Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՊՐՈՒՄ ԴԱՈՒՆԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ․ ԱՍՏԵՂԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտի 21-ին նշվում է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրը։ Համախտանիշի կրողներին հասարակությունը միշտ էլ չի ընդունել, անգամ 21-րդ դարում նրանք դժվարություններ են ունենում և նրանց սոցիալիզացիայի խնդրի լիարժեք լուծումն էլ դեռ հեռու է, այդուհանդերձ նրանց կյանքի որակն զգալիորեն բարձրացել է։

Դաունի համախտանիշը բնորոշվում է ավելորդ քրոմոսոմի առկայությամբ։ Որքան մեծ է մայրը, այնքան մեծ է այդ համախտանիշով երեխա ունենալու հավանականությունը։

Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ տարբերվում են բնորոշ առանձնահատկություններով և հաճախ ունենում են հարակից հիվանդություններ, օրինակ՝ սրտի արատ, ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ, լսողության և տեսողության խանգարումներ։ Նրանք ավելի դանդաղ են զարգանում, քան այդ համախտանիշը չունեցող երեխաները, և ուսումն էլ դժվար է տրվում, բայց, այդուհանդերձ, նրանք կարող են կրթություն ստանալ և լիարժեք կյանք վարել:

Ստեֆան Գինզ 

Ոչ միայն դերասանուհի, այլև բժշկական գիտությունների դոկտոր։ 1996 թվականին, երբ էկրան բարձրացավ նրա մասնակցությամբ «Դուետ» ֆիլմը, Ստեֆանին կինեմատոգրաֆիայում դարձավ Դաունի համախտանիշ ունեցող առաջին կինը։Հետագայում նա շարունակեց խաղալ թատրոնում, նկարահանվում էր գովազդում և բարձրագույն կրթություն էր ստանում՝ հասնելով դոկտորի աստիճանին։

 Սալլի Ֆիլլիս

«Ես ձեզ հստակ կարող եմ ասել, որ այդպիսի երեխան միայն ուրախություն է բերում,-վստահեցնում է բրիտանացի դերասանուհի Սալլի Ֆիլլիսը, որի ավագ որդին ծնվել է Դաունի համախտանիշով։- Նա փոխել է մեր կյանքը, այլ ուղղություն տվել դրան»։

Հղիության ընթացքում Սալլին կասկած անգամ չուներ, որ երեխան Դաունի համախտանիշով է լույս աշխարհ գալու։ Նա չի էլ զղջում որևէ բանի համար։

«Դաունի համախտանիշով երեխա ունենալը ողբերգություն չէ։ Բոլոր այն գրքերը, որոնք կարդում եք հղիության ընթացքում, Դաունի համախտանիշը ներկայացնում են որպես հնարավոր ամենավատ արդյունք, իսկ այդ այդպես չէ։ Նկատի ունեմ, որ իսկապես շատ հեռու է հնարավոր վատագույն արդյունք լինելուց։ Տղաս հրաշք է։ Նա ընդհանուր դպրոց է գնում, իսկ նրա համադասարանցիների ծնողներն ասում են, որ ուրախ են նրան տեսնել դասարանում։ Նա շատ հայտնի է, կարողանում է խոսել, կարդալ, քայլել, մաթեմատիկա պարապել, համակարգչային խաղեր խաղալ։ Իրականում նա ավելի լավ է հասկանում համակարգչից, քան ես»,-պատմում է Սալլին։

Իրինա Խակամադա 

Դաունի համախտանիշով երեխա ունի նաև Իրինա Խակամադան՝ նախկին քաղաքական գործիչ, հայտնի ռուս գործարար։ Նա որոշել էր երեխա ունենալ 42 տարեկանում, իսկ այդ դեպքում ավելի մեծ է Դաունի համախտանիշով երեխայի լույս աշխարհ գալու հավանականությունը։ Իրինան, ի տարբերություն Սալլի Ֆիլլիսի, նախապես գիտեր, որ իր աղջիկը ծնվելու է Դաունի համախտանիշով և որոշել էր լույս աշխարհ բերել նրան։

Այժմ Մաշան քսան տարեկան է, սիրում է ճամփորդել, զբաղվում է արևելյան պարերով։ Նա ընկեր ունի, Վլադը, որի հետ ծանոթացել է թատրոնում։ Վլադը նույնպես Դաունի համախտանիշ ունի, որը նրան չի խանգարում սպորտսմեն լինել։

Կարեն Գաֆնի 

Ամերիկացի մարմնամարզուհի Կարեն Գաֆնիին Դաունի համախտանիշն ու ձախ ոտքի պարալիչը չխանգարեցին, որ 2001 թվականին լողալով անցնի Լա Մանշը։ Նա Պորտլենդի համալսարանի և մի ֆոնդի պատվավոր դոկտոր է, որը սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաներին օգնում է ինտեգրվել հասարակությանը։

Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց հիմնական խնդիրը Ռուսաստանում աշխատանք գտնելն է։ Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող լինելով՝ այդ մարդիկ չեն կարողանում աշխատանքի տեղավորվել։ Առաջին մարդը, որին հաջողվել է պաշտոնական աշխատանքի անցնել, եղել է մոսկվացի Մարիա Նեֆեդովան։ Նա աշխատում է որպես մանկավարժի օգնական «Դաունսայդ ափ» կենտրոնում, խմբային աշխատանքներ է իրականացնում իր խնդրից ունեցող երեխաների հետ։

Մարիան, սակայն, միակը չէ Ռուսաստանում, որ աշխատում է անկախ Դաունի համախտանիշ ունենալուց։ Նիկիտա Պանիչևը Մոսկվայի սրճարաններից մեկում խոհարար է աշխատում։ Նա հատուկ դպրոցում է ուսանել, իսկ տասներորդ դասարանից հետո կրթությունը շարունակել է կահույքագործի մասնագիտությամբ, հետո ստացել է գորգագործի մասնագիտություն։ Աշխատանքին զուգահեռ «Բաց արվեստ» թատրոնում առաջին ջութակահար է, նաև դաշնամուր և կիթառ է նվագում։

Նիկիտա Պանիչև

Խնդիրներ դեռ կան, սակայն եթե ութսունական թվականներին Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց կյանքի տևողությունը քսանհինգ տարի էր, ապա այժմ այն հասնում է վաթսունի։ Այդ մարդիկ բարձրագույն կրթություն են ստանում, աշխատում են, զբաղվում են սպորտով և արվեստով։ Հնարավոր է, որ մի օր նրանց սոցիալիզացիայի հարցն էլ վերջնականապես լուծվի։

Ռուսերենից թարգմանեց Լիլիթ Մուրադյանը

 

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.