Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Երեխաների զարգացման հոգեբանական առանձնահատկությունները

Յուրաքանչյուր երեխա եզակի է:

Ծնողները պետք է հիշեն դա, նախքան կսկսեն իրենց երեխայի հաջողությունները համեմատել մյուս երեխաների հաջողությունների և ձեռքբերումների հետ՝ չմոռանալով, որ երեխայի ձևավորման և զարգացման հանար կարևոր նշանակություն ունեն՝

· ժառանգականությունը,

· ներարգանդային շրջանի առանձնահատկությունները,

· սոցիալական հաղորդակցումը,

· արտաքին միջավայրի ազդեցությունը և այլն:

Յուրաքանչյուր անձի ձևավորման գործում, ֆիզիկական և մտավոր զարգացման գործընթացում ընտանիքը ունի անփոխարինելի դեր. այս միջավայրում է տեղի ունենում երեխայի առաջնային սոցիալականացումը, ձևավորվում դերային և վարքագծային կարծրատիպերը, արժեքային կողմնորոշումներն ու աշխարհայացքը: Առաջին հերթին ընտանիքն է հոգ տանում երեխայի անվտանգության, կարիքների մասին, կրթում ու դաստիարակում նրան, հոգեբանական աջակցություն ու հարմարավետություն ապահովում: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ընտանիքի հոգատար վերաբերմունքը երեխայի հոգեբանական զարգացման գործում:

Կան զարգացման որոշակի տարիքային նորմեր, որոնք օգնում են մայրերին վերահսկել երեխայի աճի և զարգացման գործընթացը և ժամանակին կանխել զարգացման խնդիրները:

Հայտնի է, որ դաստիարակության անբարենպաստ պայմանները, հատկապես՝ մանուկ և վաղ տարիքում (սոցիալ-մանկավարժական բարձիթողի վիճակը, հուզական դեպրիվացիան) դանդաղեցնում է երեխայի կոմունիկատիվ ճանաչողության զարգացումը:

Երեխայի զարգացումը ենթադրում է կենսաբանական, հոգեբանական և հուզական փոփոխություններ, որոնք տեղի են ունենում երեխայի կյանքի յուրաքանչյուր շրջանում, երբ երեխան կախվածությունից անցնում է ինքնուրույնության: Դա կանխատեսելի հաջորդականությամբ շարունակական գործընթաց է, բայց այնուամենայնիվ, յուրաքանչյուր երեխայի համար ունենալով յուրահատուկ զարգացման ընթացք, այն չի ընթանում նույն արագությամբ, և յուրաքանչյուր փուլ կախված է զարգացման նախկին փորձից, քանի որ զարգացման բոլոր փուլերը փոխկապակցված են:

Երեխաների հոգեբանական զարգացման կարևորագույն առանձնահատկություններից մեկը երեխաների որոշակի փոխհարաբերություններն են հասակակիցների և մեծահասակների հետ:

Երեխաների ընդհանուր զարգացման գործում կարևոր նշանակություն ունեն հոգեկան զարգացման չափորոշիչները, որոնք հնարավորություն են տալիս ճանաչելու երեխայի ընդունակությունների, հմտությունների և կարողությունների համապատասխանությունը տվյալ տարիքային փուլում:

Որպեսզի ճիշտ ընտրել երեխաների ուսուցման, դաստիարակության և զարգացման համապատասխան մեթոդները, կարևոր է նախապես որոշել երեխայի զարգացման մակարդակի, զարգացման խանգարումների և շեղումների պատճառների բացահայտումը: Հետևաբար, հոգեբանական հետազոտմանը պետք է նախորդի բժշկական հետազոտումը, այդ թվում նաև` հոգենևրոլոգիական, ֆիզիոլոգիական, հոգեֆիզիոլոգիական, որպեսզի ի սկզբանե բացահայտել այդ խանգարումը պայմանավորող կենսաբանականի և սոցիալականի հարաբերակցության աստիճանը: Այդ կոմպլեքսային հետազոտման արդյունքում մասնագետներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր արդյունքները:

Հոգեբանական հետազոտությունն անցկացվում է ընդհանուր հետազոտման համակարգի ներքո` հատուկ մասնագետների կողմից, որոշակի մեթոդների միջոցով: Այն կոչված է բացահայտելու երեխայի հոգեկան զարգացման առանձնահատկությունները: Արդյունքները հաճախ կարող են հանդիսանալ հիմնարար չափանիշներից մեկը` ընդհանուր բժշկահոգեբանամանկավարժական հետազոտման մեջ:

Օգտագործված գրականություն

Ա.Ա. Նալչաջյան, «Տարիքային և մանկավարժական հոգեբանություն» 1977

Ա.Վ. Պետրովսկի «Տարիքային և մանկավարժական հոգեբանություն» 1977 Обухова Л.Ф. Детская (возрастная) психология. М., Российское педагогическое агентство. 1996

Кулагина И.Ю. Возрастная психология. (Развитие ребенка от рождения до 17 лет). – М.,1996.

Мухина В.С. Возрастная психология: феноменология развития, детство, отрочество. – М., 1997.

Немов Р.С. Психология: Учеб. для студентов высш. пед. учеб. заведений: В 3 кн. – М., 1994. – Кн.2. Хрестоматия по детской психологии / Под ред. Г.В. Бурменской. – М., 1996.

Шаповаленко И.В. Возрастная психология (Психология развития и возрастная психология). — М.: Гардарики, 2005.

 

Նյութը պատրաստեց «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հատուկ հոգեբան, մանկավարժ՝ Աննա Գևորգյանը

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *