովածանա: Սկզբնական շրջանում կարելի է կերակրել առանց կարգացուցակի՝ ըստ նրա պահանջի, մինչև կսովորեք և՛ ձեզ, և՛ նրան հարմար ռեժիմի: Մայրը գիտի, թե երբ է իր երեխան քաղցած, և եթե նա որոշում է փոքր ինչ ուշ կերակրել նրան, ապա պետք է ինչ-որ կերպ բացատրի, հասկացնի երեխային, որ հասկանում է նրա պահանջը: Երեխան սովն ընկալում է որպես իրեն սպառնացող վտանգ: Կերակրմանը պատրաստվելով՝ մայրիկը որոշակի գործողություններ է անում, և փոքրիկն զգում է, որ շուտով կհասնի քաղցը հագեցնելու պահը: Այդ ընթացքում նորածնի մոտ ակտիվանում է թքարտադրությունը, նա գրգռվում է և սկսում կատարել ծծելու գործողություն: Կերակրման ժամանակ սննդի հանդեպ երեխայի պահանջները բավարարվում են, և նա մեծ բավականություն է ապրում:

Բոլորին հայտնի է, որ երեխայի համար ամենաթանկ բանը մայրական կաթն է: Եթե անգամ դուք ստիպված եք նրան շշով կերակրել, ապա, միևնույն է, պետք է հնարավորինս լիարժեք պահպանել կրծքով կերակրելու յուրահատկությունները, որի ընթացքում մայրը զգում է երեխային, նրա հանգստանալը, լարվածության թուլանալը՝ թեկուզ միայն էմոցիոնալ շփման հաճույքը վայելելու համար:

Արհեստական կերակրման ժամանակ շատ կարևոր է պահպանել կրծքով կերակրման դիրքը, այսինքն՝ հարմար նստել, երեխային վերցնել ձեռքերի վրա, ինչպես դա անում են կրծքով կերակրելիս, երեխային շրջել դեմքով դեպի ձեզ և անպայման նայել նրան՝ պահելով տեսողական կոնտակտը: Այդպիսի պահերը մոր և

երեխայի կյանքի հիասքանչ պահերն են, իսկ եթե մայրիկը հանգիստ է ու թուլացած, ապա երեխայի մարսողությունն ընթանում է առանց բարդությունների: Այդպես, սակայն, ոչ միշտ է լինում. երբեմն մայրիկը լարված է լինում, ինչը փոխանցվում է փոքրիկին: Նա անհանգիստ է, թնկթնկում է և լացով շրջվում կրծքից կամ շշից. այստեղ է, որ անհրաժեշտ է համբերությամբ զինվել, որպեսզի փոքրիկը հագեցնի քաղցը: Կարելի է երեխային ավելի հաճախակի մոտեցնել շշին կամ կրծքին և ստեղծել հանգիստ միջավայր մայրիկի ու երեխայի համար: Երեխան ուտելուց հետո կարող է բխկալ, ինչը նորմալ երևույթ է, և մայրիկը պարզապես պետք է օգնի նրան:

Ծննդյան պահից փոքրիկը շատ է գնահատում մայրիկի ներկայությունը և բերկրանքի զգացումը, երբ իր համար ինչ-որ բան է արվում: Դա նրան հնարավորություն է տալիս հասկանալու, որ այդ արարքի հետևում կանգնած է ուրիշ մարդկային էակ: Նորածինն ու մայրն ամուր կապերով կապված են միմյանց, և մայրիկն օժտված է հատուկ ունակությամբ «իրեն փոքրիկի տեղը դնելու», որի շնորհիվ կարող է հասկանալ, թե ինչ է երեխան զգում:

Ոչ մի ցուցում չի կարող սովորեցնել, թե մայրը իր երեխայի հանդեպ ինչ պետք է զգա, բայց հենց այդ զգացողությունն է նրան թույլ տալիս վայելելու մայրական բերկրանքը, լիացնում է նրան և հնարավորություն տալիս հարմարվելու երեխայի հետաքրքրություններին:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *