Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Երեխան մտնում է կյանք

Երեխային մանկապարտեզ ուղարկող ընտանիքի համար բացի այն, որ անհանգստանում են, թե արդյոք երեխան ինքնուրույն, առանց ծնողների օգնության կկարողանա հաղթահարել այն դժվարությունները, որոնք կծագեն նոր միջավայրում, կարող են նաև այլ կարգի անհանգստություններ լինել: Իրենց՝ տանը մեծացած «ոչ սովորական» երեխան մտնում է մեծ աշխարհ: Ինչպե՞ս կընդունի նրան այդ մեծ աշխարհը: Կընդունի՞ արդյոք: Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխան, իհարկե, կարող է չտիրապետել որոշ հմտությունների: Օրինակ՝ հնարավոր է, որ նրա մոտ ոչ լիարժեք զարգացած լինի խոսքը, և նա դժվարությամբ հաղորդակցվի, կամ նրա մոտ կարող են լինել որոշ սահմանափակումներ շարժման հետ կապված: Բայց հմտությունների բացակայությունը կամ դրանց ոչ լիարժեք զարգացումը դեռ չի նշանակում, որ նա չի կարող դրանք զարգացնել: Գտնվելով սովորական մանկական շրջապատում՝ նա կձգտի հարմարվել դրան: Ոչ սովորական երեխաները հաճախ լինում են շատ ջանասեր և աշխատասեր միայն նրա համար, որ այն ամենն ինչին նրանք հասնում են, նրանց տրվում է մեծ ջանքերի շնորհիվ: Նրանց սովորական հասակակիցների մոտ կարող է հարց առաջանալ. «Ինչո՞ւ է նա այդպիսին»: Երեխաների համար այդ հարցերը միանգամայն բնական են, և նրանց պետք է հարգանքով վերաբերվել: Անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ նկատի ունի նա և պարզ ու հասկանալի ձևով բացատրել, որ մարդիկ տարբեր են: Հետաքրքրասեր երեխային հարգանքով վերաբերվելը կօգնի նրան բարեկամաբար տրամադրվել «ոչ սովորական» փոքրիկի հանդեպ:

Վերադառնանք Յուլյային: Մենք հնարավորություն ունենք նրա կյանքից սովորական մի օրվա հետևելու մանկապարտեզում:

Առավոտյան նախաճաշին Յուլյան ուտում է որոշ երեխաներից դանդաղ, բայց նաև որոշներից էլ արագ: Իր ճաշը վերջացնելուց հետո նա պատրաստակամորեն օգնում է մի դանդաղաշարժ տղայի՝ ինչպես մեծ քույրը կօգներ:

Հետո՝ զբոսանքի գնալուց առաջ, դաստիարակը սովորեցնում է, թե ինչպես պետք է ուղղել հագուստը, ինչին Յուլյան լավ տիրապետում է, քանի որ նրանց տանը կարգ ու կանոնը մշտապես պահպանվում է, ուստի նա սովոր է դրան: Դրսում խաղի ժամանակ (խաղ աթոռներով՝ երեխաները երաժշտության ժամանակ վազում են, իսկ դրա դադարից հետո պետք է նստեն աթոռներին, որոնց քանակը խաղացողներից մեկով պակաս է) Յուլյան լավ չի վազում, բայց հասակակիցները նրան քաջալերում են որգևորիչ վանկարկումներով, և նա գրեթե հասնում է եզրափակիչ:

Հաջորդիվ տեսնում ենք խոսքի զարգացման դաս, երբ դաստիարակաչուհին կարդում է տեքստ և հետո դրա վերաբերյալ հարցեր տալիս երեխաներին: Յուլյան լսում է մյուսների հետ: Երբ դաստիարակչուհին նրան հարց է ուղղում, և նա մի փոքր դանդաղում է, անհամբեր մի տղա պատասխանում է նրա փոխարեն: Դաստիարակչուհին դիմում է տղային. «Ես հարցը Յուլյային եմ ուղղել, դու Յուլյա՞ն ես», և այդ ընթացքում՝ օգտվելով արդեն հնչած պատասխանից՝ Յուլյան կրկնում է ճիշտ պատասխանը:

Մեկ այլ դեպքում Յուլյան ձանձրանում է, թեթևակիորեն խփում կողքի երեխային, ով բարկանում է և ասում նրան, որպեսզի իրեն հանգիստ թողնի: Դաստիարակչուհին նկատողություն չի անում՝ տեսնելով, որ նման մանրուքներում երեխաները շատ լավ գլուխ են հանում ինքնուրույն: Մեկ այլ զբոսանքի ժամանակ Յուլյան ուրիշ աղջիկների հետ աղջկական խաղեր է խաղում՝ տիկնիկով, հագուստով և ափսեներով: Հագնվում է արքայադստեր պես և ասում. «Ես հարսիկ եմ», հետո հոգնում և գնում այլ աղջիկների հետ մազերով խաղալու:

Սա սովորական մանկապարտեզի սովորական մի օր է, որտեղ «սովորական» երեխաները և «ոչ սովորական» Յուլյան զբաղված են սովորական մանկական հետաքրքրություններով: Մանակապարտեզի վարիչը վկայում է, որ Յուլյան շատ շփվող և բարեհոգի աղջիկ է, և երեխաները նրա հետ շփումից հետո փոխվել են՝ նրանից սովորելով շփման թեթևությունը և մաքրասիրությունը:

Սա, ենթադրում ենք, որ ամենակարևորն է կոլեկտիվի կյանքում՝ լինել և՛′ եզակի, և՛ այնպիսին, ինչպիսին են բոլորը:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *