Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ինքնասպասարկման հմտություններ

Ինքնասպասարկման հմտությունների զարգացման համար շատ կարևոր է ճկունության զարգացումը: Ճկունության և հմտության զարգացման միջև կապը հասկանալու համար կարող եք պատկերացնել էլեկտրական լարեր, որոնցով հոսանքը անցնում է երկու ուղղությամբ: Քանի դեռ երեխան չի զբաղվում ինքն իրեն սպասարկելով, լավ զարգացած ճկունության անհրաժեշտություն չի զգացվում: Հաճախակի պարապմունքների և գործողությունների բազմակի կրկնությունները՝ ինքնասպասարկման հմտությունների զարգացման ուղղությամբ, երեխային կդարձնեն առավել ճկուն: Օրինակ՝

• գործողություններ, որոնց օգնությամբ երեխաները մատներով սնունդ են վերցնում և դնում իրենց բերանը՝ այսպիսով զարգացնելով պինցետանման բռնումը,

• գուլպաները հագնելը՝ կարող է զարգացնել մատների ուժը և ճանկումը,

• կայծակ ճարմանդը բարձրացնելը զարգացնում է երկու ձեռքով համակարգված ու համահունչ շարժումները:

Երեխան ստիպված կլինի բազմիցս կրկնել այս քայլերը, նախքան դրանք «պարզ» կդառնան նրա համար, բայց ապագայում դա հիմք կհանդիսանա՝ զարգացնելու ճկունությունը, որը կնպաստի կենցաղային հմտությունների ձևավորմանը:

Հագնվել

Շատ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի երեխան սկսի ինքնուրույն հագնվել: Աստիճանաբար, քայլ առ քայլ, նա կսովորի հագնվել, կոճակները կոճկել, և ընտրել, թե ինչ հագնել: Չմոռանանք հետևողականության մասին, որը չափազանց կարևոր է հմտության յուրացման գործընթացում: Բացի այդ, ուշադրություն դարձրեք հիմնական մեթոդներին, որոնք կարող ենք օգտագործվել երեխային հագուստը հագնելու և հմտությունը ուսուցանելու ժամանակ.

1. Մարմնի դիրքը — Երեխան պետք է լինի կայուն դիրքում: Կարող է հենվել պատին, երբ հագնում է կոշիկները կամ գուլպաները:

2. Քայլ առ քայլ — Երեխան ինքնուրույն հագնվելուն անցնում է աստիճանաբար: Պետք է համբերությամբ զինվել, նրան հնարավորություն և ժամանակ տալ քայլ առ քայլ զարգացնելու հագնվելու կարողությունը: Երբ երեխան սկսում է նոր քայլեր յուրացնել, կարող եք օգնել սկսած գործը ավարտին հասցնել՝ աստիճանաբար թույլ տալով ինքնուրույն իրականացնել գործողությունը:

3. Ձեռքը ձեռքին — Որոշ երեխաների, բայց ոչ բոլորին, հարմար է սովորեցնել, երբ մեծահասակներն իրենց ձեռքերով զգուշորեն վերահսկում են երեխայի ձեռքի շարժումները:

Փորձե՛ք այս ուսուցման մեթոդը: Չի բացառվում, որ երեխան հրաժարվի ձեր օգնությունից ու ցանկանա ինքնուրույն անել գործողությունը՝ նրան այդ հնարավորությունը տվե՛ք:

4. Ակնկալիքներ — Չափից ավելին մի ակնկալեք, սակայն ընդունեք այն փաստը, որ երեխան ինչ-որ կերպ ներգրավված է հագնվելու գործընթացում:

5. Ընտրեք ժամանակը — Առավոտյան, երբ բոլորը շտապում են, լավագույն ժամանակը չէ երեխային նոր քայլ ուսուցանելու համար: Ընտրեք ավելի հանգիստ ժամանակ, երբ դուք չեք շտապում, իսկ երեխան հետաքրքրված է գործընթացով: Օրինակ՝ լոգանք ընդունելուց առաջ՝ հանվել, լոգանք ընդունելուց հետո՝ հագնվել:

6. Մոդելավորում — Որպեսզի ձեր երեխան կարողանա շրջապատի օրինակով

ավելի լավ հասկանալ, թե ինչպես հագնվել, թող նայի, թե ինչպես եք դուք կամ նրա եղբայրներն ու քույրերը դա անում: Երեխան կփորձի նմանակել:

7. Հագուստի ընտրություն — Ընտրեք այնպիսի հագուստ, որը դյուրին է հագնել: Նախապատվությունը տվեք հարմարավետ հագուստին: Առանց կայծակ ճարմանդների հագուստ, որը կարելի է հեշտությամբ հագնել: Որքան ազատ ու հարմարավետ է հագուստը, այնքան արագ է ուսուցման գործընթացը:

Սովորաբար երեխաները նախ սովորում են հանել հագուստը, ապա աստիճանաբար հագնել: Եթե ձեր փոքրիկը չի կարողանում կամ չգիտի, թե դա ինչպես անել, օգնե՛ք նրան, ուղղորդե՛ք և գովե՛ք հաջողության դեպքում: Երեխայի զարգացմանը զուգահեռ մեծանում է նրա մասնակցությունը հանվելու և հագնվելու գործընթացում:

Ներկայացնենք հագնվելու հմտության հիմնական քայլերը, որոնք տեղաբաշխված են ըստ բարդության աստիճանի.

. հանում է գլխարկը և ձեռնոցները,

. հանում է գուլպաներն ու կոշիկները,

. գլխարկ է դնում,

. հանում է բաճկոնը (կոճակը արձակելուց հետո),

. հանում է տաբատը,

. հանում է վերնաշապիկը՝ ներքևից վերև,

. կայծակ ճարմանդը՝ բարձրացնում և իջեցնում է (երբ մեծահասակն այն արդեն ամրացրել է),

. բաճկոնը հագնում է «սուզվելով» (մեթոդը նկարագրված է գրքում),

. հանում է ազատ գիշերազգեստը,

. ոտքերը մտցնում է տաբատի մեջ և քաշում այն,

. ձեռքերը մտցնում է վերնաշապիկի թևերի մեջ,

. կոշիկներն է հագնում,

. գուլպաներն է հագնում,

. վերնաշապիկը հագնում է՝ գլխին, ձեռքերը մտցնում թևերի մեջ,

. հագնում է բաճկոնը (սովորական եղանակով),

. հագնում է վերնաշապիկը կամ բլուզը, որը կոճկվում է առջևում,

. կոճկում է կոճակները,

. կայծակ ճարմանդը բարձրացնում է (հենց սկզբից),

. կապում է կապիչները:

Դժվարություններ որոնց Դաունի համախտանիշով երեխան հանդիպում է հագնվելու ընթացքում

Բաճկոն հագնել

Սուզվելու մեթոդը հաճախ երեխաներին սովորեցնում են մանկապարտեզներում, քանի որ այն ավելի հեշտ է, քան սովորականը: Ձեր երեխան նստած կամ կանգնած է հատակին: Բաճկոնը դրեք հատակին հակառակ կողմով՝ պիտակը դուրս: Երեխան ձեռքերը մտցնում է թևերի անցքերի մեջ և գլուխը «սուզում» բաճկոնի մեջ: Մեկ այլ եղանակ է`գլխարկը դնել երեխայի գլխին, այդ ժամանակ նրա համար հարմար կլինի ձեռքերը սահեցնել թևերի մեջ:

Կոճակներ

Բարեբախտաբար, մեր օրերերում երեխաների հագնվելը չի բարդանում շատ կոճակներով, քանի որ պարզ և հարմարավետ հագուստ ընտրելու հնարավորություն կա: Այնուամենայնիվ ձեր երեխան մեծանալուն պես գուցե ցանկանա կոճակավոր հագուստ հագնել, ինչպես իր հասակակիցները: Պետք է հաշվի առնել, որ կոճակի՝ ուղղահայաց կտրվածքով անցքով կոճակը պարզապես սահում է ներս՝ առանց դաստակը շարժելու, որն անհրաժեշտ է հորիզոնական կտրվածքով անցքի դեպքում: Խոշոր կոճակներն ավելի հեշտությամբ են կոճկվում, քան փոքրերը: Եթե ձեր երեխան մարզվում է տիկնիկի կամ կոճակի հատուկ տախտակի վրա, ապա դա կօգնի ավելի արագ սովորել: Ավելի հեշտ է սովորել, եթե տիկնիկը լինի երեխայի գրկում, այսինքն՝ կոճակները տեղակայված կլինեն նույն կերպ, ինչ իր սեփական հագուստի վրա:

Կայծակ ճարմանդ

Բոլորս գիտենք, թե որքան բարդ կարող է լինել կայծակ ճարմանդը շատ երեխաների համար: Երեխայի համար բաճկոն կամ վերնաշապիկ գնելիս ամուր կայծակ ճարմանդ փնտրեք, որի հիմքը բավականաչափ մեծ է ապահով բռնելու համար: Հավանական է, սկզբում փոքր երեխան օգնության կարիք ունենա կայծակ ճարմանդի

եզրերը միացնելու համար, իսկ հետո կկարողանա ինքնուրույն ամրացնել: Երբեմն փոքր օղակ կամ կայծակ ճարմանդի այլ կցորդ հարկավոր կլինի, եթե երեխայի պինցետանման բռնումն այնքան էլ զարգացած չէ, ուժեղ չէ կայծակ ճարմանդը ձգելու համար: Բաճկոնը հագնելիս կարող եք նաև փորձել փոխել երեխայի դիրքը: Կայծակ ճարմանդն ավելի հեշտ է փակել նստած, քան կանգնած դիրքում: Երբ սկսում եք ձեր նախադպրոցական տարիքի երեխային սովորեցնել կայծակ ճարմանդ կոճկել, բացել և փակել այն, ապա նրա համար ավելի հեշտ է դա անել ձախ ձեռքով, նույնիսկ եթե նա աջլիկ է: Կայծակ ճարմանդների մեծ մասն այնպես է նախագծված, որ, սովորաբար, աջ ձեռքը պետք է պահի կայծակ ճարմանդի հիմքը, մինչ ձախ ձեռքը ճարմանդը վերև է քաշում: Եթե վերև բարձրացնելիս հիմքը չեք պահում, ապա կայծակ ճարմանդը, սովորաբար, անջատվում է: Կայծակ ճարմանդ կոճկելը երկար պրակտիկա է պահանջում:

Շարունակելի…

Марина Бруни (2009). Формирование навыков мелкой моторики у детей с синдромом Дауна (133-137).

Թարգմանեց «Արև-Երեխաներ» Երեխաների առողջության և զարգացմսն կենտրոն ՀԿ-ի էրգոթերապիստ Արմենուհի Կոստանդյանը

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *