Աստծո հետ հաղորդակցությամբ մարդը բացահայտում է իր պարգևները և գիտակցում, որ արարվել է, որպեսզի Աստծո որդի դառնա: Նա իրապես զգում է այն կապը, որ միավորում է իրեն ու Աստծուն: Քրիստոս հորդորում է յուրաքանչյուրին, որ ուսանեն Իրենից (Մատթ. 11:29): Մեր Տերն Իր կյանքով ցույց տվեց ճշմարիտ կյանքը, և նրանք, ովքեր ընդունեցին այն, սկսեցին ճշմարտապես ապրել: Հնում նկարել սովորող աշակերտներն իրենց ուսուցիչների՝ մեծագույն նկարիչների հետ էին ապրում, որպեսզի ուսանեին նրանց հմտությունը: Այդպես է և քրիստոնեական կյանքը, մարդը ճանաչում է իր Տիրոջը՝ Նրան իր սրտում ընդունելով, Նրան, Ով ասաց. «Եվ ահա Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20): Ճշմարտության ճանապարհով ընթացողի կյանքում աճում է շնորհներից մեծագույնը՝ սերը, որը քրիստոնեական կյանքի պտուղն է:
Շնորհներից մեծագույնի ձգտումն ունեն նրանք, ովքեր եկեղեցու սուրբ հարկից ներս փորձում են, ի փառս Աստծո և հօգուտ մերձավորի, սոցիալական ծրագրեր կյանքի կոչել: Սեպտեմբերի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Հովհաննիսյան Քրիստինեին (37 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Քրիստինեն իր ամուսնու, նրա ծնողների և երեք զավակների հետ բնակվում է ք. Էջմիածնի Զվարթնոց թաղամասի Թորոմոնյան 14 հասցեում: Հովհաննիսյան ընտանիքի կրտսեր զավակը՝ Գրիգորը (3 տ.), Դաունի համախտանիշ ունի: Փոքրիկն արդեն երկու ամիս է, որ հաճախում է Էջմիածնի Հայ Միասնության Խաչի Մաչանենց արտթերապիայի դասարան: Քրիստինեն նշեց, որ միայն ամուսինն է աշխատում, և իրենք դժվարանում են հոգալ իրենց նվազագույն կարիքները: Նա անչափ շնորհակալ էր Վարդանյան ընտանիքին՝ օգնության ձեռք մեկնելու համար:
Կարինե Սուգիկյան