Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Ողորմածներն Աստծո ողորմությանն են արժանանալու»

Ողորմությունը սիրո պտուղ է, այն մղում է մարդուն աստվածնմանության: Աստվածային ճշմարտությունն ի հայտ եկավ աշխարհ աստվածային ողորմածությամբ և հորդորեց մարդուն Աստծուն նմանվել ողորմածությամբ (Մատթ. 5:48) և ոչ ուրիշ առաքինությամբ: Ողորմած անձն ամբողջովին զգում է աստվածային սերը, որ ջերմացնում է իր սիրտը փոխադարձ սիրով առ Աստված և կարեկցությամբ առ մերձավորը: Աստծո կամքը ճանաչել կամեցողը սկսում է ծառայել այդ կամքին՝ նպաստելով բարիքի առատացմանը: Իսկ բարին գործելու հնարավորությունը մարդուն ամեն օր է ընձեռնված. գուցե երբեմն հնարավոր չի լինում մեծ գործեր կատարել, բայց փոքր բարի արարքների կատարումով մարդը հոգևոր մեծ հարստության և երանության է արժանանում (Մատթ. 5:7), իսկ անողորմ լինելու դեպքում՝ աստվածային անողորմ դատաստանի (Հակոբ. 2:13):

Համավարակի այս օրերին Ավստրիայի Ֆորալբերգի մարզում գործող “Armenische Sonne des Bodensees” («Բոդենզեի հայկական արևը») հայկական բարեգործական հիմնադրամը, բաց չթողնելով բարին գործելու հնարավորությունը, շարունակում է դրամական աջակցություն ցուցաբերել արև երեխաների ընտանիքներին: Մայիսի 8-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Ասլանյան Հայկուշին (33 տ.) փոխանցեց հիմանդրամի կողմից տրամադրած դրամական աջակցությունը (100 եվրո): Հայկուշն իր ամուսնու, չորս զավակների, սկեսուրի և սկեսրայրի հետ բնակվում է Հաղթանակ թաղ. 11 փ. 81 տ. հասցեում: Ընտանիքի կրտսեր զավակը՝ Նարեկը (4 տ.), Դաունի համախտանիշ ունի: Արև Նարեկը մինչ կարանտինային շրջանը հաճախել է մանկապարտեզ: Նա շատ հետաքրքրասեր երեխա է և մի շարք նախասիրություններ ունի: Հայկուշն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և բարեգործական հիմնադրամին՝ աջակցության համար:

Եկեղեցու հայրերից մեկը նշում է, որ բազմազան են ողորմելու կերպերը, միայն նյութականով չէ, որ կարելի է ողորմություն ցուցաբերել, այլ նաև խոսքով, իսկ եթե ոչինչ չունես, թեկուզ՝ արցունքով: Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ ողորմածները Աստծո ողորմությանն են արժանանալու, իսկ աստվածային և մարդկային ողորմություններն իրարից տարբեր են այնքանով, որքանով չարն ու բարին: Սաղմոսերգուի խոսքի համաձայն՝ Տերն Ինքը կողորմի և պահապան կլինի ողորմածին նեղության ժամանակ. «Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան» (Սաղմ. 40:2):

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.