Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Սեռական դաստիարակություն. առողջ կյանքի հիմքերը (մաս 4-րդ)

Հիգիենա և խնամք

Դեռահասության շրջանում ձեր երեխային անհրաժեշտ կլինեն խնամքի վերաբերյալ հավելյալ խորհուրդներ, որպեսզի նա կարողանա խուսափել հասկակիցների միջավայրում չհասկացված լինելուց: Ըստ որում, հիգիենան ավելի շուտ մաքրությանն է վերաբերում, իսկ խնամքը ենթադրում է այն, ինչն օգնում է լավ տեսք ունենալ՝ մազերի և եղունգների հարդարում, սափրում, գեղեցիկ ատամներ և այլն: Դեռահասներից մեծ մասի համար կարևոր է այն, թե ինչ տեսք ունեն իրենք՝ անկախ այն բանից դա սովորական զարգացող երեխա է, թե զարգացման առանձնահատկություններով դեռահաս: Ծնողների հետ զրույցում ես ընդգծում եմ այս հարցերի կարևորությունը՝ խորհուրդ տալով նրանց հնարավորինս վաղ շրջանում զարգացնել երեխայի մոտ էսթետիկ ճաշակ և լավ սովորություններ:
Դունի համախտանիշ ունեցող երեխաներին հիգիենայի կանոններ սովորեցնելն առաջին հերթին ենթադրում է քայլ առ քայլ սովորեցնել լվացվել: Այստեղ ամենակարևոր նպատակն այն է, որ ամենօրյա հիգիենիկ պրոցեդուրաները երեխան կատարի ինքնուրույն: Սակայն հիշե՛ք, որ այդ նպատակին հասնելու համար ժամանակ է պետք: Որպես մեծահասակ՝ մենք կարող ենք և մոռացած լինել, թե որքան դժվար է երեխայի համար հիգիենիկ պրոցեդուրաներն ինքնուրույն կատարելը: Այդ պատճառով շատ ծնողներ խնդրի լուծման ճանապարհը բաժանում են փոքրիկ քայլերի: Օրինակ՝ ցնցուղի տակ լոգանքի գործընթացը կարելի է բաժանել հետևյալ կերպ՝ որոշել և ճիշտ ընտրել ջրի ջերմաստիճանը, օճառել մազերը և լվանալ, օճառել մարմնի վերևի հատվածը, օճառել մարմնի ներքևի հատվածը, լվանալ ողջ մարմինը և այլն: Եթե երեխան մեկ անգամ սովորի ընդամենը մեկ գործողություն, շատ շուտով նա հաջողության կհասնի:

Հիգիենայի և խնամքի հետ կապված հնարավոր խնդիրները

Մարմնի խնամքի հանդեպ երեխայի մոտ հետաքրքրություն առաջացնելը մեծ խնդիր է շատ ընտանիքների համար: Եթե երեխան վճռականորեն չի ցանկանում զբաղվել դրանով, դուք ստիպված կլինեք այդ դիմադրությունը հաղթահարելու միջոցներ փնտրել: Դուք ձեր երեխային ավելի լավ եք ճանաչում, քան որևէ մեկը: Հնարավոր է՝ ստիպված լինեք ստեղծագործաբար մոտենալ հարցին: Օրինակ՝ եթե նա չի ցանկանում երեկոյան լոգանք ընդունել (երբ հոգնածությունն ու համառությունը գագաթնակետին են հասնում), փորձեք դա առավոտյան անել: Մտածեք, թե ինչով կարելի է պարգևատրել երեխային (այսպես կոչված դրական ամրապնդում). դա կարող է լինել ֆիլմի դիտում կամ խաղի համար նախատեսված ազատ ժամանակ: Կարևոր է երեխայի ինքնուրույն դառնալուն զուգահեռ աստիճանաբար քչացնել այդպիսի դրական ամրապնդումը:
Մտածեք այն ամենի մասին, ինչը կարող է խանգարել երեխային: Օրինակ՝ իմ աղջիկը սկզբում ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ՝ ինչքան շամպուն պետք է օգտագործի մազերը լվանալու համար: Արդյունքում՝ նա չէր կարողանում լավ լվանալ մազերը և տպավորություն էր, թե միշտ կեղտոտ մազերով է: Ավելի ուշ մենք հասկացանք, որ մազերը լվանալուն նա շատ քիչ ժամանակ է տրամադրում: Նաև պարզվեց, որ աղջկաս տհաճ է, երբ ջուրը ուժեղ շիթով թափվում է իր գլխին («Ցավում է»,-ասում էր նա): Մենք փոխեցինք ջրի ուժգնությունը, ինչն էլ դարձավ ստեղծված իրավիճակի համար լուծում: Մեկ ուրիշ անգամ ես փոխել էի շամպունի տեսակը՝ մոռանալով ասել այդ մասին Աննային: Դրանից հետո մի քանի անգամ նա չէր կարողացել գտնել շամպունը և դրա փոխարեն օգտագործել էր մարմնի կամ լոգանքի գել: Արդյունքը պարզ էր՝ չլվացված մազեր և մարմին: Ի վերջո, մենք գնեցինք հիգիենիկ միջոցներով հատուկ զամբյուղ միայն Աննայի համար, և խնդիրը լուծում ստացավ:
Մի՛ մոռացեք, որ մարմնի խնամքը հեշտ առաջադրանք չէ երեխայի համար, և երեխային նման հմտություններ սովորեցնելը մեզանից՝ ծնողներից, պահանջում է բավականին ջանքեր և համբերություն: Մի քանի կարևոր պահ.
· Թո՛ւյլ տվեք երեխային ակտիվորեն մասնակցել հիգիենիկ պարագաների ընտրությանը: Հատկապես, որ խանութներում շատ են իրեր, որոնք դեռահասների շրջանում նորաձև է ունենալ: Դա երաշխիք կդառնա, որ երեխան ձեռք բերված միջոցը հաճուքով օգտագործի:
· Հեշտացրե՛ք մարմնի խնամքով զբաղվելու ընթացքը: Այսպես, լողանալու համար երեխային անհրաժեշտ է միայն օճառ (Դաունի համախտանիով երեխաների համար օճառը պետք է լինի խոնավեցնող, օրինակ՝ «Դավ») և շամպուն:
· Երեխային հիգիենայի կանոնները սովորեցրեք քայլ առ քայլ: Որոշ ժամանակ սովորեցրեք մի քայլը, մինչև որ երեխան յուրացնի և ամրապնդի, հետո անցեք հաջորդ քայլին:
· Գովե՛ք և խրախուսե՛ք իրեն հետևելու երեխայի կարողությունը, հատկապես երբ նա դա ինքնուրույն է անում: Դա դեռահասի հասունացման նորմալ մաս է:
· Ուշադրությո՛ւն դարձրեք այն բանին, թե ինչ վիճակում են երեխայի եղունգները, մազերը, ինչ է նա հագնում: Եթե ձեր երեխան ինքն է նորաձևության հանդեպ հետաքրքրասիրություն դրսևորում, թույլ տվեք նրան մասնակցել իրերի կամ հագուստի ընտրությանը:
· Գոնե երբեմն ծանոթացրեք երեխային խնամքի՝ թուլացնող, հաճելի պրոցեդուրաներին, օրինակ՝ մատնահարդարում, լավ սանրվածք և դիմահարդարում, որոնք իրականացնում են մասնագետները:

Սոցիալական հմտությունները դեռահասության շրջանում

Հոդվածի առաջին մասում մենք խոսել ենք այն մասին, թե որքան կարևոր է սոցիալական հմտություններ փոխանցել երեխային վաղ տարիքում (նորմեր, վարվեցողություն): Երեխայի աճին զուգահեռ՝ նրա իմացական կարողությունները պահանջում են հավելյալ մարզումներ: Ընդ որում, շատ մասագետներ համոզված են՝ երբ խոսքը վերաբերում է մտավոր շեղումներով երեխաներին, պետք է հաղորդակցման արվեստը սովերեցնել միայն անհատապես (իմանալով ուժեղ և թույլ կողմերը), նպատակաուղղված (կենտրոնանալով վարքային կոնկրետ մոդելների վրա)՝ ժամանակից կախված տալով զանազան հրահանգներ: Դա նշանակում է, որ մենք որպես ծնող պետք է հասկանանք՝ ներառական միջավայրը ինքնստինքյան և ավտոմատ կերպով չի կարող զարգացնել մեր երեխաների շփվողականությունը: Ոչ, յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում նրանց անհրաժեշտ է առանձին կողմնորոշել՝ այդ թվում և ստեղծելով հարմար իրավիճակ մարզվելու համար:
Շատ ծնողներ չգիտեն, հատկապես ինչ սոցիալական հմտություններ է անհրաժեշտ զարգացնել երեխայի մոտ: Ահա դրանցից մի քանիսը՝ ամենաանհրաժեշտները.
· ողջույնի խոսքերի կիրառում՝ «ողջույն», «բարև ձեզ», «ցտեսություն». նա պետք է հասկանա, երբ է անհրաժեշտ սեղմել դիմացիի ձեռքը, իսկ երբ՝ գրկել նրան, · տեսողական կոնտակտի հաստատում, երբ երեխան խոսում է կամ լսում ուրիշին, · քաղաքավարի բառերի գործածում՝ «շնորհակալություն», «խնդրեմ», «ներեցեք»,
· օգնելու պատրաստակամություն կամ ցավակցում այն մարդուն, ով վատ է զգում:
Հիշե՛ք, որ դեռահասության շրջանը մի ժամանակաընթացք է, երբ երեխան սկսում է հետաքրքրություն դրսևորել ցանկացած տիպի հարաբերությունների հանդեպ: Դա նրանից պահանջում է բոլորովին տարբեր միջոցների տիրապետում: Օրինակ՝ հարաբերություններ հաստատելու և դրանք պահելու համար անհրաժեշտ են հետևյալ հմտություններն ու կարողությունները.
· ներկայանալ և ներկայացնել ուրիշներին,
· նախաձեռնել այլ մարդկանց հետ զրույց,
· ընկերների հետ հանդիպման ժամ նշանակել,
· ակտիվ լսել (զրուցել՝ ցույց տալով, որ լսում է դիմացինին և հասկանում լսածի իմաստը և առաջին հերթին՝ խոսողի զգացմունքները),
· հասկանալ հույզերը՝ և՛ խոսքային, և՛ ոչ խոսքային,
· գտնել զրուցակցի հետ ընդհանուր եզրեր,
· հաճոյախոսել և ընդունել հաճոյախոսություններ,
· փոխզիջումների գնալ:

Ինքնավստահությունը՝ որպես սոցիալական հմտություն

Շատ ծնողների համար սովորական բան է, որ իրենց մեծացող երեխաները աստիճանաբար ավելի շատ են սկսում խոսել իրենց որոշումների մասին, ընտրություն կատարել և քննարկել իրենց նպատակները: Սեփական ցանկությունները, պահանջմունքները, կարծիքը արտահայտելը, որոշում ընդունելը, այս ամենը հմտությունների հավաքածու է, որ մենք պիտի ունենանք անկախ լինելու համար, այլ մարդկանց հետ նորմալ հարաբերություններ ստեղծելու և պահելու համար: Այս հմտությունները պետք են, օրինակ, երբ մենք ծանոթանում ենք, հրավեր ենք ընդունում կամ ինքներս ենք հրավիրում կամ համաձայնում ենք ինչ-որ բանի:
Ինքնավստահությունը, համառ ու ամուր լինելու կարողությունը կարևոր է և այն ժամանակ, երբ մենք ինքնապաշտպանության և բռնությունը կանխելու մասին ենք խոսում: Մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց, որոնց մենք մղում ենք զիջող, պասիվ և ենթարկվող լինելու, դժվար է նման կարողություն ունենալ: Որպես ծնող՝ մենք պետք է հարգենք և երբեմն անգամ խրախուսենք մեր երեխաների համառությունը, եթե դա չի խանգարում պահպանել նրանց անվտանգությունը: Ընդհանրապես փորձե՛ք խուսափել այնպիսի արտահայտություններից, ինչպես օրինակ՝ «միշտ լսի՛ր, թե քեզ ինչ են ասում…» կամ «Քեզ ինչ ասում են դա էլ արա…»:
Շատ հաճախ մենք մեր երեխաներին թույլ ենք տալիս հավատալ ուրիշի կարծիքին ինքնուրույն ընտրություն կատարելու փոխարեն: Բայց եթե նրանց պատրաստի հրահանգներ առաջարկելու փոխարեն նման հնարավորություն տրվի, դուք կտեսնեք՝ ինչպես երեխան կսկսի ավելի արագ մեծանալ: Ընկերների, ընտանիքների կամ այլ մարդկանց հետ շփվելիս մեր երեխայի ինքնավստահ դիրքը խրախուսելով հնարավորինս վաղ՝ նրան հնարավորություն ենք տալիս գործնականում զարգացնելու հաղորդակցման հմտությունները, ըստ որում՝ անընդմեջ, և ոչ թե ժամանակ առ ժամանակ:
Պարզ օրինակ՝ ես և աղջիկս հանդիպեցինք ընկերների հետ Մակդոնալդսում: Աննան և իր ընկերուհին որոշեցին, որ որպես դեսերտ կընտրեն պաղպաղակ: Ես իմ աղջկան գումար տվեցի, իսկ ընկերուհիս իր աղջկան տվեց: Աղջիկները գնացին դրամարղի մոտ, և շուտով Աննայի ընկերուհին վերադարձավ՝ պաղպաղակը ձեռքին: Իսկ իմ աղջիկը, ակնհայտ նեղսրտած, դատարկաձեռն վերադարձավ: Խնդիրն այն էր, որ ընկերուհուս աղջնակը հերթի մեջ առաջինն էր կանգնած եղել և երբ հասկացել էր, որ իր գումարը չի բավականացնում, խնդրել էր (կամ գուցե ուղղակի վերցրել էր) Աննայի մոտ եղած գումարը: Ես զարմացած եմ, թե որքան է այդ իրավիճակը ազդել Աննայի վրա, որ նա մինչ օրս խոսում է այդ մասին:
Ցավոք կամ բարեբախտաբար, բայց կյանքը շատ հաճախ է նման անակնկալներ մատուցում մեր երեխաներին: Մի՛ վախեցեք դրանցից, բայց, այդուհանդերձ, փորձեք հիշել դրանք, հետագայում հակադարձ քայլեր ձեռնարկելու համար: Ինչպես ասում են, քանի դեռ մենք չենք սկսում «ոչ» ասել պարզ իրավիճակներում, մենք չենք կարող «ոչ» ասել լուրջ ու կարևոր իրադրության դեպքում:
Թարգմանությունը՝ Հասմիկ Հակոբյանի
Աղբյուրը՝ www.downsideup.ru

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.