Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Ով սիրում է Աստծուն, նա պետք է իր եղբորն էլ սիրի

Քրիստոնյան կոչված է Աստծո խոսքը կյանքով ու գործով ուսուցանելու՝ չանտեսելով պատվիրաններից անգամ փոքրագույնը. «Ով որ ամենափոքր պատվիրանն իսկ զանց անի և ուրիշներին էլ այդպես սովորեցնի, Երկնքի Արքայության մեջ նա հետինը պիտի համարվի: Իսկ ով գործադրի պատվիրանները և ուսուցանի դրանք, Երկնքի Արքայության մեջ նա մեծ պիտի լինի» (Մատթ. 5:19):

Աստծո խոսքը կյանքով ապրողն իր սրտում կրում է աստվածային սերը, որը ծածկում է բազմաթիվ մեղքեր: Ս. Եփրեմ Ասորին ասել է. «Ի՞նչ օգուտ, եթե ունենանք ամեն ինչ, բայց չունենաք մեզ փրկող սերը: Ի՞նչ օգուտ, եթե մեկը մեծ ճաշկերույթ և անթերի հյուրասիրություն կազմակերպի, հրավիրի թագավորին ու իշխաններին, բայց ուտելիքն անալի լինի և սեղանին աղ չունենա դրված: Ոչ միայն հյուրասիրողի ծախսերն ու ջանքերն անտեղի և զուր կլինեն, այլ նա հրավիրվածների կողմից ծաղրանքի կենթարկվի: Այդպես է և այն պարագայում, երբ մարդը գործում է առանց սիրո: Ոչինչ մի ձեռնարկիր առանց սիրո: Եթե ասես, որ ատում ես եղբորդ, բայց սիրում եմ Քրիստոսին, ապա ստախոս կհամարվես: Այդպիսի մարդուն Հովհաննես ավետարանիչն ասում է. «Այն մարդը, որ ասում է՝ «Ես սիրում եմ Աստծուն», բայց ատում է իր եղբորը, ստախոս է: Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում: Մինչդեռ Քրիստոսի՝ մեզ տված պատվերն այս է, ով սիրում է Աստծուն, նա պետք է իր եղբորն էլ սիրի» (Ա Հովհ. 4:20-21)»:

Նոյեմբերի 8-ին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, համայնքի Տիգրանյան ընտանիքի կողմից Աբովյան Սեդային (63տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ): Սեդան իր տղայի՝ Մամիկոնի (24 տ.) հետ բնակվում է Ջրվեզի Մայակ թաղ. 26/1 շ., 8 բն. հասցեում: Մամիկոնը Դաունի համախտանիշ ունի, նա դժվարանում է խոսել, սիրում է սպորտով զբաղվել, հաճախում է «Արև-երեխաներ» ՀԿ-ի Արևի թատրոն և «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն: Ընտանիքը ֆինանսական դժվարություններ ունի, քանի որ տարվա ընթացքում, ինչպես նշեց տիկին Սեդան, Մամիկոնը բուժման կուրս է անցնում, ինչի համար իրենք դժվարանում են վճարել: Աբովյան ընտանիքը փորձում է իր նվազագույն կարիքները հոգալ ընտանեկան նպաստի և տիկին Սեդային տրամադրվող թոշակի գումարներով: Տիկին Սեդան իր երախտագիտությունը հայտնեց աջակից ընտանիքին՝ օգնության համար:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.