Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Աստվածահաճո գործերով փառաբանվում է Երկնավոր Հայրը

Երկնավոր Հայրն իր զավակներին հորդորում է՝ ասելով. «Խուսափի՛ր չարից ու բարիք գործիր» (Սաղմ. 33:15): Ամեն օր «Տերունական աղոթք»-ով Աստծուն Հայր անվանողը բարի գործերով իր որդիական հնազանդությունն է ցուցաբերում Երկնավոր Հոր հանդեպ և զգուշանում այն մարդկանց մեջ հայտնվելուց, որոնք «հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են Նրան» (Տիտ. 1:16): Առանց Աստծո մարդ ոչինչ անել չի կարող (Հովհ. 15:5), և Աստծո օգնությամբ քրիստոնյայի կողմից կատարված յուրաքանչյուր բարի գործ պատճառ է դառնում, որ Տիրոջ անունը փառավորվի. «Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:16): Աստծո հանդեպ սերը ճանաչվում է Նրա պատվիրանները կատարելով. «Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը» (Հովհ. 14:23): Երկնավոր Հոր հանդեպ սերն ու որդիական հնազանդությունը գործով էին արտահայտում առաջին դարում առաքյալների կողմից հիմնած եկեղեցական համայնքները, ուր հավատացյալների ամբողջ բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր: Որևէ մեկն իր ինչքերի համար չէր ասում, թե իրենն են, այլ ամեն ինչ ընդհանուր էր և նրանց մեջ ոչ մեկը մի բանի կարոտ չէր (Գործք Առ. 4:32-35): Նրանց միջև տիրում էր խաղաղությունը, համաձայնությունն ու սերը, որ մայրն է բոլոր բարիքների:

Ավստրիայի Ֆորալբերգի մարզում գործող “Armenische Sonne des Bodensees” («Բոդենզեի հայկական արևը») հայկական բարեգործական հիմնադրամն իր աստվածահաճո և հայրենանվեր գործունեությամբ պատճառ է հանդիսանում, որ շատերի շուրթերից փառաբանական խոսքեր հնչեն առ Աստված: Մայիսի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Աբրահամյան Գայանեին (47 տ.) փոխանցեց հիմնադրամի կողմից տրամադրած դրամական աջակցությունը (100 եվրո): Գայանեն իր մայրիկի և երկու զավակների հետ բնակվում է Եղիշե Թադևոսյան 10 շ. 40 բն. հասցեում: Ընտանիքի ավագ զավակը՝ Նոնան (9 տ.), Դաունի համախտանիշ ունի: Նա սովորում է Երևանի թիվ 144 հիմնական դպրոցի երկրորդ դասարանում, սիրում է երգել, պարել ու խաղալ: Գայանեն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և բարեգործական հիմնադրամին՝ աջակցության համար:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն