Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Բարի սիրտ ունեցողն իր մեջ բարի գանձ է կրում

Մարդու սիրտը չի կարող երբեք դատարկ լինել, կամ այն լեցուն է հավատով և բարությամբ, կամ անհավատությամբ, Աստծո պատվիրանների հանդեպ անտարբերությամբ և չարությամբ: «Բարի մարդը իր սրտի բարի գանձից բարիք է հանում, իսկ չար մարդը իր սրտի չար գանձից՝ չարիք»,- ասում է Քրիստոս (Մատթ. 12:35): Այն հարցին, թե ո՞ր գանձն է բարի և որը՝ չար, Ս. Բարսեղ Մեծը պատասխանել է և ասել՝ առաքինաբար ապրելը և Աստծո փառքին ծառայելը բարի գանձ է, իսկ մոլությունների մեջ ապրելը, որ արգելված է Աստծո կողմից, չար գանձ է: Բարի գանձերով հարուստ սիրտն արժանանում է Տիրոջ ներկայությանն ու սիրուն. «Ով ընդունում է Իմ պատվիրաններն ու գործադրում դրանք, նա՛ է, որ սիրում է Ինձ: Ով սիրում է Ինձ, նրան կսիրի և Իմ Հայրը: Ես էլ նրան պիտի սիրեմ և Ինձ հայտնի դարձնեմ նրան» (Հովհ. 14:21-22):

Հոկտեմբերի 23-ին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Ավետյան Սոնային (34 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սոնան իր ամուսնու և երեք զավակների հետ վարձակալությամբ բնակվում է Նորագավիթ 13 փ. 62 տ. հասցեում: Ընտանիքի կրտսեր զավակը՝ Գենիկը (4տ.), Դաունի համախտանիշ ունի: Սոնան շնորհակալություն հայտնեց աջակից ընտանիքին՝ նշելով, որ ամուսնու աշխատավարձի և ընտանեկան նպաստի գումարներով միայն իրենց նվազագույն կարիքներն են կարողանում հոգալ:

Նա, ով պատվիրանապահությամբ բարի սիրտ է ձեռք բերել, իր սրտում կրում է աստվածայինը, այսինքն՝ բարի գանձը: «Որքան շատ սեր, իմաստություն, բարություն կա ձեր մեջ, այնքան ավելի շատ եք դուք դրանք նկատում շրջապատող աշխարհում»,- ասել է Մայր Թերեզան:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.