Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Մանկապարտեզ

Հնարավոր է, որ դուք արդեն ուշադրություն եք դարձրել, որ այժմ մանկական կոլեկտիվներում ավելի հաճախ են հանդիպում Դաունի համախտանիշ ունեցող երեխաներ: Առաջներում նրանք ավելի շատ տանն էին լինում, կամ հատուկ մասնագիտացված մանկական հաստատություններում, մինչ այդ ընթացքում իրենց «սովորական» հասակակիցները հաճախում էին սովորական մանկապարտեզներ: Երեխաների այդ անարդար մեկուսացումը լիարժեք սոցիալական միջավայրից, որում մեծանալը շատ կարևոր է ցանկացած երեխայի համար, ծնում էր բազմաթիվ անցանկալի հետևանքներ: Երեխաները հնարավորություն չէին ունենում ձեռք բերելու սոցիալական կյանքի համար այդքան կարևոր փորձը, նրանք չէին կարողանում շփվել հասակակիցների հետ, հնարավորություն չէին ունենում հարմարվելու հասարակության մեջ, քանի որ այս ամենի համար անհրաժեշտ է ամենօրյա փորձ: Նրանց համար դժվար էր հասուն և ինքնուրույն լինել: Դժվար է մեծանալ, երբ անընդհատ շրջապատված ես մեծերով, որոնց համար դու միշտ փոքր ես և անպաշտպան: Այս ամենով հանդերձ՝ եղել են եզակի դեպքեր, երբ Դաունի համախտանիշ ունեցող երեխան մեծացել է սովորական սոցիալական միջավայրում, և արդյունքները ցույց են տվել, թե ի՜նչ լայն հնարավորություններ ունեն այդպիսի երեխաները, թե ի՜նչ հաջողությամբ են նրանք հարմարվում մանկական կոլեկտիվում և գտնում իրենց տեղը: Ցանկացած նոր նախաձեռնություն ուղեկցվում է անհանգստություններով: Երբ առաջին անգամ մանկապարտեզ գալիս է «ոչ սովորական» երեխա, դաստիարակչուհին սկսում է անհանգստանալ՝ ես բավարար փորձ ունե՞մ այդպիսի երեխայի հետ աշխատելու համար: Անհանգստանում են նաև «սովորական երեխաների» ծնողները՝ չի՞ վնասի արդյոք նրանց հանդիպումը, չի՞ խանգարի նա իրենց երեխայի բնականոն զարգացմանը: Անհանգստանում են նաև «ոչ սովորական երեխաների» ծնողները՝ չե՞ն նեղացնի իրենց փոքրիկին, նա կկարողնա՞ հաղթահարել կենցաղային խնդիրներն առանց ծնողական հոգածության, լավ և հարմարավետ կզգա՞ իրեն: Ծնողները հաճախ հակված են իրենց երեխաներին թույլ և խոցելի տեսնելու: Ներկայումս մանկական կոլեկտիվները, վախն ու կազմակերպչական բարդությունները հաղթահարելով, ավելի հաճախ են իրենց կոլեկտիվ ընդունում զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների: Այդ փորձն ավելի հաճախակի է ներառվում առօրյա պրակտիկա: Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ծնողներին անհանգստացնում է մի կողմից երեխային մանկապարտեզ ընդունելու հարցը, մյուս կողմից՝ արդյո՞ք այնտեղ լավ կլինի երեխայի համար: Սովորաբար, երկրորդն ավելի կարևոր է: Աշխատեք հնարավորինս շատ բան իմանալ այն մանկապարտեզի մասին, որտեղ ցանկանում եք ընդունել ձեր երեխային: Անպայման հարցրեք ձեզ. «Որպես ծնող՝ ի՞նչ եմ ես ուզում իմ երեխայի համար: Իմ ցանկություններից ո՞րն է հնարավոր ի կատար ածել այդ մանկական հաստատությունում, որը՝ ոչ: Այդպես հեշտ կլինի խուսափել թյուրիմացությունից և հիասթափությունից:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *