Օգոստոսի 29-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Մարտիրոսյան ընտանիքին: Մարտիրոսյան ընտանիքում մեծանում է Դաունի համախտանիշ ունեցող արև աղջնակը՝ երկուսուկեսամյա Ռոզին: Փոքրիկը սրտի արատով է ծնվել և մեկ տարի առաջ սրտի վիրահատություն է տարել: Ռոզիի մայրիկը՝ Շահվալադյան Անահիտն (40 տ.), ասաց, որ երեխան սրտի վիրահատությունից հետո մինչ օրս բժիշկների հսկողության ներքո վերականգնողական բուժում է անցնում: Արև Ռոզին՝ իր քրոջ, ծնողների, տատիկի և հորեղբոր ընտանիքի հետ, բնակվում է Օհանովի 9/42 հասցեում:
«Բացի Ռոզիից նաև սկեսուրիս եմ խնամում, հինգ տարի առաջ ընկնելով՝ ոտքերը կոտրել էր և վիրահատությունից հետո առ այսօր քայլասայլակով է տեղաշարժվում: Ամուսնուս աշխատավարձի, սկեսուրիս և երեխայիս հաշմանադամության թոշակների գումարներով ենք փորձում ապրել»,- ասաց Անահիտը:
Ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Գրիգորն Անահիտին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Անահիտն իր շնորհակալությունը հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին:
Եկեղեցու հայրերը հորդորում են երկրային հարստությունը ողորմածությամբ երկնային դարձնել, որպեսզի երկնքում գտնվող մարդու գանձերը մարդուն դեպի երկինք ուղղորդեն: Անցողիկ հարստությունը ողորմածությամբ երկինք տանողը, այնտեղ է տանում նաև իր սիրտը, ինչի մասին վկայում է Քրիստոս. «Ուր ձեր գանձն է, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Ղուկ. 12:34):
Կարինե Սուգիկյան