Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արև երեխաներն առաջին անգամ մասնակցեցին ոտնլվայի արարողությանը

Քրիստոսի հետևորդն, ընտրելով Քրիստոսի ուղենշած ուղին, ջանում է ուսանել Տիրոջ այն պատգամը, որ երջանկություն և հոգու բժշկություն է պարգևում. «Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք» (Մատթ. 11.29): Խոնարհության խորությունն ընկալելու համար Տերը մատնանշեց ուղին. Նմանվել Իրեն, որ հանուն մարդկության փրկության մարդացավ՝ ծնվելով ոչ թե արքայական, այլ հյուսնի ընտանիքում: Նա Իր ուժով կարող էր իշխել աշխարհը, բայց ապրեց պարզ ու խոնարհ մի կյանքով, ընտրեց հասարակ մարդկանց՝ անուսում ձկնորսների որպես առաքյալներ, Երուսաղեմ մտավ՝ ավանակի վրա նստած: Քրիստոս Իր հետևորդներին խոնարհության մեծագույն դաս ավանդեց, երբ Վերջին ընթրիքից հետո ծնկի գալով առաքյալների առջև՝ ծառայաբար լվաց նրանց ոտքերը: Այս հիշատակությանը նվիրված ամեն տարի՝ Ավագ հինգշաբթի երեկոյան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին կատարում է ոտնլվայի արարողություն:

Այս տարի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում ոտնլվայի արարողությանն առաջին անգամ մասնակից դարձան «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ի սաները: Սուրբգրային ընթերցումներից ու գեղեցկահյուս շարականներից հետո եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն ընթերցեց Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խրատը, ապա խաչով ու Ավետարանով և «Թող օրհնվեն և սրբագործվեն այս յուղն ու ջուրը» խոսքերով օրհնեց խորանում դրված ջուրը և կարագը: «Պահպանիչ» աղոթքից հետո Տեր Հայրը վերցրեց սրբիչը, ծնկի եկավ ու լվաց արև երեխաների աջ ոտքերը և յուղով խաչաձև օծեց: Առաքյալներին խորհրդանշող արևները մեծ ուրախություն և ոգևորություն էին ապրում: Այդ օրն իրենց կյանքում՝ որպես անմոռանալի մի օր, խոնարհության, ծառայասիրության կարևորագույն օրինակներ դրոշմեց:

Հիսուսն աշակերտների ոտքերը միայն ջրով լվաց, իսկ ոտնլվայի արարողության ընթացքում յուղի օգտագործումը խորհրդանշում է Սիմոնի տանը Հիսուսի ոտքերին մի կնոջ թափած անուշահոտ յուղը (Մարկ. 14:3-10): Արարողության վերջում ընթերցվեց ոտնլվայի մասին պատմող ավետարանական հատվածը, ապա հավատացյալներին բաժանվեց օրհնված կարագ, որ հիմնականում գործածում են հիվանդությունների դեպքում կամ խառնում են տանը եղած յուղին:

Ոտնլվայի արարողությունը ներկաներին ևս մեկ անգամ հիշեցրեց աստվածային կարևորագույն հատկությամբ՝ խոնարհությամբ ապրելու մասին: Այս առաքինության մասին Տեր Գրիգորն ասաց, որ հեզությունը կամ խոնարհությունը երբևէ չպետք է շփոթել վախկոտության, թուլության կամ անտարբերության հետ. «Քրիստոս ասում է՝ ես հեզ եմ ու սրտով խոնարհ: Կարո՞ղ ենք ասել, որ Նա, ով իշխանություն ուներ բնության տարերքների, հիվանդությունների ու մահվան վրա, անզոր էր ու թույլ, կամ Նա, ով փարիսեցիներին ու քահանայապետերին հրապարակավ քննադատում էր՝ «կեղծավորներ» ու «իժերի ծնունդներ» կոչելով, վախկոտ էր կամ չարի ու կեղծիքի հանդեպ անտարբեր: Իհարկե՝ ո՛չ: Ուղղակի Քրիստոս հրաշալի գիտեր, թե ով է Ինքը և որևէ մեկին որևէ բան համոզելու,

հարկադրելու կամ ապացուցելու կարիք չուներ: Չուներ ինքնահաստատվելու, ինքն իրեն խաբելու կարիք, ուստի և Նրա զորությունն ու համարձակությունը չէին ուղեկցվում ամբարտավանությամբ, ցուցամոլությամբ կամ հանդգնությամբ: Այլ Նրա խոնարհությունը հոգին զմայլող մաքրության ու պարզության միջոցով էր դրսևորվում: Ուստի մեզ համար անչափ կարևոր է, անկախ մեր դիրքից, իրական խոնարհ միտք ունենալ ամենքի և ամեն ինչի, իսկ առաջին հերթին՝ ինքներս մեր մասին»:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *