Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Փաստեր Դաունի համախտանիշի մասին

Մարտի 21-ին նշվում է Դաունի համախտանիշի միջազգային օրը, որն օրացույցում իր տեղն է գտել 2005 թ․-ից։ Նախաձեռնողներն այդ թեմայով IV սիմպոզիումի մասնակիցներն էին։ 2012թ․-ից ի վեր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այն հռչակել է որպես Դաունի համախտանիշի համաշխարհային օր և կոչ արել անդամ բոլոր պետություններին և միջազգային այլ կառույցներին մարտի 21-ը նշել հատուկ կերպով՝ նպաստելով հասարակության իրազեկմանը։

Մարտի 21-ը պատահական ընտրություն չէ․ այն խորհրդանշական է։ Պատճառը քրոմոսոմներից մեկի տրիսոմիան է․ Դաունի համախտանիշ ունեցող մարդու 21-րդ քրոմոսոմը առկա է լինում երեք զույգով։ Օրացուցային «լեզվով» թարգմանելիս ստացվում է երրորդ ամսի 21-րդ օրը։

Դաունի համախտանիշով մարդիկ կոգնիտիվ խանգարումներ են ունենում, սակայն այդ չի ազդում նրանց տաղանդի և ընդունակությունների վրա։ Որոշակի պայմաններ ապահովելու դեպքում նրանք լիովին կարող են ապրել լիարժեք կյանքով։ Նրանք մեծ հակվածություն ունեն դեպի արվեստի տարբեր ճյուղերը՝ նկարչությունը, քանդակագործությունը և այլն։

Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին ավելի լավ է խնամել տանը, ընտանեկան ջերմության, սիրո և ուշադրության մթնոլորտում, այդպես նրանք ավելի արագ են զարգանում։ Միաժամանակ մասնագիտացված հաստատությունում առանց ծնողների գտնվելը կարող է ավելի շատ խոչընդոտել՝ արգելակելով նրանց զարգացումը։

2013 թվականին Մասաչուսեթսի համալսարանի բժշկական ֆակուլտետի գիտնականներին հաջողվել է արգելափակել 21-րդ քրոմոսոմի երրորդ զույգը։ Նրանք պնդում են, որ այդ հաջողությամբ ապագայում հնարավոր կլինի կանխել Դաունի համախտանիշի զարգացումը։

Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ կարող են կրթություն ստանալ և համապատասխան մեթոդիկաների կիրառման դեպքում կարող են զարգացնել ինտելեկտը։ Նրանք կարող են ոչ միայն ինքնասպասարկման հմտություններ ձեռք բերել, այլև կարդալ, գրել ու հաշվել սովորել։ Նրանց ինտելեկտի գործակիցը (IQ) տատանվում է 20-ից 75-ի սահմաններում (նորմա է համարվում 70-ից բարձր ցուցանիշը)։

Արև երեխաներ, այդպես են կոչում Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին։ Նրանք բարյացակամ են, տաղանդավոր, շատ նրբազգաց ու բարի։ Նրանք անմիջապես զգում են իրենց հանդեպ անկեղծ վերաբերմունքը և տանել չեն կարողանում կեղծիքը։

Դաունի համախտանիշը ամենահաճախ հանդիպող գենետիկ շեղումն է։ Այն հնարավոր չէ բուժել, հնարավոր չէ դրանով վարակվել․ չէ՞ որ այն հիվանդություն չէ։ Այդ համախտանիշն ունեցող մարդկանց իմունիտետը, սակայն, թույլ է, և նրանք հաճախ են ուղեկցող հիվանդություններ ունենում, որոնցից որոշները հնարավոր է շտկել կամ բուժել։

Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց կյանքի տևողությունը վերջին տարիներին շեշտակի մեծացել է և կազմում է 60 տարի (1983 թվականին եղել է 25 տարի)։

Ախտորոշման զարգացման շնորհիվ արդեն հնարավոր է Դաունի համախտանիշ հայտնաբերել հղիության ընթացքում։ Այդ նպատակով հղիության առաջին եռամսյակում հատուկ սկրինինգ է կատարվում, որը ներառում է արյան հետազոտություն և ուլտրաձայնային հետազոտություն։ Այդ հետազոտությունների արդյունքում, սակայն, հնարավոր է ստանալ ինչպես կեղծ դրական, այնպես էլ կեղծ բացասական արդյունք։ Առավել հավաստի է համարվում հարպտղային հեղուկի (ամնիոցենտեզ) և սաղմնային կառույցների հետազոտությունը, չնայած որ դրանք էլ չեն կարող 100% արդյունք ապահովել։

Դաունի համախտանիշ ունեցող երեխաները դժվարությամբ են զարգանում իրենց հասակակիցների համեմատ։ Սակայն ընտանիքի և մասնագետների աջակցության շնորհիվ նրանք կարող են սովորել քայլել և խոսել, գրել և կարդալ, նկարել և հեծանիվ քշել, նվագել և սպորտով զբաղվել, հետաքրքրություններ ունենալ, մանկապարտեղ կամ և դպրոց գնալ և այլն, մի խոսքով՝ կարող են անել այն, ինչ կարողանում է անել ցանկացած երեխա։ Նրանք կարող են ընկերներ ունենալ, սիրահարվել, երջանիկ լինել ու երջանկացնել մյուսներին։ Մեզնից ցանկացածի պես Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ էլ եզակի են։ Ունեն իրենց բնավորությունը, հնարավորությունները, հետաքրքրություններն ու նախասիրությունները։ Իրականում նրանք անցնում են զարգացման այն փուլերով, ինչ բոլոր երեխաները, պարզապես նրանցից ավելի երկար ժամանակ է պահանջվում։

Կան թատերական խմբեր, որոնց բոլոր դերասանները Դաունի համախտանիշ ունեն։ Այդպիսին է օրինակ Մոսկվայում գործող Պարզասիրտների թատրոնը (Театр простодушных), իսկ Հոլանդիայում պրոֆեսիոնալ նվագախումբ կա (Jostiband Orkest)։

Դաունի համախտանիշ ունեցող մարդը կարող է Անդրեյ Վոստրիկովի և Մարիա Լանգովայայի նման հայտնի սպորտսմեն, Պաբլո Պինեդայի և Սերգեյ Մակարովի պես հայտնի դերասան դառնալ, նկարիչ, ինչպես Ռեյմոնդ Խուն և այլք։ Ու առհասարակ․․․ Նա կարող է լինել պարզապես ձեր երեխան, ընկերը, հարևանը կամ բարեկամը․․․ Նա արժանի է հարգանքի առնվազն այն բանի համար, որ ամեն օր հաղթահարում է ձեզ անծանոթ բազմաթիվ դժվարություններ։

 

Հոդվածը կազմվել է հետևյալ կայքերի նյութերի հիմա վրա՝ (Ձեզ համար դնում եմ բուն հոդվածների հղումները, սակայն ֆեյսբուքում դնելու դեպքում կարելի է միայն կայքի անունը գրել)

  1. http://www.aif.ru/dontknows/1225220
  2. http://vitaportal.ru/medicine/meditsinskaya-genetika/fakty-o-sindrome-dauna-kotorye-dolzhen-znat-kazhdyj.html
  3. https://inima.org/2017/interesnye-fakty-o-sindrome-dauna/
  4. http://interesno.cc/article/11568/6-vazhnyh-faktov-o-sindrome-dauna-kotorye-dolzhny-znat-vse

 

Կազմող՝ Լիլիթ Մուրադյան

Թողնել մեկնաբանություն