Եթե յուրաքանչյուր ոք ապրի միմիայն իր հետաքրքրությունների շրջանակում, ապա չի աճի ու զորանա Քրիստոսի Մարմինը՝ եկեղեցին, որը իր սուրբ ավազանից ծնվածներին Ս. Հաղորդությամբ ի Քրիստոս է միավորում: Երանելի Թեոփիլակտոս Բուլղարացին ասել է. «Ինչպես մարմնի մեջ հոգին ամեն ինչ կապող և համախմբող սկիզբ է, թեպետ անդամները տարբեր են, այնպեսև հավատացյալների մեջ կա Սուրբ Հոգին, Որը միավորում է ամենքին, թեպետ մենք տարբերվում ենք միմյանցից ծագումով, բարքերով և զբաղումներով»:
Եկեղեցական կյանքից ներս տարբեր հոգևոր շնորհներ ունեցող մարդկանց սիրո միաբանության արդյունքում հնարավոր է դառնում սեր ու ուրախություն սերմանել և կյանքն օր-օրի նորացնել: Հոկտեմբերի 9-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Նալբանդյան Կարինեին (42 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արփի Դալլաքյանը: Կարինեն միայնակ է խնամում իր չորսամյա որդուն՝ Արսենին, ով Դաունի համախտանիշ ունի: Երեխայի ծնունդից հետո ամուսինը լքել է ընտանիքը, և Կարինեն իր որդու հետ տեղափոխվել է իր մայրիկի բնակարան, որ գտնվում է Սիսակյան 2/411 հասցեում: Ընտանիքը ֆինանսական խնդրի առջև է կանգնել: Կարինեն ասաց, որ երեխայի խնամքով զբաղված լինելու պատճառով՝ ինքը չի աշխատում, իսկ իրենց հասանելիք ընտանեկան նպաստի, իր մայրիկին ու երեխային տրամադրվող գումարներով կարողանում են միայն իրենց նվազագույն կարիքները հոգալ: Նա իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:
Քրիստոսահիմն եկեղեցին կատարելության է հասնում իր բոլոր անդամներով, աճում և զորանում է սիրո մեջ, եթե, ինչպես Ս. Պողոս առաքյալն է ասում, Քրիստոսի մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր մաս գործում է ինչպես որ պետք է (Եփես. 4:16):
Կարինե Սուգիկյան