Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Աստված այնտեղ է, ուր սեր և զոհողություն կա

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, աջակցում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Նոյեմբերի 12-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Դաունի համախտանիշ ունեցող Կիրակոսյան Հեղինեին (16 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Արև Հեղինեն իր մայրիկի, տատիկի և եղբոր ընտանիքի հետ վարձակալությամբ բնակվում է Էջմիածին քաղաքի Նարեկացի 26 հասցեում: Այս տարի Հեղինեն դպրոց չի գնացել, քանի որ Զվարթնոցի թիվ 2 հատուկ օժանդակ գիշերօթիկ դպրոցը, որտեղ նա սովորում էր, փակվել է: Կիրակոսյան ընտանիքը փորձում է իր կարիքները հոգալ Հեղինեին տրամադրվող գումարի, նրա եղբոր աշխատավարձի և տատիկի թոշակի գումարներով:

«Հեղինեին բարուրից ես եմ պահել ու մեծացրել, քանի որ աղջիկս՝ նրա մայրը, առողջական խնդիրներ ուներ, իսկ Հեղինեի հայրը չընդունեց նրան, նրա ծնունդից երկու տարի անց նա լքեց ընտանիքը»,- ասաց Հեղինեի տատիկը՝ տիկին Սոնիկը (74 տ.): Նա պատմեց, որ որտեղ էլ գտնվի իր արև թոռնուհին, ուրախություն և ջերմություն է տարածում իր շուրջը, հնարավոր չէ նրա առօրյան պատկերացնել առանց երգ ու պարի, առանց նկարչության: Տատ ու թոռնուհի սիրում են հաճախակի եկեղեցի այցելել, Հեղինեն օգնում է տատիկին տան մաքրության մեջ, միասին ճաշ են պատրաստում:

Տիկին Սոնիկն իր երախտագիտությունը հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնին, որի շնորհիվ Հեղինեն բուժհետազոտություններ է անցնում:

Ամենատես Աստված տեսնում է Իր արարածների գործած յուրաքանչյուր ջանքը, անգամ ամենափոքրը՝ լինի աղոթք, բարի միտք, թե՝ բարի տրամադրվածություն: Տիրոջ համար կարևոր է այն, ինչ ծառայում է բարուն, ինչ ծառայում է սիրուն և մարդուն: Եկեղեցու հայրերը նշում են, որ Աստված ոչ միայն այնտեղ է, ուր պատմությունը կերտող սխրանքներ են գործվում, այլ ամենուր է, օրինակ՝ երբ մայրը գրկում է երեխային, երբ մարդը դժվարությամբ, բայց ազնվորեն օրվա հացն է վաստակում: Աստված այնտեղ է, ուր սեր և զոհողություն կա:

 

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն