Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Կատարելության տանող ուղիներից մեկը

Ողորմածությունը կատարելության տանող ուղիներից մեկն է: Այս առաքինությունը, ինչպես նշում է Ս. Հովհան Ոսկեբերանը, նախ և առաջ կարևոր է ողորմություն տվողի համար: Այս միտքը շատ անգամներ է կրկնել սուրբը. «Աստված հորդորեց ողորմած լինել, որպեսզի ոչ միայն աղքատները հագենան, այլ նաև ողորմածները բարիք ստանան և ավելի շատ, քան ողորմություն ստացողները: Աստված ողորմած լինելու հորդորը տվեց ոչ այնքան աղքատների, որքան ողորմածների համար: Ինչո՞ւ. քանի որ վերցնողը ստանում է միայն նյութական օգնություն, իսկ տվողը ստանում է հոգևոր օգուտ, որն ավելի կարևոր է: Վերցնողի մարմինն է սնվում, իսկ տվողի՝ հոգին: Աղքատները մեր հոգու բժիշկներն են, բարերաներն ու պաշտպանները, քանի որ դու այնքան չես տալիս, որքան ստանում ես, տալիս ես արծաթ, ստանում ես Երկնքի Արքայություն, թեթևացնում ես աղքատությունը, բայց հաշտեցնում քեզ Տիրոջ հետ: Տեսնո՞ւմ ես, որ հատուցումն անհավասարաչափ է»:

Բոլոր ժամանակաշրջաններում ողորմածության առաքինության կարևորությունը գիտակցող անձինք համախմբվել են սիրո գաղափարի շուրջ և սիրո լույսի տարածողները դարձել: Սեպտեմբերի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Ալեքսան Թերիսբաշյանին (37 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Գևորգյան Նարինեն: Ալեքսանն իր կնոջ և չորս զավակների հետ բնակվում է Արմավիր քաղաքի Թամանյան փ. 29/1 հասցեում: Ընտանիքի հայրը մշտական աշխատանք չունի, բազմազավակ ընտանիքն իր նվազագույն կարիքները փորձում է հոգալ ընտանեկան նպաստի գումարով: Թերիսբաշյան ընտանիքի կրտսեր զավակը՝ Լիդիան (4 տ.), Դաունի համախտանիշ ունի: «Լիդիան մինչև յոթ ամսեկան առողջական խնդիրներ չուներ, հետո մեր փոքրիկը մանկական ինսուլտ տարավ, սկզբում շատ ծանր էր վիճակը, հիմա, փառք Աստծո, ապաքինվում է, և պետք է սիրտը հետազոտեն»,- ասաց Ալեքսանը և իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն