Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» ՀԿ-ի հետ համատեղ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է աջակցել Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Մարտի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Բարսեղյան ընտանիքին, ուր մեծանում է արև Սեյրանը (10 տ.): Սեյրանն իր քրոջ, ծնողների և տատիկի հետ բնակվում է Եղվարդ քաղաքի Շիրակի 4/28 հասցեում: Նա սովորում է Երևանի թիվ 12 հատուկ դպրոցում: Սեյրանը մեկ շաբաթ առաջ ծնոտի բարդ վիրահատություն է անցել, և ինչպես նշեց նրա մայրը՝ Վարդուհի Հարությունյանը (30տ.), երեխան մեկ ամիս հետո կրկին պետք է վիրահատվի: Բարսեղյան ընտանիքը ֆինանսական խնդիրների առջև է կանգնած: «Միայն սկեսուրս է աշխատում, ամուսինս առողջական խնդիրների պատճառով մշտական աշխատանք չունի, իսկ Սեյրանի բուժհետազոտությունների և վիրահատության գումարն ամբողջովին մենք ենք վճարել և դեռ պետք է վճարենք»,- ասաց Վարդուհին:
Տեր Գրիգորի հետ ծանոթացումը մեծ ուրախություն էր պատճառել Սեյրանին, Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (160 000 դրամ), որ տրամադրել էր Ավագյան երիտասարդ ընտանիքը: Բարսեղյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց աջակից Ավագյան ընտանիքին և «Արև-երեխաներ» ՀԿ-ին՝ ուշադրության ու հոգածության համար:
Քրիստոնյայի հոգևոր ուղին ամեն տարի նորոգվում է յուրահատուկ մի ճամփորդությամբ՝ Մեծ պահքի շրջանով: Իսկ պահքի անբաժան ուղեկիցներն են աղոթքն ու ողորմությունը՝ երեք կարևոր առաքինություններ, որ կազմում են հոգևոր կյանքի հիմքը. ողորմությունը օգնում է աղոթքին, պահքը՝ ողորմությանը: «Բարի են աղոթքները պահեցողություններով, ողորմություններով և արդարություններով»,- կարդում ենք Սուրբ Գրքում (Տոբիթ 12:7-8): Մեծագույն բարիք է նման պահեցողությունը, մեծագույն զենք թե՛ արդարի և թե՛ մեղավորի համար: Պահքն առանց ողորմության, առանց բարի գործերի նման է առանց ձեթի կանթեղի: «Դու տվեցիր արծաթ, բայց Ամենակարողի առջև ձեռք բերեցիր համարձակություն»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը:
Կարինե Սուգիկյան