Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Նյութական և հոգևոր ունեցվածքը, որ ունենք՝ մեր սեփականությունը չէ»

Յուրաքանչյուր քրիստոնյա վայելում է Աստծո կողմից իրեն շնորհված պարգևներն ու կարողությունները: Յուրաքանչյուր անձ՝ որպես Աստծո մշակ և տնտես, Աստծո տվածը պետք է Աստծուն վերադարձնի, այսինքն՝ Պետրոս առաքյալի խոսքով. «Յուրաքանչյուրը՝ որպես Աստծո բազմատեսակ պարգևների իսկական տնտես, թող իր ստացած շնորհը մատակարարի ուրիշներին: Խոսելո՞ւ շնորհ ունի. թող մատակարարի Աստծո պատգամները: Ծառայելո՞ւ շնորհ ունի. թող ծառայի, ինչքան Աստված կարողություն է տալիս, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով» (Ա Պետր. 4:10-11):

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, շարունակում է աջակցել այն ընտանիքներին, որտեղ մեծանում են Դաունի համախտանիշ ունեցող երեխաներ: Մարտի 28-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Լևոնյան Վարինկային (41տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր սոցծրագրերի մշտական աջակից, ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Հինգ հոգուց բաղկացած ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Արարատի մարզի ք. Մասիսի 2-րդ թաղ. 22/1 շ. 22 բն. հասցեում: Լևոնյան ընտանիքի երեք զավակներից Սաթենիկը (6տ.) Դաունի համախտանիշ ունի: Արև Սաթենիկը սիրում է նկարել, նա զարգացման կենտրոն, մանկապարտեզ է հաճախել և պատրաստվում է դպրոց գնալ: Ընտանիքի մայրը՝ Վարինկան, նշեց, որ Սաթենիկը վահանաձև գեղձի և տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Վարինկան իր երախտագիտությունը հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին և «Արև-երեխաներ» ՀԿ-ին՝ իր ընտանիքի հանդեպ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:

«Նյութական և հոգևոր ունեցվածքը, որ ունենք՝ մեր սեփականությունը չէ, այլ` Տիրոջ կողմից մեզ վստահված կարողությունն է, որ պարտավոր ենք մեր մերձավորի հետ կիսել, եթե կամենում ենք Տիրոջ գովեստին ու հավիտենական հարստությանն արժանանալ: Նայելով մեր շուրջը՝ կտեսնենք, թե որքան կարիքավորներ կան, որոնց հոգսը կարող ենք թեթևացնել՝ թե՛ հոգևոր և թե՛ նյութական առումով: Անհրաժեշտ է շտապել իմաստությամբ կառավարելու համար մեզ տրված ունեցվածքը, շտապել բարին գործելու և դրանից երբեք չհոգնելու, քանի որ այդ կերպ մեր հարստությունն ենք դիզում երկնքում, քանի որ չգիտենք, թե որն է լինելու մեր վերջին օրն այս աշխարհում»,- ասաց Տեր Գրիգորը:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.