Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ո՞րն է հավիտենություն տանող մեր ուղին

Յուրաքանչյուր խելացի ճամփորդ ճամփորդության ընթացքում ուշադրություն է դարձնում, թե արդյոք ճիշտ ուղով է ընթանում: Այդպես էլ յուրաքանչյուր անձ՝ որպես ճամփորդ, կարիք ունի կանգ առնելու և քննելու, թե արդյոք ճիշտ ուղով է ընթանում: Դեպի հավիտենություն բոլորը չէ, որ նույն ճանապարհով են ընթանում: Սովորաբար մարդիկ դեպի հավիտենություն երկու ճանապարհով են ընթանում. ճանապարհներից մեկը տանում է դեպի հավիտենական երանություն, մյուսը՝ հավիտենական տանջանք: Տիրոջ խոսքի համաձայն՝ ճանապարհը, որ տանում է դեպի հավիտենական տանջանք, լայն է և ընդարձակ, և շատ են նրանք, որ մտնում են դրանով (Մատթ. 7:13): Մյուս ճանապարհը Քրիստոս անվանել է նեղ և դժվարին, և քչերն են միայն, որ գտնում են այն (Մատթ. 7:14): Նեղ ճանապարհով կամովին ընթացողին Տերն օգնում է հաղթահարել խոչընդոտները և առաքինաբար ընթանալ դեպի կյանք: «Մենք ամենքս էլ ճամփորդ ենք այս կյանքում, և մեր ընտրությունից է կախված, թե ինչպես կանցնենք այդ ճանապարհը և ի վերջո որտեղ կհայտնվենք»,- ասաց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և հավելեց. «Քրիստոնյայի ուղին խոչընդոտներով լի վերելք է, և մենք հոգևոր անդամալույծ ենք դարձել մեղավոր կրքերի ու տկարությունների պատճառով, ուստի մեծ հաստատակամություն է անհրաժեշտ կես ճանապարհից հետ չդառնալու և մինչև վերջ գնալու համար»:

Կյանքի ճանապարհով ընթացող ճամփորդներն առավել հաստատակամ են, երբ Քրիստոսահիմն եկեղեցում՝ որպես Քրիստոսի Մարմնի անդամներ, ուրախակից, աջակից և ցավակից են միմյանց: Հունիսի 26-ին Տեր Գրիգորը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Շահվերդյան Վարդուշին (28 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Վեց հոգուց բաղկացած Հովհաննիսյան ընտանիքը բնակվում է Արարատի մարզ գ. Մարմարաշեն 30 փ., 7 տ. հասցեում: Ընտանիքի երեք զավակներից Էլենը (7 տ.) Դաունի համախտանիշ ունի: Նա սովորում է Նոր Խարբերդի թիվ 2-րդ ներառական դպրոցում, հաճախում է «Արև-երեխաներ» ՀԿ-ի Արևի թատրոն, սիրում է երգել, պարել, խոհարարությամբ զբաղվել: Արև Էլենը ծննդյան օրվանից սրտի հետ կապված խնդիր ունի և գտնվում է սրտաբանի հսկողության ներքո: Հովհաննիսյան ընտանիքը ֆինանսական խնդիրներ ունի: Ընտանիքի մայրը՝ Վարդուշը, ասաց, որ ամուսինը մշտական աշխատանք չունի, և իրենց նվազագույն կարիքները փորձում են հոգալ ընտանեկան նպաստի ու Էլենին տրամադրվող հաշմանդամության գումարներով: Նա շնորհակալություն հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին՝ օգնության և աջակցության համար:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն