Երեխային այնպիսի առաջադրանքներ տվեք, որոնք ձևավորում են երկու ձեռքերով գործողություն կատարելու հմտությունը (թելի վրա ուլունքներ շարել, «Լեգո»): Օգտագործեք փոքր տարրեր կամ սնունդ (չամիչ, չոր նախաճաշ), որոնք պետք է վերցնել և լցնել տարրայի մեջ: Խաղացեք ջրով, մեծ թափվող նյութերով («կենդանի» ավազ, մանր ձավարեղեն): Երեխային ներգրավեք հագնվելու և հանվելու գործընթացում. կոճակները կոճկել/արձակելը, հագնել/հանել ձեռնոցները, գուլպաները, կապել և արձակել կոշիկի կապիչները և այլն:
Երեխաները շատ են սիրում մատներով նկարել: Կարող եք Ձեր երեխայի հետ միասին մատով նկարել սկուտեղի մեջ լցրած ձավարեղենի կամ ալյուրի վրա, հայելու վրա նկարել սափրվելու փրփուրով: Երեխայի՝ այս գործողության ուսուցման ալգորիթմը նույնն է, ինչ ցանկացած այլ խաղինը: Առաջին փուլում երեխան նկարում է ձեզ հետ, իսկ հետագայում դա կանի ընդօրինակելով ձեր ներկայացրած նկարը:
Երբ երեխան մեծանա, մատներով նկարելու հատուկ ներկ կամ գուաշ օգտագործեք: Կարող եք օգտագործել տարբեր պատկերների ձևաթղթեր (թուփ, ձուկ, տոնածառ և այլն), իսկ երեխան թփի վրա կնկարի հատապտուղներ, ձկան վրա՝ թեփուկներ, տոնածառի վրա՝ լույսեր, խաղալիքներ և այլն: Երեխաները սիրում են իրենց ձեռքերի մատնահետքերը թողնել: Ներկեք երեխայի ափը ներկով և տպեք թղթի վրա: Եվ դուք կարող եք այս մատնահետքերը տարբեր պատկերներ դարձնել, օրինակ՝ ընձուղտ կամ արև: Մատների զարգացման համար խմոր, պլաստիլին օգտագործեք: Պատրաստեք պինդ խմոր, որը կարելի է տարբեր գույներով ներկել: Թող երեխան առաջին հերթին խաղա խմորով, այնուհետև խմորի մեջ կարող եք ձողիկներ կամ մակարոնի որոշ տեսակներ (ոզնի), կոճակներ (աչքեր, ծաղիկներ) տեղադրել: Երեխայի մեծանալուն զուգահեռ պետք է բարդացնել խնդիրները:
Մանր մոտորիկան զարգացնելու համար օգնում են նաև մատների հատուկ խաղերը: Մատիկներով պարզ խաղերը կարելի է իրականացնել 3–5 տարեկան երեխաների հետ: Մատի շարժումները ուղեկցեք երգերի և կարճ ոտանավորների հետ:
Թերեզա Ազատյան
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ: