Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Երջանկաբեր ուղին սկիզբ է առնում զոհողությունից

Սիրո և խաղաղության մեջ ապրելը երջանկացնում է մարդուն, իսկ երջանկաբեր ուղին սկիզբ է առնում զոհողությունից: Ցավալիորեն ոչ միշտ է, որ մարդը կարողանում է երջանկության այդ զգացումն ապրել: Շատ անգամ գլուխ բարձրացած եսասիրության մեղքը խլացնում ու սպանում է երջանկության աղբյուրը՝ սերը մերձավորի հանդեպ: Աստված հորդորում է սիրել մերձավորին և ցույց է տվել օրինակը, որը միշտ մարդու հետ է, այդ օրինակը՝ հենց ինքը մարդն է: Ամեն մարդ գիտի, թե որքան է ինքն իրեն սիրում, և Աստված հորդորում է այդ սիրով սիրել մերձավորին (Մարկ. 12:31): Սիրո պատգամի իրագործումն ավելի դյուրին կդառնար, եթե մարդիկ հիշեին, որ իրենք Աստծո մեծ ընտանիքի անդամները լինելուց բացի, Պողոս առաքյալի խոսքի համաձայն, կազմում են հոգևոր մեկ մարմին՝ եկեղեցի, որի գլուխը Քրիստոսն է (Հռոմ. 12:5, Եփես. 1:23): Իսկ ի՞նչ հարաբերություն կարող են ունենալ այդ մարմնի անդամները՝ մի՞թե թշնամական, օրինակ՝ ձեռքը կարո՞ղ է ոտքի, կամ աչքը ականջի դեմ դուրս գալ: Իհարկե ոչ, մարմնի բոլոր անդամները գործում են միմյանց հետ փոխհամաձայնությամբ, եթե մարմնի մեկ անդամ ցավ զգա, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մեկ անդամը պատվվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները (Ա Կորնթ. 12:26):

Փրկչի կամքն է, որ Իր մարմնի անդամներն ապրեն ճշմարտության համաձայն և աճեն ու զորանան սիրո մեջ (Եփես. 4:15-16): Փրկչի կամքին հետամուտ լինելով՝ Ավստրիայի Ֆորալբերգի մարզում գործող “Armenische Sonne des Bodensees” («Բոդենզեի հայկական արևը») հայկական բարեգործական հիմնադրամը համավարակի այս օրերին իր աջակցությունը ցուցաբերեց արև Ադրիանայի (երեք ամսեկան) ընտանիքին: Մայիսի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Ադրիանայի մայրիկին՝ Մաթևոսյան Ալլային (35տ.), փոխանցեց հիմնադրամի կողմից տրամադրած դրամական աջակցությունը (100 եվրո): Ալլան իր ամուսնու, սկեսուրի և երեք զավակների հետ բնակվում է ք. Գորիս Արտաշեսյաններ 67 հասցեում: Ալլան իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և բարեգործական հիմնադրամին՝ աջակցության համար:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն