Աստծուն մերձենալու ամենապարզ ուղին սկսվում է սիրով լեցուն փոքր գործերից: Հոգևոր կյանքում փոքրը դառնում է այն սկիզբը, որ մարդուն ուղղորդում է ավելի մեծ զոհողությունների: Ըստ ոմանց՝ հոգևոր ուղի հնարավոր է մուտք գործել միայն մեծ սխրանքների միջոցով: Այնինչ Տերը կարևորում և նկատում է շատերի համար աննշան համարվող բարին. օրինակ՝ նկատեց տաճարի գանձանակին մոտեցող այրի կնոջը և ավելին համարեց նրա երկու լուման, քան մեծահարուստների նվիրատվությունները (Մարկ. 12:43): Քրիստոս վարձատրում է անգամ մեկ բաժակ ջուր տվողին. «Ով այս փոքրիկներից մեկին նույնիսկ մի բաժակ սառը ջուր տա խմելու որպես Իմ աշակերտի, վստա՛հ եղեք, որ իր վարձը չի կորցնի» (Մատթ. 10:42): Եկեղեցու հայրերից Ս. Գրիգոր Նյուսացին ասել է, թե ինչը կարող է ավելի հեշտ իրականանելի համարել, քան այս պատվիրանը. մեկ բաժակ ջրի դիմաց Տերը երկնային պարգև է խոստանում. «Պատվիրանը փոքր է, բայց հնազանդությունից եկող օգուտը՝ մեծ: Աստված մարդուն իր ուժերից վեր ոչինչ չի պահանջում: Հանուն Աստծո անվան աստվածային երկյուղով կատարված բարի գործն արժանանալու է լուսավոր և անբաժանելի պարգևի»:
Հոկտեմբերի 18-ին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Ներսիսյան Մերիին (30տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Մերին իր ամուսնու և երկու զավակների հետ բնակվում է Ջրաշեն 1 փ., 1-ին նրբ., տ. 2 հասցեում: Ներսիսյան ընտանիքի կրտսեր զավակը՝ Արենը (6 տ.), Դաունի համախտանիշ ունի: Մերին նշեց, որ իրենք ֆինանսական դժվարություններ ունեն, քանի որ ամուսինը, աշխատավայրում կրճատման ենթարկվելով, վեց ամիս է, ինչ չի աշխատում: Նա շնորհակալություն հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին՝ օգնության ձեռք մեկնելու համար:
Կարինե Սուգիկյան