Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Դաունի համախտանիշով ծնված 6 երեխայի մայր․ նախկինում ինձ համբերատար մարդ էի համարում

Տասը տարի առաջ Լեա Սպրինգի ընկերուհին խնդրեց միասին գնալ Բուլղարիա, որտեղից պետք է երեխա որդեգրեր։ Մանկատները, որ տեսավ կինը, ցնցեցին նրան։ Նա չկարողացավ մոռանալ այդ ու որդեգրեց հինգ երեխայի, որոնք բոլորն էլ ծնվել էին Դաունի համախտանիշով։
Լեա Սպրինգը Դաունի համախտանիշ ունեցող հինգ երեխայի որդեգրած մայր է։ Նա մեծացնում է իր հարազատ երեխային՝ Անժելային (22տ․) և որդեգրված Աքսելին (18տ․), Աբելին (15տ․), Աշերյին (14տ․), Ամոսին (14տ․) և Օդրիին (14տ․)։ Լեան նաև Ռոմանի (15տ․) օրինական խնամակալն է, որը բնածին ալկոհոլային համախտանիշ և Տուրետի համախտանիշ ունի։
Սենյակը լի է անկողիներով, ոչ ոք լաց չի լինում
Լեայի պատմությունն սկսվել է 2010 թվականին, երբ ընկերուհին, որը մեկնում էր Բուլղարիա երեխա որդեգրելու նպատակով, նրան խնդրում է ըկերակցել իրեն։ Նա սարսափով է տեսնում, թե ինչ պայմաններում են հաշմանդամություն ունեցող երեխաներն ապրում պետական հաստատություններում։
«Երբ մտնում եք այդ հաստատություն և տեսնում եք երեխաների, որոնց անտեսում են, երբ տեսնում եք անկողիններով լի սենյակ, որտեղ ոչ ոք չի արտասվում, հնարավոր չի լինում անտարբեր անցնել»,-ասում է Լեան։
Վերադառնալով տուն՝ Լեան և Դինը հասկանում են, որ պետք է երեխայի որդեգրեն։ Իրենց տարիքը հաշվի առնելով (Լեան 43 տարեկան էր, իսկ Դինը՝ 53)՝ որոշեցին նորածնի չորդեգրել։ Զույգի ոգեշնչման աղբյուրը Անժելան էր, որը ծնվել էր Դաունի համախտանիշով։ «Ես պատկերացնում էի, որ նա ապրում է այդ պայմաններում և անգամ չէի էլ կարողանում գիտակցել այդ։ Ո՞նց է հնարավոր։ Ո՞նց կարող է այդպիսի բան կատարվել այսօր»,-բացատրում է Լեան։
2010 թվականի դեկտեմբերին Լեան մեկնում է Սերբիա, որտեղ ծանոթանում է Աքսելի հետ, որն այն ժամանակ 10 տարեկան էր և ապրում էր ժամանակավոր ընտանիքում։ Լեային հաջողվեց ծանոթանալ այդ ընտանիքի և տղայի կենսաբանական ծնողների հետ։
«Նա բոլորին սիրում է, բոլորի մասին հոգ է տանում։ Երբ ես բուժում էի ստանում քաղցկեղի դեմ և տուն էի վերադառնում քիմիաթերապիայից հետո, նա ինձ ծածկում էր ծածկոցով և հարցնում էր ջուր ուզո՞ւմ եմ, թե ոչ»,- պատմում է Լեան արդեն 18-ամյա Աքսելի մասին։
Դրանից մեկ տարի անց ընտանիքը որդեգրում է յոթնամյա Աշերին, որը ծնված օրից ապրել է մանկատանը ու այնտեղ հաճախ ենթարկվել բռնության։
«Նա կպչում էր բոլորին, այդ մանկատանը նրա գոյատևելու ձևն էր։ Նրան թույլատրվում էր դուրս գալ իր սենյակից միայն այն դեպքում, եթե կախվեր որևէ մեկից։ Այդ պատճառով էլ հենց ինչ-որ մեկը մտնում էր սենյակ, օրինակ դաստիարակը կամ էլ հավաքարարը, նա կախվում էր նրանցից»,-պատմում է Լեան և ավելացնում, որ գոյատևելու յուրահատուկ ձևեր ունեցել են իր որդեգրած բոլոր երեխաները։
Երբեք դուրս չի եկել ինտերնատից և չի երթևեկել մեքենայով
2013 թվականի ապրիլին նրանք նորից մեկնեցին սերբիա, որպեսզի որդեգրեն տասնամյա Աբելին։ «Սերբ իշխանավորներն ասացին, որ նրա անձնական գործը երբեք որևէ մեկին ցույց չեն տվել։ Սակայն նրանք, մեզ լավ ճանաչելով, որոշեցին վստահել մեզ՝ մտածելով, որ կկարողանանք լեզու գտնել նրա հետ»,-պատմում է Լեան։
Մեկ շաբաթ անց տղային պետք է տեղափոխեին մեծերի հաստատություն, որ հայտնի էր իր խնամառուների հանդեպ դաժան վերաբերմունքով։ Լեան հասկացավ, որ չի կարող տղային այնտեղ թողնել։
Այժմ Աբելը ընտանիքի մի մասն է։ Նա ամենաշատը վազելու մարզասարքն է սիրում և որպես խրախուսանք նրան թույլատրում են երկու մղոն վազել դպրոցում, իսկ երեկոյան՝ տանը։ Նա բացատրում է, որ վազելիս իրեն ավելի ուժեղ է զգում։
Ընտանիքի նոր անդամի հետ հեշտ չէր առաջին օրերին։ Լեան խոստովանում է, որ Աբելը շատ դժվարությամբ է հարմարվել։ «Երբ նա առաջին անգամ եկավ մեր տուն, իսկապես շատ դժվար էր։ Նա նախկինում երբեք մեքենա չէր նստել, երբեք ինտերնատից դուրս չէր եկել»։
2014 թվականի մարտին ընտանիքը համալրվեց նոր անդամով, եկավ Օդրին։ Երեխան ծնվաց օրից ի վեր ապրել է մանկատանը, որտեղ ոչ ոք չի զբաղվել նրա զարգացմամբ, և որդեգրումից միայն կես տարի առաջ սկսել է ապրել ժամանակավոր ընտանիքում։
Առ այսօր Օդրիի ամենասիրելի իրը սպիտակեղենն է։ «Կարծում եմ անկողնու սպիտակեղենն այն միակ բանն է եղել մանկատանը, որով նա կարողացել է խաղալ, բացատրում է Լեան,- Սուրբ Ծնունդին և նրա ծննդյան օրերին նրան տարբեր գույների ու տարբեր նախշերով սպիտակեղեն ենք նվիրում, իսկ նա ուշադրությամբ ուսումնասիրում է դրանք։ Նրա սենյակում ի մեծ զամբյուղ կա, որը լի է տարատեսակ սպիտակեղենով»։
Օդրիին որդեգրելուց հետո պարզվում է, որ Լեան կրծքագեղձի քաղցկեղ ունի։ Ապրիլին առաջին վիրահատությունն է կատարվում, իսկ մայիսին սկսվում է քիմիաթերապիան։ Երբ առողջական խնդիրները լուծվում են, Լեային զանգահարում են և խնդրում որոշ ժամանակով խնամել հինգերորդ երեխային՝ Ամոսին։
Տղային որդեգրում են Ուկրաինայից, սակայն որդեգրողների ընտանիքը ճգնաժամային վիճակում էր։ Ամոսը Լեայի և Դինի հետ ապրում է մի քանի շաբաթ, իսկ հետո նրա ծնողները նորից են զանգահարում՝ այդ անգամ խնդրելով նրան ընդմիշտ պահել։ 2015 թվականի մայիսին նա վերջնականապես դառնում է Լեայենց ընտանիքի անդամ։
Վերջին երեխային՝ Ռոմանին, որդեգրել է Լեայի ընկերուհին։ Նա գյուղում է ապրում և լավ բժիշկներն ու հատուկ կրթությունը հասանելի չեն նրան։ Որպեսզի տղան կարողանա սովորել դպրոցում և բժշկական օգնություն ստանալ, ընկերուհին խնդրում է Լեային և Դինին Ռոմանին իրենց մոտ պահել։ «Մենք միայն խնամում ենք Ռոմանին և նա հաճախ է շփվում ծնողների հետ»,-ասում է Լեան։
Ռոմանը ֆետալ ալոհոլային համախտանիշ և Տուրետի համախտանիշ ունի։ Լեան պատմում է, որ Ռոմանը գիտի իր խնդիրների մասին, այդ պատճառով էլ անինքնավստահ է։ Միևնույն ժամանակ նա շատ հոգատար է։ «Ես երբեք չեմ հանդիպել մի դեռահասի, որն աղբը տանում է թափելու առանց հիշեցնելու»,-ասում է Լեան։
Ինչու՞ եք բոլոր երեխաներին Ա տառով անուններով կոչել
«Ինչո՞ւ են ձեր բոլոր երեխաների անուններն սկսվում Ա տառով»՝ ամենատարածված հարցը, որ տալիս են Լեային և դինին։ Լեան կատակում է, որ առաջին երեք օրից հետո նրանք սկսեցին մտածել, որ մյուս երեխաներն իրենց առանձնացված կզգան, եթե նրանց անունն այլ տառով սկսվի։
Մեկ այլ, ավելի լուրջ հարց՝ «ի՞նչ եք ստանում երեխաների որդեգրումից»։ «Հետևում ենք, թե ինչպես են մեծանում երեխաներն ու կրթություն ստանում, մենք ավել բան չենք ակնկալում»,-պատասխանում է Լեան։
«Չե՞ք տխրում, որ ձեր երեխաները երբեք ինքնուրույն չեն դառնա» հարցին Լեան և Դինը պատասխանում են՝ ոչ։ «Ես գիտեմ, որ նրանք կարող են ինքնուրույն ապրել, բայց նրանց անցյալի պատճառով այդ անհնար է, այդ է ինձ տխրեցնում»,-ավելացնում է Լեան։
«Մենք պարզապես ծնողներ ենք։ Մենք զարմանահրաշ բաներ տեսնելու հնարավորություն ունենք։ Մենք տեսնում ենք երեխաների, որոնք երբեք սառնարան, շատ ուտելիք չեն տեսել ու նոր են բացահայտում դրանք։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է նախկինում շփման պակաս ունեցած երեխան հասկանում, որ եթե խնդրի որևէ բան, ապա անպայման կստանա այն»,-ասում է Լեան։
Ըստ նրա՝ հինգ երեխայի որդեգրումն իրեն համբերություն է նվիրել։ «Կարծում եմ, որ նախկինի համեմատ հիմա ավելի համբերատար ծնող եմ դարձել։ Նախկինում ինձ համբերտար էի համարում, բայց իրականում չգիտեի այդ ինչ է,- ասում է Լեան ու ավելացնում։- Հիմա գիտեմ»։
Այն մարդկանց, որոնք ցանկանում են երեխա որդեգրել, Լեան խորհուրդ է տալիս առաջին հերթին հասկանալ սեփական մղումները։
«Այդ օգտակար գործ է, սակայն մարդիկ երբեք չպետք է երեխային որդեգրեն եսասիրական նպատակներից ելնելով,-ասում է նա։- «Ցանկանում եմ որդեգրել, որ ինձ լավ զգամ»,-այդ սխալ մոտեցում է»։
«Դուք որդեգրում եք, որովհետև կա մի երեխա, որն օգնության կարիք ունի։ Եթե ժամանակ, տեղ, հնարավորություն ու ռեսուրսներ ունեք, արեք այդ»։
Աղբյուրը՝ www.pravmir.ru
Թարգմանությւոնը՝ Լիլիթ Մուրադյանի

Թողնել մեկնաբանություն