Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Տեառնընդառաջի կոչին ընդառաջ

Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու կոչ է հղում բոլորին: Այդ կոչին ունկնդիր անձը մուտք է գործում նոր կյանք, որտեղ ներկա է Աստված և որտեղ թագավորում է աստվածային և ոչ մարդկային ճշմարտությունը, այդ կոչին ունկնդիր անձը փրկության հնարավորություն է ձեռք բերում: Տիրոջով նոր կյանք ունենալու և Նրա հետ երանելի հանդիպման հնարավորությունից զուրկ է մնում նա, ով, ինչպես նշեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ապրում է մեղսալից կյանքով. «Մեղքից կուրացած հոգին ի զորու չէ՝ ընդառաջ գնալու Աստծու հետ երանելի հանդիպմանը, քանի որ Աստծուն անհնար է հանդիպել այնտեղ, ուր արատավոր երևույթներ կան, քանի որ Տերը լույսի ու սիրո մեջ է բնակվում: Սուրբ Պատարագի ժամանակ փրկչական Մարմնի և Արյան հաղորդության միջոցով քրիստոնյան ոչ միայն հանդիպում, այլ միավորվում է իր Արարչին: Տերունական խոսքի համաձայն (Մատթ. 25:31-46)՝ Տիրոջ հետ երանելի հանդիպումը տեղի է ունենում ամենուր՝ հիվանդանոցներում, ծերանոցներում, մանկատներում, փողոցներում, երբ մարդ արարածն օգնության ձեռք է մեկնում իր նմանին՝ սիրելի Աստծուն նրա մեջ տեսնելով»:

Քրիստոսահիմն եկեղեցում ձևավորված համայնքները, Տիրոջն ընդառաջ գնալու կոչին արձագանքելով, իրականացնում են մի շարք սոցիալական ծրագրեր, որ նպատակ ունեն օգնության ձեռք մեկնելու կարիքի մեջ հայտնված անձանց: Փետրվարի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Նալբանդյան Կարինեին (42 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ մեր հայրենակցուհիներից մեկը՝ չցանկանալով իր անունը նշել: Կարինեն միայնակ է խնամում իր հնգամյա որդուն՝ Արսենին, որ Դաունի համախտանիշ ունի: Նա որդու հետ բնակվում է իր մայրիկի տանը, որ գտնվում է Սիսակյան 2/411 հասցեում: «Արսենը օրվա մեջ մի քանի ժամով հաճախում է մանկապարտեզ: Տղայիս շնչառության հետ կապված խնդիրն ավելի է սրվել և գարնանը պետք է վիրահատվի»,- ասաց Կարինեն: Ընտանիքը ֆինանսական խնդրի առջև է կանգնել: Երեխայի խնամքով զբաղված լինելու պատճառով՝ Կարինեն չի աշխատում, իսկ իրենց հասանելիք ընտանեկան նպաստի, իր մայրիկին ու երեխային տրամադրվող գումարներով կարողանում են միայն իրենց նվազագույն կարիքները հոգալ: Կարինեն իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.