Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Առաքելություն, որին կոչված են բոլորը

Յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս որևէ առաքելությամբ, իսկ այն առաքելությունը, որին կոչված են բոլորն ի Տեր, սիրո առաքելությունն է: Հնարավոր չէ ապրել առանց սիրո, որը մարդու կյանքի մղիչ ուժն է: Կյանքի հորձանուտն իր քաոսային ընթացքով երբեմն միայն ավերներ է թողնում, իսկ այդ հորձանուտի մեջ անհրաժեշտ է հրաժարվել ավերիչ շատից՝ հանուն արժեքավոր քչի, անհրաժեշտ է ընտրել սերը և նրանով ապրել, քանի որ առանց սիրո կյանքն ուղղակի անապատի է վերածվում: Եկեղեցու հայրերից մեկն ասել է, որ եթե մարդիկ ուշադրություն դարձնեին իրենց մեղքերի կամ բարի գործերի հետևանքներին, ապա, մեղքից հեռու մնալով՝ նախանձախնդիր կլինեին սիրո գործերի:

Սիրո առաքելությանը նախանձախնդիր անձանց շնորհիվ կյանքի են կոչվում սիրո պտուղները, որ օր-օրի կանխում են անտարբերության ավերներն ու անապատացումը: Հոկտեմբերի 2-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Հարությունյան Թեհմինեին (37 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արփի Դալլաքյանը: Թեհմինեն իր ամուսնու և երկու զավակների հետ բնակվում է Արամուս գյուղի 10 փ. 10 տնակում, որը զուրկ է կենցաղավարության տարրական պայմաններից: Ընտանիքի կրտսեր զավակը՝ Անգելինան (5տ.), Դաունի համախտանիշ ունի:

Թեհմինեն շնորհակալություն հայտնեց «Արև-երեխաներ» ՀԿ-ին և աջակից անձին՝ ուշադրության ու աջակցության համար:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն