Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

10 հարց, որ միշտ ցանկացել եք տալ Դաունի համախտանիշ ունեցող մարդուն

Ջոնաս Սիպելը Գերմանիայում բնակվող Դաունի համախտանիշ ունեցող 50.000 մարդկանցից մեկն է։ Նրան սրտի վիրահատություն է կատարվել դեռևս նախքան մեկ տարեկան դառնալը, քանի որ քրոմոսոմային խանգարումները հիմնականում հանգեցնում են սրտի խնդիրների։ Մինչ այսօր նա երկար սպի ունի կրծքավանդակին։Ջոնասն ապրում է Բեռլինին մոտ գտնվող Ռենգսդորֆ քաղաքում, ծնողների հետ։ Նախկինում ցանկանում էր Ջեյմս Բոնդ դառնալ, սակայն Բեռլինի Ռամբա Զամբա թատրոնում պրակտիկա անցնելուց հետո ուղղակի սիրահարվեց դերասանական արվեստին։ Այդ օրվանից հետո մասնակցել է վեց բեմադրության և նկարահանվել մեկ ֆիլմում։ Vice Germany կայքի լրագրողը հարցազրույցի է հրավիրել Ջոնասին և տվել հարցեր, որոնք գուցե ձեր մտքով էլ են անցել։։Դաունի համախտանիշի մեջ ի՞նչն է ամենագարշելին։Այն ինձ նյարդայնացնում է։ Օրինակ ես հաճախ չեմ շարունակում խոսակցությունը, եթե թեման ինձ չի հետաքրքում։ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ ոչինչ չեն կարող անել ավելորդ քրոմոսոմի դեմ։ Որոշ մարդիկ ասում են, որ մենք մտավոր հետամնաց ենք, բայց այդ այնքան էլ այդպես չէ։ Ես իսկապես մի փոքր սահմանափակված եմ որոշ հարցերում, որոնք այլ մարդկանց հեշտությամբ են տրվում, բայց ես շատ լավ եմ տիրապետում պատմությանը և հրաշալի հիշողություն ունեմ։ Իլիականն ու Ոդիսականն անգիր գիտեմ, նաև՝ Վագների «Նիբելունգի մատանին»։

Կա՞ մի բան, որն ուզում ես անել, բայց չես կարողանում, որովհետև Դաունի համախտանիշ ունես։

Եթե Դաունի համախտանիշ չունենայի, չէի լինի այնպիսին, ինչպիսին հիմա եմ, իսկ ես սիրում եմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ։ Շատ բաներ կան, իհարկե, որ կցանկանայի անել, բայց դրանք ոչ ոք չի կարող անել։ Օրինակ՝ կուզեի սուպերհերոսների լիգա հիմնել և նոր սուպերհերոսների ստեղծելու հնարավորություն ունենալ։

Քեզ դուր չի՞ գալիս, որ կարող ես ճանաչել Դաունի համախտանիշը՝ պարզպես մարդուն նայելով։

Այն փաստը, որ համախտանիշն անմիջապես աչքի է ընկնում, այնքան էլ չի նյարդայնացնում։ Ինձ դուր չի գալիս մեկ այլ բան․ երբ մարդիկ փորձում են ինձ սահմանափակել իմ համախտանիշով։

Ինչո՞ւ են Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ այդքան շատ ժպտում։

Եթե ծիծաղելի է մեզ համար, ծիծաղում ենք։ Ծիծաղում ենք նաև այն ժամանակ, երբ չարություններ ենք անում, չնայած որ այդ այնքան էլ լավ չէ։

Դժվա՞ր է կյանքի ուղեկից գտնելը։

Շատ դժվար է։ Ես դեռ սպասում եմ «ճիշտ» մարդու, բայց արդեն այնքան էլ չեմ հավատում սիրուն։ Ընկերուհի ունեի, բայց բան դուրս չեկավ։ Գուցե այդ իմ ճակատագիրն է, վստահ չեմ, որ ծնվել եմ որևէ մեկի հետ ընկերություն անելու համար։

Կուզեի՞ր, որ ընկերուհիդ Դաունի համախտանիշ ունենար։

Լավ հարց է։ Կուզեի, որ ընկերուհիս Դաունի համախտանիշ չունենար, որովհետև ես ունեմ ու դրանով ապրելը երբեմն դժվար է։ Բայց դեմ չեմ, որ ընկերուհիս Դաունի համախտանիշ ունենա։

Կուզեի՞ր առողջ լինել։

Իհարկե։ Հրաշալի կլիներ։ Իրականում ես նորմալ մարդ եմ, ուղղակի ավելորդ քրոմոսոմ և կրծքավանդակիս վրա սպի ունեմ, որը մնացել է սրտի վիրահատությունից հետո։ Ես ինձ հաշմանդամ չեմ զգում։ Կարծես իմ մի կեսը Դաունի համախտանիշ ունենա, իսկ մյուս կեսս նորմալ գործի։

Թարգմանությունը՝ Լիլիթ Մուրադյանի

Ռուսերեն տեքստի աղբյուրը՝ www.nest.moscow

Թողնել մեկնաբանություն