Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Երկվորյակներ․ պատմություն քրոջ սիրո մասին, որն աշխարհի համար փրկեց հրաշալի արվեստագետին

Քննադատությունից հետո նրան կոչում էին հանճար։ Հետագայում արձանը, որում քույրերը հուսահատորեն ձգվում են մեկմեկու, կեղեքում էր այն տեսնող մարդկանց սրտերը։ Սկզբում, սակայն, նկարչուհուն փակել էին հոգեբուժարանում։
Հուդիթ և Ջոյս
1943 թվականին Օհայո նահանգում, ամերիկյան Սկոթ հասարակ ազգանունը կրող մի հասարակ ընտանիքում երկվորյակ ծնվեց, երկուսն էլ աղջիկ՝ Հուդիթը և Ջոյսը։ Չնայած երկվորյակ լինելուն, բոլորն ապշել էին, թե որքան տարբեր էին նրանք։ Ջոյսը սիրունիկն էր, իսկ Հուդիթին զարհուրելի էին համարում։ Ծնողները սակայն հաստատակամորեն որոշել էին նրանցից ոչ մեկի չտարանջատել։
Ի սկզբանե նրանց միանման էին հագցնում, խրախուսում էին ընկերանալ ու օգնել միմյանց, միանման խաղալիքներ էին նվիրում։ Հուդիթը, ճիշտ է, մի փոքր տարօրինակ էր․ գրեթե չէր խոսում և հասկանում էր, կարծես թե, միայն իր բարեկամներին։ Բոլորը հուսով էին, որ դպրոցն այդ կուղղի։
Ընտանեկանն անդորրը խախտվեց, երբ աղջիկները բոլորեցին յոթ տարին և գնացին դպրոց։ Ընդունելության քննությանը Հուդիթը չկարողացավ պատասխանել և ոչ մի հարցի, չնայած որ լավ ծանոթ էր թեմաներին։ Ավելի ուշ պարզ է դառնում, որ նա լսողության խանգարում ունի փոքր տարիքում խոզուկով հիվանդանալու պատճառով և մասամբ հասկանում էր բարեկամներին՝ կարդալով շրթունքների միջոցով, բառերը մասամբ ճանաչելով ըստ ինտոնացիայի։
Ծնողներին հայտարարեցին, որ երեխան կրթվելու ընդունակ չէ և քրոջ համար ավելի լավ կլինի, եթե նրան հանձնեն «հաստատությանը»։ Հակառակ դեպքում երկվորյակների էֆեկտի համաձայն Ջոյսն աստիճանաբար կիջնի քրոջ մակարդակին։
Այո, վատ լսողության պատճառով Հուդիթին տարան հոգեբուժարան։ Պատճառն անգամ այն չէր, որ նա Դաունի համախտանիշ ուներ, այո, նա Դաունի համախտանիշով էր ծնվել, այդ պատճառով էլ արտաքինն անսովոր էր։ Հոգեբուժարան տարան հանուն քրոջ, որին այդ բաժանումը մեծ ցավ պատճառեց։ Հուդիթին նույնպես։ Կլինիկայում նա տարիներ շարունակ տանջվում էր Ջոյսից բաժանման պատճառով։ Գուցե այդ հուդի ամենասարսափելի հիշողությունն էր, թե ինչպես էր հայրը գիշերով, որպեսզի Ջոյսը չտեսնի և լաց չլինի, «խանգարող» աղջկան գրկած մոտեցնում մեքենային։
Այն, որ Հուդիթը Դաունի համախտանիշ ունի և նա «երևի հիմար կլինի», ծնողները գիտեին ի սկզբանե։ Այն ժամանակ համախտանիշի մասին շատ բան հայտնի չէր։ Մորն ու հորն անմիջապես տեղեկացրել էին, որ դուստրը կմահանա դեռևս դեռահասության տարիքում։ Գուցե նաև այդ պատճառով էր, որ նրանք որոշեցին բաժանել երկվորյկներին։ Սկզբում, սակայն, նրանք հույս ունեին․ չէ՞ որ Հուդիթը խաղում էր մյուս երեխաների պես, կենցաղային հմտություններն էր յուրացնում և ուրախանում կյանքով։
Հիսունականներին այդպիսի պատմությունները շատ էին և ավարտվում էին այն բանով, որ մի օր, տասնյակ տարիներ անց, բարեկամը մահանում էր կլինիկայում։ Մյուս բարեկամները կամ մոռանում էին նրան, կամ էլ հիշում ծայրահեղ ամոթով․ ամաչում էին ոչ թե որովհետև իրենց հարազատին դուրս են նետել իրենց կյանքից, այլ որովհետև ունեցել են այդպիսի սխալ հարազատ մարդ։
Դավաճանություն, որը քանդեց ընտանիքը։ Նվիրվածություն, որը փրկեց այն։
Հուդիթն իսկապես մեծ դեր է խաղացել Ջոյսի զարգացման հարցում հենց այն բանով, որ մի օր անհետացել է նրա կյանքից։ Ջոյսի փոխարեն կարծես ուրիշը լիներ։ Այսօր գուցե դեպրեսիա կասկածեին, իսկ այն ժամանակ նա հանկարծ դարձավ շատ տխուր երեխա։ Փոխարենը դեպրեսիան արդեն կարողանում էին ախտորոշել մեծահասակների դեպքում, և այդ ախտորոշմամբ աղջիկների մայրը հայտնվեց կլինիկայում։ Հայրը նույնպես լավ վիճակում չէր․ ինֆարկտ էր տարել, իսկ երկրորդին չդիմացավ, ու Ջոյսը որբացավ տասնմեկ տարեկանում։
Դպրոցն ավարտելուն պես Ջոյսը հստակ որոշեց բուժքույր դառնալ և հոգ տանել հիվանդ երեխաների մասին։ Բոլոր երեխաների միջից նա նախընտրում էր Դաունի համախտանիշ ունեցողներին, որոնք այնքան նման էին Հուդիթին։ Հանուն այդ երեխաների նա դասեր առավ կլինիկական հոգեբանից, զարգացման առանձնահատկությունների գծով մասնագետի որակավորում ստացավ։ Նրա այցելուներից ոչ ոք, սակայն, Հուդիթը չէր։ Բայց առհասարակ կարո՞ղ է մի մարդը փոխարինել մյուսին։
Յուրաքանչյուր թանկ ու մտերիմ մարդու համար սրտում հատուկ տեղ կա, որը միայն նրանն է։ Հուդիթի տեղը բաց վերք էր։
Ջոյսը բանաստեղծություններ և գրքեր էր գրում, իսկ վերքը չէր ամոքվում, որքան էլ որ արվեստի միջոցով ցավից ազատվելու մեթոդները հարգի չէին։ Ջոյսը զեկույցներ էր կարդում և պայքարում մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների համար, սակայն վերքը չէր փակվում, որովհետև Հուդիթի համար ոչ ոք չէր պայքարել, երբ նա յոթ տարեկան էր։
Քառասուներկու տարեկանում Ջոյսը հասկացավ, որ քույրը կարող է դեռ կենդանի լինել՝ անկախ ամեն բանից, ինչ իրեն ասել են։ Դաունի համախտանիշ ունեցող տասնյակ մարդիկ հատել են դեռահասության տարիքը։ Եզակիներ էլ են եղել, որ ապրել են մինչև հիսուն տարի, բայց անգամ միլիոնից մեկն էլ հնարավորթւոյւն է, չէ՞։
Ջոյսը սկսեց բառի բուն իմաստով տանջել մորը, որը չէր ցանկանում պատասխանել և ոչ մի հարցի, լցնում էր աչքերը և խնդրում մոռանալ այդ մասին։ Ջոյսը դաժան էր ու անկոտրում։
Նա պարզեց ամեն բան, ինչ հնարավոր էր, վեր հանեց բոլոր փաստաթղթերը և գտավ այն կլինիկան, որտեղ տարել էին քրոջը։
Հուդիթը կենդանի էր։ Այդ գրեթե անհավանական էր։ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ հազվադեպ էին այդքան երկար ապրում։ Բժշկական քարտում նրա մասին միայն անբարենպաստ կարծիքներ էին գրված՝ չի շփվում շրջապատի հետ, լեզու չի գտնում երեխաների հետ, տագնապային է, ուտելիս անփույթ է, պատռում է հագուստը, երբեմն ագրեսիվ է լինում։ Զարմանալի չէ, որ նրան հոգեմետ նյութեր էին տալիս։
Սպասելի էր, որ նախկին Հուդիթից գրեթե ոչինչ չէր մնացել, կամ հենց ոչինչ չէր մնացել։ Հուդիթը, սակայն, մնացել էր։ Նա մնացել էր այնպիսին, ինչպիսին կար։ Տեսնելով Ջոյսին, նա սկսեց հեծկլտալ։ Նա անմիջապես ճանաչեց քրոջը, վաղուց արդեն հասուն, արդեն իր երեխաներն ունեցող, այլ սանրվածքով, այլ հագուստով քրոջը։ Ի՞նչ տարբերություն, եթե այդ Ջոյսն էր։ Ի՞նչ տարբերություն, մտածում էր Ջոյսը, այդ Հուդիթն է, եթե անգամ նրա մեջ Հուդիթից ոչինչ չի մնացել։
Այդ քանդակները հազարավոր դոլարներ արժեն։
Ջոյսն անցավ բյուրոկրատիայի դժոխքի բոլոր մասերով՝ ցանկանալով դառնալ քրոջ խնամակալ։ Այդ ամբողջ ընթացքում նա այցելում էր Հուդիթին, չնայած որ այդ այցերն իրենց հերթին մի առաձին դժոխք էին, որովհետև Հուդիթը, ամեն անգամ Ջոյսին տեսնելով, հեծկլտում էր այնպես, որ մարդու սիրտ էր պայթում։ Ջոյսի երեխաներն ամեն այցի ժամանակ իրենց ապրած սարսափն են հիշում։ Քառասունչորս տարեկանում Հուդիթն ընտանիք վերադարձավ։ Նա Ջոյսի հետ նրա նոր տունը գնաց, որն Օկլահոմա նահանգում էր։
Երևի պատահական համընկնում է, հենց Օկլահոմայում էր գործում այն ժամանակ նմանը չունեցող գեղարվեստի վերականգնման կենտրոնը։ Ջոյսը, Հուդիթի բժշկական քարտից հիշելով, որ նա փոքր ժամանակ միշտ փորձել է կլինիկայում նկարել, իսկ բուժքույերը նրա «ագրեսիվության» պատճառով խլել են մատիտները, Հուդիթին գրանցում է այդ կենտրոնում՝ հուսալով, որ կուրախացնի նրան ու կվերադարձնի կյանքի հանդեպ հետաքրքրությունը։
Երկու տարի շարունակ Հուդիթն այցելել է այդ կենտրոն, սակայն նրան ոչինչ չի հետաքրքրել այնտեղ։ Նրան հանձնարարել են ծեփելով որևէ բան սարքել, իսկ նա միայն տրորել է կավը։ Նրան հանձնարարել են նկարել, իսկ նա մեխանիկորեն գունավոր գծեր է քաշել թղթին։ Ջոյսը, տեսնելով այդ, հասկացել է, որ Հուդիթի կյանքում արվեստն այլևս տեղ չունի։ Հուդիթի այդ մասը կործանել են։ Գուցե պետք էր դադարեցնել հանուն անիմաստ դասերի քրոջն այդքան հեռու տանելը։
Ինչպես միշտ գործին խառնվում է պատահական դեպքը։ Հուդիթը կենտրոն էր գնում, մինչև սպառվեր աբոնեմենտը։ Նա պատահականորեն հայտնվում է տեքստիլի դասին և վերափոխվում է։ Առաջին անգամ սկսում է հետաքրքրությամբ դիտել։ Առաջին անգամն է լինում, որ նա անգամ չի փորձում կատարել առաջադրանքը։ Նա ձեռքն է առնում թելերը և սկսում զարմանալի ինչ-որ բան ստեղծել, էսպրեսիվ, բոլորովին անձև, իր առաջին արձանը տեքստիլից։
Ավելի ուշ՝ առաջին ցուցահանդեսներից մեկի ժամանակ, պրոֆեսիոնալ քննադատները բացականչում են՝ այդ արձանները հազարավոր դոլարներ արժեն։ Իսկ մինչ այդ այդ պարզապես Ջոյսի քրոջը կյանքի հանդեպ հետաքրքրությունը վերադարձնելու հնարավորություն էր։
Հուդիթը բավականին երկար է ապրում որպես Դաունի համախտանիշ ունեցող կին, որը մանուկ հասակում հոգեբուժարանում է հայտնվել՝ անտարբեր մարդկանց միջավայրում, երեսուն տարի շարունակ հոգեմետ դեղեր է կուլ տվել, երեսուն տարի շարունակ չի կարողացել իր համար ընկեր գտնել և մոռանալ իր ընտանիքին։ Վաթսունմեկ տարի։ Նա ապրել է հանուն արվեստի։ Արարել է անդադար։
Նա միշտ իմացել է, թե երբ է ավարտել աշխատանքը։ Գրեթե միշտ նա նույն արձանից երկու օրինակ է սարքել․ վերստեղծել է «երկվորյակներին», ստեղծել է «զույգերի» ձեռակերտ աշխարհ։ Այդ երկորյակները ժամանակ առ ժամանակ ձգվում են իրար։
Նրա արձանները փոքրիկ էին ու հսկայական։ Երբ կենտրոնի ղեկավարներն ու ուսուցիչները հասկացան, թե ինչ են տեսնում իրենց առջև, Հուդիթին առանձին սեղան հատկացրին և քարտ-բլանշ տվեցին։ Նա երկար տարիներ արարում էր իր սեղանի մոտ նստած և միշտ նրա վրա անավարտ աշխատանք էր թողնում մինչև հաջորդ այցը։ Նրան թույլատրված էր վերցնել ցանկացած պարագա կամ աշխատանյութ։
Եթե հավաքեն Հուդիթի բոլոր աշխատանքները, ցուցադրեն ըստ ժամանակագրության, անհավանական մի բան է ստացվում․ իրկյանքի ամբողջ պատմությունը։ Մանկության վառ ու ուրախ հիշողությւոններն սկզբում, հետո տխուր, դժգույն քանդակները, որոնք խոսում են բաժանման և կլինիկայի կյանքի մասին, միմյանց ձգվող երկվորյակներ՝ այդ պատմության մշտական մոտիվը, կապակցված առաջին վկայության՝ ստեղծված ոչ վերբալ մարդու կողմից։
Որքան շատ է Հուդիթն արարում, այնքան շատ էր փոխվում։
Վախը նահանջում էր։ Նա ավելի ինքնավստահ էր դարձել, ներքին արժանապատվությամբ լի կին։ Սիրեց վառ գունավորմամբ զարդերը, շարֆերը, հագնվում էր այնպես, ինչպես ընդունված էր էստրավագանտ արվեստագետների շրջանում։ Որտեղի՞ց նրանում այդքան ուժ, որ երեսուն տարվա մեկուսացումից, սառնությունից, ստորացումներից հետո վերադառնա որպես անհատականություն։
Միայն արվեստը բավական չէ դրան հասնելու համար։ Պատասխանը, գուցե, թաքնված է մի անվան մեջ միայն՝ Ջոյս։ Քրոջ սերը կյանք տվեց այդ անհավանական պատմությանը, քրոջը ընկերությունը օրորոցից մինչև հանդիպումը երկար բաժանումից հետո և այլն։
Երբ առաջին ցուցահանդեսի ժամանակ քննադատները տեսան Հուդիթի աշխատանքները, պարզապես ապշեցին։ Արտահայտչականության մակարդակը, ներկերի և ֆակտուրաների ընտրությունը Դաունի համախտանիշ ունեցող կնոջ «սարքածները» դրեցին քսաներորդ դարի սկզբի աբստրակցիոնիստների գործերի կողքին։ Տարբերությունն այն էր, որ ներկերի կամ գիպսի փոխարեն Հուդիթն ամուր հիմքի վրա թելեր և կտորի լաթեր էր օգտագործել։
Հուդիթ Սկոթը մահացել է 2005 թվականին։ Նրա արձանները պահվում են Նյու-Յորքի, Լոնդոնի և Փարիզի թանգարաններում։ Դրանց արժեքը հասնում է 20 000 դոլարի, իսկ եթե այդ բոլոր արձանները թողնեին մեկ միասնական պատմության տեսքով, ապա այդ կոմպոզիցիան անգին կհամարվեր, այդպես են ասում արվեստագետները։
Այն մարդիկ, որոնք հայտնվել են այդ արձանների սրահում, կանխավ ոչինչ չիմանալով դրանք ստեղծողի մասին, պատմում էին տարօրինակ զգացման մասին, գրեթե վերերկրային ցնցման մասին, որը պատել է նրանց։ Ոչ մի կախարդանք։ Պարզապես հանճարեղություն, փոքրիկ, խուլ, դպրոցի քննությունը տապալած Դաունի համախտանիշ ունեցող կնոջ հանճարեղություն։
Թարգմանությունը՝ Լիլիթ Մուրադյանի

Թողնել մեկնաբանություն