Արև երեխաներ
Գրեք մեզ՝ downchildren@gmail.com
Զանգահարեք մեզ՝ +37491 047704

Թիմի մայրը հղիության 25-րդ շաբաթում աբորտ է արել, իսկ նա ապրել է 21 երջանիկ տարի

Թիմ Գվիդոն՝ հայտնի որպես «օլդենբուրգյան փոքրիկ», չպետք է ծնվեր։ Հղիության 25-րդ շաբաթում հայտնաբերվեց, որ նա Դաունի համախտանիշ ունի, և ծնողները որոշեցին ընդհատել հղիությունը։ Չնայած թերհասությանը և կյանքի առաջին ժամերի ընթացքում բժշկական օգնության բացակայությանը՝ տղան կենդանի է մնացել և երջանիկ կյանք ապրել խորթ ընտանիքում։ Թիմը մահացել է 21 տարեկանում, թոքի ինֆարկտից։

Գերմանիայում օրենքը թույլատրում է աբորտ անել մինչև հղիության 13-րդ շաբաթը, սակայն առանձին դեպքերում, երբ մայրը ֆիզիկական կամ հոգեբանական խնդիրներ է ունենում, թույլատրվում է հղիությունն ընդհատել նաև ուշ փուլերում։ Այդ պայմանները բավականացրին, որ Թիմի մայրը 1997 թվականի հուլիսի վեցին ընդհատի հղիությունը։

Ոչ ոք չէր հավատում, որ թերհաս տղան կենդանի կմնա արհեստական ծննդալուծումից հետո, սակայն նրա սիրտը բաբախում էր, նա շարժվում էր և լաց լինում։

Թիմի հասակն ընդամենը 32 սմ էր, քաշը՝ 690 գրամ։ Նրան փաթաթել էին ծածկոցով և մենակ թողել։ Ինը ժամ անց հերթափոխի եկած բժշկական նոր անձնակազմը հայտնաբերել է, որ Թիմը դեռ շնչում է և նրան տեղափոխել է վերակենդանացման բաժանմունք։

Նրա թոքերը զարգացած չեն եղել, բժշկական քարտում նշված է տասից ավել վնասվածք։ Թերհասությունն ու կյանքի առաջին ժամերի ընթացքում բժշկական օգնության բացակայությունն ավելի շատ էին ազդել նրա առողջության և զարգացման վրա, քան Դաունի համախտանիշը։ Խիստ վնսված են եղել երեխայի ուղեղն ու աչքերը, իսկ հետագայում նաև աուտիզմ է զարգացել։ Կյանքի առաջին տարիներն անցկացրել է հիվանդանոցում։ Ծնողները հրաժարվել էին երեխայից։

«Մենք անմիջապես որոշեցինք՝ նա մերն է»

1997 թվականի Ամանորից օրեր առաջ Բերնխարդ և Սիմոնա Գվիդոները որդեգրում են երեխային։ Նրանք արդեն իսկ երեխաներ ունեին և ցանկանում էին մի առողջ աղջիկ որդեգրել, սակայն նրանց զանգահարում են և առաջարկում տեսնել Դաունի համախտանիշ ունեցող մի տղայի՝ իր ախտորոշումների ցանկով։ Գվիդո ընտանիքն առանց վարանելու պատասխանում է «այո»։

«Երբ 1997 թվականի Ամանորին առաջին անգամ տեսանք Թիմին, արդեն գիտեինք, որ նա արտասովոր երեխա է»։ Այն ժամանակ դեռ չգիտեինք նրա ծննդյան պատմությունը, որի նպատակը մահն է եղել և ոչ թե կյանքը, բայց մենք անմիջապես հասկացանք, որ նա խարիզմայով և ապրելու մեծ ցանկությամբ մի մարդ է։

Ապրելու նրա դրամատիկ պայքարի մասին իմացանք, երբ արդեն որդեգրել էինք նրան, խորապես տպավորված էինք նրա ուժով»,- պատմում են Թիմի խորթ ծնողները։

Բերնխարդն ու Սիմոնան Թիմին առաջին անգամ տեսել են հիվանդանոցային սենյակի ապակե պատուհանից։ Որսացել են նրա հայացքն ու նույն վայրկյանին որոշել։ «Մենք անվարան որոշեցինք՝ նա մերն է»,- հետագայում գրում է Սիմոնան Թիմի հետ ապրած իր կյանքի մասին պատմող գրքում։

Հիվանդանոցից դուրս գրվելիս տղայի քաշը մի փոքր ավել է եղել՝ 1.5 կգ։ Բժիշկները կարծել են, որ Թիմը մեկ, առավելագույնը՝ երկու տարի կապրի։ Նա առողջական լուրջ խնդիրներ ուներ, ավելի շատ, քան Դաունի համախտանիշ ունեցող այլ երեխաները, իսկ չզարգացած թոքերի պատճառով ցանկացած վարակ կարող էր մահացու լինել։

Չնայած բժիշկների կանխատեսումներին՝ թիմը մեծանում էր իրեն սիրող ընտանիքում։ Հարազատներն ու ընկերները, որոնք սկզբում Բերնխարդին ու Սիմոնային խելագար էին համարում, շուտով սկսեցին օգնել նրանց։ Երբ հարազատ երեխաները մեծացան, ընտանիքում հայտնվեց Դաունի համախտանիշ ունեցող երկու երեխա։

Թիմի դեպքը հայտնի դարձավ ամբողջ Գերմանիայով մեկ՝ հղիության ուշ փուլերում աբորտ անելու թույլատրելիության մասին բազմաթիվ քննարկումների ու խոսակցությունների տեղիք տալով։ Թիմի հարազատ ծնողները դիմեցին դատարան կլինիկայի դեմ։ Նրանք հավաստիացնում էին, որ իրենց չեն տեղեկացրել, որ երեխան կարող է կենդանի ծնվել։ Շուտով գործը կարճվեց, և ծնունդն ընդունած բժիշկը տուգանվեց միայն երեխային անօգնական թողնելու համար։

21 շատ երջանիկ ու սիրուն տարի

Տղայի կյանքն անամպ չէր, իհարկե։ Կյանքի առաջին ժամերին առանց բժշկական օգնության մնալն ուժգին ազդել էր նրա առողջության վրա։ Թիմն այդպես էլ չսովորեց խոսել և հաղորդակցվում էր առանձին ձայներով ու բառերով։ Ծնողները մեծ ջանք թափեցին, որպեսզի նա սովորի լավ քայլել։ Շատ երկար ժամանակ նա հատուկ գլխարկ էր կրում, որպեսզի ինքնաագրեսիայի նոպայի ժամանակ ինքն իրեն չվնասեր։

Չնայած այդ հանգամանքին՝ նրա ծնողները ոչ մի պահ չեն զղջացել իրենց որոշման համար և մտքներով չի էլ անցել հրաժարվել տղայից։

«Բոլորն էլ մեզ կհասկանային, սակայն այդ երբեք էլ մեզ համար տարբերակ չի եղել։ Մենք միշտ վստահ ենք եղել, որ նա մեզնից մեկն է»,-ասում է Բերնխարդը։

Չնայած առողջական խնդիրներին ու դժվարություններին՝ Թիմն ապրում էր լիարժեք երջանիկ կյանքով։ Նա շատ էր սիրում թերապիայի ընթացքում լողալ դելֆինների հետ և Թեո անունով շան հետ ֆրիսբի խաղալ։

Քրոջ՝ Մելիսսայի հետ նա հատուկ դպրոց էր գնում։ Հանգստյան օրերին պարի դասերի էր հաճախում, շատ էր սիրում լողը և բատուտի վրա թռչկոտելը։

Նրա խորթ ծնողներն էլ ուրախ էին։ «Գերմանիայում կարծում են, որ հնարավոր չէ երջանիկ կյանքով ապրել հաշմանդամություն ունեցող երեխայի հետ»,- իր «Թիմն ապրում է» գրքում գրում է Սիմոնան։

Թիմն իր հարազատների հետ նշում է Ամանորը, սակայն տոներից հետո իրեն վատ է զգում և 2019 թվականի հունվարի 4-ին հանկարծամահ լինում թոքերի ինֆարկտից։

«Մեծ ցավ ենք ապրում, չգիտենք ինչպես պետք է հաշտվենք մեր որդու մահվան հետ, նա յուրօրինակ երեխա էր, կյանքով լի և ուրախություն էր սփռում շուրջ բոլորը։ 21 շատ երջանիկ ու սիրուն տարիներ էին»,-գրում են ծնողները։

 

Թարգմանեց Լիլիթ Մուրադյանը

 

Թողնել մեկնաբանություն