Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Եկեղեցու գլուխն է, իսկ Նրա հետևորդները Նրա մարմնի՝ Եկեղեցու անդամները, Քրիստոսի ընտանիքի անդամները: Քրիստոսահիմն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ձգտում է կենդանի հավատ ունենալ, հավատ, որից անպակաս է սերը և որը մարդուն փրկություն է պարգևելու: Ըստ հայրաբանության՝ հավատը արմատն է, գործերը՝ ծառը, իսկ փրկությունը՝ պտուղները: Փրկության համար բավարար չէ միայն հավատը, մարդուն փրկում է միայն կենդանի և գործուն հավատը, որն արտահայտվում է բարի գործերով, ինչը հաստատում է Սուրբ Գիրքը. «Մենք բոլորս պիտի կանգնենք Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի յուրաքանչյուրն իր մարմնով ընդունի երկրի վրա իր կատարած բարի կամ չար գործերի հատուցումը» (Բ Կորնթ. 5:10): Որտեղ բացակայում են բարի գործերը, այնտեղ բացակայում է ճշմարիտ քրիստոնեական հավատը: «Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, և ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ» (Մատթ. 7:17-18),- ասում է Տերը: Ուստի, ինչպես Ս. Պողոս առաքյալն է ասում. «Մենք Աստծու նոր ստեղծագործությունն ենք, քանի որ միացած ենք Հիսուս Քրիստոսին. ստեղծված ենք կատարելու համար այն բարի գործերը, որոնց համար Աստված սկզբից պատրաստեց մեզ, որպեսզի դրանցով լցնենք մեր կյանքը» (Եփես. 2:10):
Եկեղեցական համայնքային կյանքն օր-օրի հարստանում ու զորանում է կենդանի հավատի պտուղներով՝ սոցիալական ծրագրերով: Մարտի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Ներսիսյան Սվետլանային (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքից Սիրադեղյան ընտանիքը: Սվետլանան իր ամուսնու և երկու զավակների հետ բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փ. 22 շ., 43 բն. հասցեում: Զավակներից Էլենը (10 տ.) Դաունի համախտանիշ ունի: Ընտանեկան ջերմ մթնոլորտում մեծացող արև Էլենը սիրում է նկարել, իր և եղբոր ընկերների հետ խաղալ: Արև Էլենը սովորում է Երևանի թիվ 135 միջնակարգ դպրոցում: Ընտանիքը ֆինանսական դժվարություններ ունի: «Ամուսինս մշտական աշխատանք չունի, իսկ ես շատ քիչ ժամաքանակով աշխատում եմ մանկապարտեզում: Իմ աշխատավարձի և Էլենին տրամադրվող գումարներով փորձում ենք հոգալ մեր նվազագույն կարիքները»,- ասաց Սվետլանան և իր երախտագիտությունը հայտնեց աջակից ընտանիքին՝ օգնության ձեռք մեկնելու համար:
Կարինե Սուգիկյան