Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Անվտանգություն խիստ ցրտերի ժամանակ

Ի՞նչպես պատրաստվել զբոսանքի, երբ դրսում խիստ ցուրտ է: Ի՞նչպես հասկանալ, որ ձեր երեխան սառել է, երբ ինքն այդ մասին դեռ չի կարողանում ասել: Ի՞նչ անել կամ չանել, երբ նկատել եք ցրտահարության նշաններ:

Տարբեր հանգամանքներով պայմանավորված ամեն երեխա չէ, որ կարող է ծնողին ասել, որ ինքը սառել է. մեկը դեռ շատ փոքր է, մյուսը կարող է խոսքի հետ կապված խնդիրներ ունենալ, երրորդը դեռ ունակ չէ գնահատելու իր վիճակը: Այդ իսկ պատճառով մի՛ մոռացեք վաղ հասակից երեխային սովորեցնել ուշադրություն դարձնել իր վիճակին և «սառը» տարբերակել «տաքից»: Յուրաքանյուր պատեհ առիթի ինքներդ մեկնաբանեք երեխայի զգացողությունները. «Դու մրսում ես», և ցույց տվեք «ցուրտ է» ժեստը:

1. Ինչպես պատրաստվել զբոսանքին.

· Սառը եղանակին զբոսանքի համար նախատեսված կոշիկը և հագուստը ընտրեք այնպես, որ ազատ լինեն՝ չսահմանափակեն գործողություններն ու չխանգարեն արյան բնականոն շրջանառությանը:

· Ցրտից փրկում է բազմաշերտ հագուստը (բնական կտորներից): Շերտերի միջև առկա օդը օգնում է պահպանել ջերմությունը:

· Երեխայի համար հագուստ ընտրելիս մի՛ մոռացեք հաշվի առնել նրա խառնվածքը: Ցրտահարության երկու ամենատարածված պատճառներից են՝ չափազանց տաք հագուստը և չափազանց թեթև հագուստը: Եթե շատ աշխույժ երեխային, որը հաճույքով ակտիվ խաղում է բակում, շատ տաք հագցնեք, ապա շարժուն խաղերի ժամանակ նա անպայման կքրտնի: Խաղի ժամանակ մի փոքր դադարն էլ բավական է, որպեսզի երեխան ակնթարթորեն սառչի: Ակտիվ երեխաների համար պետք է այնպիսի նյութերից հագուստ ընտրել, որը կչեզոքացնի խոնավությունը և կապահովվի չափավոր օդափոխությունը:

· Լինում է նաև հակառակը, երբ երեխան շատ քիչ է շարժվում, նրան պտտում են մանկասայլակով կամ սահնակով, և ծնողները, որ այդ ընթացքում ֆիզիկապես ակտիվ են, իրենց համար տաք է կամ անգամ՝ շոգ, իսկ երեխան ձմեռային թաղանթային կոմբինեզոնով մրսում է, որովհետև այն նախատեսված է ակտիվ հանգստի համար:

· Կոշիկները նույնպես պետք է ազատ լինեն. հնարավորության դեպքում թաղիքե կամ մորթե լրացուցիչ միջատակեր դրեք:

· Տանից դուրս գալիս (ոչ պակաս, քան մեկ ժամ առաջ), կարող եք ճարպոտ (բայց ոչ խոնավեցնող) քսուք օգտագործել:

· Թաթմաններն ավելի լավ են պաշտպանում ցրտից, քան ձեռնոցները: Երեխայի համար ընտրեք անջրաթափանց և օդի հոսքից զերծ պահող թաթմաններ՝ մորթե ներսով: Իսկ բնական հումքից պատրաստված ձեռնոցները, չնայած բոլոր արժանիքներին, ցրտից չեն պաշտպանում:

· Մարմնից հեռացրե՛ք մետաղական զարդերը, որոնք շփվում են սառը օդի հետ (ականջօղեր, մատանիներ, թևնոցներ): Երբեմն անգամ բաճկոնի կամ այլ վերնազգեստի մետաղյա ճարմանդը կարող է անախորժությունների պատճառ դառնալ, ուստի եթե դրսում խիստ ցուրտ է, ապա հնարավորության դեպքում այն պետք է հագուստի ներսում թաքցնել կամ ինչ-որ բանով փաթաթել՝ մետաղի՝ մարմնի հետ շփումը բացառելու համար:

· Սառնամանիքին դրսում գտնվելու ժամանակ յուրաքանչյուր 20-30 րոպեն մեկ մտեք տաքացվող տարածք՝ 5-10 րոպե տաքանալու և համոզվելու, որ չկան ցրտահարության առաջին նշանները:

2. Ցրտահարության ախտանշանները:

Դրանցից մի քանիսը կարող եք նկատել արդեն դրսում.

· Եթե երեխան դառնում է ալարկոտ և քնկոտ, շնչառությունը թեթև և մակերեսային է, կամ խոսքը դանդաղում է, բառերը ձգելով է ասում կամ շփոթում է: Շատ ծնողներ կարող են մտածել, որ երեխան պարզապես հոգնած է կամ արդեն շատ է զբոսնել, իսկ իրականում դա նշանակում է, որ երեխան ցրտահարվել է:

· Նաև, եթե նկատել եք, որ երեխայի մաշկը գունատվել է և նույնիսկ կապտավուն երանգ ստացել, ապա արժե տուն գնալ կամ որևէ տաք վայր մտնել: Մի՛ մոռացեք զննել նաև այն հատվածները, որոնք ծածկված են հագուստով (ստուգեք երեխայի ձեռքերը թաթմանների մեջ):

· Մարմնի ջերմաստիճանը նվազել է, երբեմն՝ մինչև 35 աստիճան և ավելի ցածր։

· Երակազարկը նվազում է՝ մինչև 50 հարված րոպեում։

· Երբեմն երեխայի ընդհանուր վիճակը մնում է բավարար, սակայն նկատում եք, որ մաշկի որոշ հատվածներ կտրուկ սպիտակել են, հատկապես աչքի են ընկնում դեմքին՝ ընդհանուր կարմրության ֆոնին. դա արդեն ցրտահարության նշան է:

Ուշադրությո՛ւն դարձրեք, որ դրսում դուք չեք կարող որոշել ցրտահարության աստիճանը, որովհետև դրսում՝ ցրտին, ցրտահարված հատվածները նույն կերպ են երևում:

· Ցրտահարության ժամանակ երեխան նաև կարող է բողոքել ցավոտ ծակծկոցներից: Երբեմն ծնողներին շատ են վախեցնում երեխայի չափազանց կարմրած այտերը, հատկապես, եթե կարմրությունը ուղեկցվում է մի փոքր կարծրությամբ: Դա կարող է խոսել ցրտի հետևանքով առաջացած պանիկուլիտի մասին: Այն սովորաբար հանդիպում է 1-4 տարեկան թմբլիկ երեխաների մոտ, հաճախ՝ այտերի ենթամաշկային ճարպային հյուսվածքում՝ սառնամանիքին զբոսնելուց հետո և ժողովրդական լեզվով կոչվում է «ցրտահարված այտեր»: Սակայն դա կարող է առաջանալ ցանկացած տարիքի երեխայի մոտ և ցանկացած այլ հատվածում, որտեղ ենթամաշկային ճարպի կուտակում կա: Փորձառու մանկաբույժները վստահեցնում են, որ անհանգստանալու կարիք չկա և, որ հիմնականում պանիկուլիտն ինքնուրույն անցնում է 1-2 շաբաթից, ավելի հազվադեպ՝ մի քանի ամսից և բուժման կարիք չունի:

3. Ինչ անել, եթե երեխայի մոտ նկատում եք ցրտահարության նշաններ.

· Առաջին հերթին անմիջապես մտեք ցանկացած շինություն: Ավելի լավ է տուն վերադառնալ, բայց եթե հնարավոր չէ դա արագ անել, մտեք ցանկացած խանութ, սրճարան:

· Տանը հայտնվելուց հետո նախ հանեք երեխայի դրսի հագուստը և նրան փաթեթեք տաք վերմակի մեջ: Խմելու տաք բան տվեք (մրգային օշարակ, թեյ, ջուրը նույնպես կօգնի):

· Եթե երեխան չի կարողանում տաքանալ, ապա կօգնի 24-25 աստիճանի ջերմաստիճանով լոգանքը, որն աստիճանաբար հասցվում է 30-32 աստիճանի:

· Ցրտահարության դեպքում հատուկ ուշադրություն դարձրեք ցրտահարված հատվածներին. դրանք պետք է զգուշորեն մերսել (չշփե՛լ) ներքևից վերև ՝ մատների ծայրերից մինչ արմունկները (ծնկները): Առաջին բուժօգնությունից հետո տուժած հատվածների վրա կարելի է դնել չոր, տաքացնող կոմպրես՝

բամբակե, բրդե, մառլյայի կտորի շերտերից: Կարևոր է. չի՛ կարելի երեխային անմիջապես տաք ջրով լոգարանի մեջ դնել, խնդրել, որպեսզի ձեռքերը սեղմի էլեկտրական մարտկոցին և այլն: Տաքանալու ընթացքը պետք է լինի արագ, բայց աստիճանաբար: Կտրուկ տաքացումը խորացնում է ցրտահարության հետևանքները: Կարևոր է. ցրտահարության ժամանակ ոչ մի դեպքում չի՛ կարելի մաշկի ցրտահարված հատվածները շփել ձնով, թաթմաններով կամ կոպիտ կտորով: Ձեռնաթաթերի և ոտնաթաթերի արյունատար անոթները շատ փխրուն են, ուստի և կարող են վնասվել, իսկ մաշկին առաջացած փոքրիկ վնասվածքները (միկրո-ճաքերը) նպաստում են վարակների տարածմանը: Ինչպես նաև չի՛ կարելի մաշկին սպիրտ, ձեթ կամ կարագ քսել:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Անուշ ասլանյանի

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.