Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Խաղը երեխայի զարգացման գործընթացում

Մեզ կհաջողվի հասկանալ մեր երեխաներին, եթե չլինենք այն մեծահասակը, որը հեռացել է իր մանկությունից և գուցե ավելի շուտ պատրաստ է հանդիպել որևէ այլմոլորակայինի, միայն թե ոչ երեխայի։

Խաղը երեխայի զարգացման գլխավոր գրավականն է։ Այն զարգացնում է ֆիզիկական և մտավոր ուժերը։ Դրա միջոցով հնարավոր է բացահայտել երեխայի բնավորության բոլոր կողմերը: Խաղի ընթացքում ակտիվ աշխատում են երեխայի միտքը և երևակայությունը։ Այն հնարավորություն է տալիս երեխաներին իրենց տեսնել և մտնել նոր կերպարների մեջ, մեկ առարկան, խաղը փոխարինել մյուսով, հասկանալ խաղի նպատակը և նոր հմտություններ ձեռք բերել։

Լիարժեք խաղ կազմակերպելու համար կան անհրաժեշտ պայմաններ՝

· Խաղալիք կամ խաղ

· Խաղասենյակ կամ խաղահրապարակ

· Խաղընկերներ

Խաղն օգնում է երեխային դառնալ ինքնուրույն, ուժեղ, նպատակասլաց, պայքարող, գիտակից, համագործակցող, հանդուրժող, զիջող և այլն։

Երեխայի զարգացման գործընթացին աջակցելու համար մեծահասկները պետք է ապահովեն երեխայի շփումը և խաղը հասակակիցների հետ։

Խաղերը և խաղալիքները պայմանականորեն բաժանվում են հետևյալ խմբերին՝

· Ստեղծագործական

· Շարժուն

· Զննողական-ուսուցողական

· Կառուցողական

· Համակարգչային

Շարժուն խաղերի միջոցով կարելի է դաստիարակել բարոյական-կամային հատկություններ, դրանք հիմնականում խմբային բնույթ են կրում և նպաստում են ընկերասիրության, համագործակցության ձևավորմանը։ Շարժուն խաղերը ակտիվ են, ուրախ և անմիջական։

Շատ հաճախ երեխաները իրենք են հնարում ստեղծագործական խաղեր։ Երեխաները դեռ մանկական հասակից հակված են ստեղծագործական խաղի։ Ստեղծագործական խաղի մեջ երեխաները առավել անկաշականդ են և ազատ, քանի որ իրենք են հորինում իրենց խաղը։

Կառուցողական խաղերում երեխաներին գրավում է բուն գործընթացը և վերջնական արդյունքը տեսնելը։

Ուսուցողական խաղերը երեխաների կրթության հիմնական ձևերից են։ Յուրաքանչյուր խաղից երեխաները նոր ինչ-որ բան են սովորում կամ ամրապնդում են արդեն ունեցած գիտելիքները և հմտությունները։

Համակարգչային խաղերը այսօր շատ տարածված են և դրանցից բխող հետևանքները ծնողների համար նոր են և անհասկանալի։ Ծնողները պետք է շատ խստորեն հետևեն, թե ինչ համակարգչային խաղեր և ինչ տևողությամբ են խաղում իրենց երեխաները։ Այսօր շատ տարածված է, երբ ծնողները երեխաներին հնարավորություն են տալիս խաղալու համակարգչային խաղեր առանց սահմանափակման՝ ուղղակի իրենց հանգստի համար։ Ծնողը պետք է ծանոթանա տվյալ խաղին ու սահմանափակելով խաղալու ժամանակը, հսկի և ուղղորդի երեխային դեպի անվնաս արդիական բնույթ ունեցող խաղեր ու խաղալիքներ։

Խորհուրդներ ծնողներին՝

1. Ինչպե՞ս խաղալ երեխայի հետ.

Ծնողները, երեխային շրջապատող մյուս մեծահասակները երեխային խրախուսելիս և պաշտպանելիս պետք է հոգ տանեն, որ դա բացասական ազդեցություն չունենա երեխայի վարքի, հուզական ոլորտի վրա։

Խաղային միջավայրը պետք է լինի ներդաշնակ, խաղը պետք է վերահսկվի մեծահասկի կողմից։

Մեծահասակը պետք է ունենա վստահություն երեխայի ունակությունների նկատմամբ։

Խաղի ընթացքում պետք է լինի «պատիժ» և պարգև։

2. Ինչպե՞ս ընտրել խաղալիք.

Եթե կա խաղ, ապա պետք է լինի նաև խաղալիք։ Խաղալիքները օգնում են ակտիվ դարձնել խաղը, արտահայտել հնարավորությունները, հմտությունները, ձգտումներն ու նպատակները։

Երեխայի խաղը մեծահասակի կողմից վերահսկվում է խաղալիք գնելու պահից։ Շատ կարևոր է ճիշտ և անվտանգ խաղալիքի ընտրությունը։ Խաղալիքը պետք է լինի երեխայի տարիքին համապատասխան, պետք է ունենա նպատակ, պետք է հաշվի առնել երեխայի նախասիրությունները և ընդունակությունները։ Պետք է հաշվի առնել, որ բոլոր խաղալիքները ու զբաղմունքները չեն, որ հետաքրքիր են երեխային։

Ծնողը պետք է հաշվի առնի խաղալիքի՝

· Անվտանգությունը

· Չափը

· Ձևը

· Կազմությունը

· Հարմարությունը

· Գույնը

· Տեղադրությունը

· Արդյունավետությունը

· Նպատակը

Նախքան խաղալիքը երեխային տրամադրելը շատ կարևոր է, որ մեծահասակը երեխային բացատրի դրանից օգտվելու ձևը։

3. Ինչպե՞ս կահավորել խաղանկյունը.

Երեխայի ճիշտ դաստիարակության կարևոր նախապայմանը նրա խաղանկյան ճիշտ կազմակերպումն է։ Տանը խաղանկյանը պետք է հատկացնել առանձին հատված։ Խաղասենյակի մթնոլորտը շատ կարևոր է, այն պետք է տրամադրի երեխային, որ հենց իր համար է։ Խաղասենյակում երեխան պետք է իրեն ապահով զգա։ Շատ կարևոր է, որ խաղասենյակը լինի համեստ կահավորված, առանց ավելորդ ու անհամապատասխան իրերի։ Այնտեղ պետք է լինեն այն խաղերն ու խաղալիքները, որոնք հետաքրքիր են երեխային։ Կարևոր է, որ լինի երեխայի տարիքին համապատասխան սեղան և աթոռ, պահարան՝ խաղերի և խաղալիքների համար, որտեղ դրված խաղալիքները պետք է լինեն երեխային հասանելի։ Ծնողները պետք է հաճախակի ստուգեն, թե ինչ վիճակում է խաղասենյակը և արդյոք երեխան հավաքում է խաղերը և խաղալիքները խաղի ավարտին։

Երեխան երջանիկ է այն ժամանակ, երբ հնարավորություն ունի հասակակիցների հետ զբաղվելու իրեն հետաքրքրող խաղով։ Մի՛ սահմանափակեք երեխայի շփումը։

 

Օգտագործված գրականություն՝

· Կանցյան Լ. «Խաղը լուրջ զբաղմունք է» 1970, Երևան, Լույս

· Лендрет Р. “Игровая терапия: искусство отношений” 1998, С. Петербурт

· Axine V. “Play Therapy” 1969 New York, Ballantine

 

Նյութը պատրաստեց «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն»-ի լոգոպեդ Գոհար Մնացականյանը:

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *