Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ագրեսիվ վարքի հիմնական պատճառները

Ագրեսիվությունը հանդիսանում է երեխաների խմբերում առավել հաճախ հանդիպող խնդիրներից մեկը: Երեխաները վիճում են, կռվում, վիրավորում միմյանց: Սովորաբար ընդունելով վարքային նորմերը և կանոնները, երեխաները իրենց ագրեսիան աստիճանաբար վերափոխում են ավելի կառուցողական վարքային ձևերի: Որոշ երեխաների մոտ ագրեսիվ դրսևորումները՝ որպես հաստատուն վարքային ձև, ոչ միայն պահպանվում են, այլ նաև ամրապնդվում և վերափոխվում են անձնային որակի և որպես հետևանք առաջանում են մի շարք խնդիրներ՝ շփման, հարմարվելու, վարքային դժվարություններ: Խնդիրը հաղթահարելու համար նախ և առաջ պետք է գտնել ագրեսիվ վարքագծի հիմնական պատճառները.

. սեփական անձի նկատմամբ ուշադրության գրավումը (երբ երեխան փորձում է այս կերպ իր վրա հրավիրել շրջապատի ուշադրությունը, լինելով ուշադրության կենտրոնում),

. ֆիզիկական ակտիվությունը և ծանրաբեռնվածության ոչ բավարար ապահովումը (երբ երեխան չունի զբաղվածություն և տեղի է ունենում էներգիայի կուտակում, արդյունքում երեխան դրսևորում է ագրեսիվություն),

. ծնողական ուշադրության, սիրո և ընդունման անբավարարությունը,

. տագնապայնությանը, որը հաճախ պաշտպանողական վարքի ձևավորման պատճառ է հանդիսանում

. անհամապատասխանության բարդույթ, երբ երեխան անհանգստանում է՝ արդյո՞ք համապատասխանում է ծնողների կողմից ձևավորված մոդելներին,

. անուղղակի ագրեսիա առաջացնող առարկաներ, երևույթներ/խաղալիքներ, ֆիլմեր, մուլտֆիլմեր, համակարգչային խաղեր և այլն,

. շփման հմտությունների ոչ բավարար զարգացում,

. ինքնապաշտպանություն, վրեժխնդրություն,

. առաջնորդ լինելու ձգտում,

. ընտանիքում ընդունված ագրեսիվ վարքային մոդելների կրկնօրինակում:

Կարևորվում է ագրեսիվ վարքագիծ դրսևորող երեխաների հետ առաջնային կոնտակտի

. ագրեսիվության մակարդակի բացահայտումը և գնահատումը,

. ագրեսիայի մակարդակի նվազեցումը, կառուցողական վարքային մոդելների ձևավորումը:

Որպեսզի կարողանանք ագրեսիվ վարքագիծ դրսևորող երեխաների հետ առաջնային կոնտակտ հաստատել, անհրաժեշտ է հետևել որոշ սկզբունքների: Դրանք են.

. լինել համբերատար,

. չքննադատել ոչ ցանկալի վարքագիծը,

. նկատել և նշել ցանկալի վարքը,

. խրախուսել յուրաքանչյուր, անգամ շատ փոքր դրական վարքային դրսևորումը,

. հասկանալ երեխայի հետաքրքրությունները և փորձել կոնտակտ հաստատել՝ ընդգրկելով նրան իր համար հաճելի գործունեության մեջ:

Հաճախ հույզերի կառավարման անկարողությունը բերում է ոչ ցանկալի վարքային դրսևորումների՝ ագրեսիայի կամ ագրեսիվ վարքագծի: Երեխան ունենում է բացասական հույզեր, որոնք առաջանում են արտաքին գործոնների ազդեցության հետևանքով, նա չի կարողանում համարժեք գնահատել իրավիճակը և սեփական անձը պաշտպանելու նպատակով հակազդում է, այս պարագայում՝ ագրեսիվ վարքագծով: Հոգեբանի նպատակն է այցելուին օգնել՝ ընտրելու այլ տարբերակ, որը հնարավորություն կտա պարպել հուզական լարվածությունը՝ ընտրելով ավելի դրական (կառուցողական) վարքագիծ: Ագրեսիվ վարքագծի երկարատև և խրոնիկ բնույթի դեպքում շատ կարևոր է կայունացնել երեխայի նյարդային համակարգը լիցքաթափող, ագրեսիվությունը նվազեցնող վարժությունների օգնությամբ:

 

Օգտագործված գրականություն.

1. Լ. Ստեփանյան «Ագրեսիվ վարքի հոգեբանություն» մեթոդական ուղեցույց:

2. Адлер А., “Практика и теория индивидуальной психологии” М., Изд. Академический проект, 2007г.

3. Можгинский Ю. Б. “Агрессивность детей и подростков. Распознавание, лечение, профилактика”, Когито-Центр, 2008г.

4. Ратинов А.Р., Кроз М.В., Ратникова Н.А.”Ответственность за разжигание вражды и ненависти”, под. ред. Ратникова Н.А. M. 2005 г.

5. Шпильрейн. С. Н.” Психоаналитические концепции агрессивности ” В 2 книгах. Книга 1, Удмуртия, изд. Удмуртского университета, 2004г.

6. Алфимова М.В., Трубников В.И. Психогенетика агрессивности // Вопросы психологии.

 

Նյութը պատրաստեց՝ «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն»ՀԿ-ի հատուկ հոգեբան, մանկավարժ Աննա Գևորգյանը

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.