Կյանքն ավելի մեծ և զորեղ ներգործություն ունի, քան խոսքը, եթե խոսքի ներգործությունն ընդհատվում է, ապա կյանքի ներգործությունը հարատև է: Փրկարար ճշմարտությունը ողջ աշխարհում իր տարածումը գտավ, քանի որ մարմնավորվեց կյանքով: Դարեր շարունակ Քրիստոսի հետևորդն իր կյանքով է Տիրոջ ուսուցումները տարածել՝ մարդկանց հոգիներում արթնացնելով սերն առ Աստված և մերձավորը: Քրիստոս Իր առաքյալներին ու հետևորդներին երկրի աղը անվանեց (Մատթ. 5:13)՝ ցանկանալով, որ իրենց առաքինազարդ կյանքով աղի նման անհրաժեշտ և օգտակար լինեն իրենց միջավայրում: Իրականում խոնարհ, խաղաղարար, ողորմած և արդարամիտ անձը միայն իր համար չէ, որ բարիք է գործում, այլ իր կյանքով բարիք է հորդեցնում նաև՝ հօգուտ իր միջավայրի և ի փառս Աստծո: Աստծո և մերձավորի հանդեպ սերը օգնում է քրիստոնյանին դառնալու երկրի ճշմարիտ աղը՝ բացահայտելով կյանքի իրական համն ու իմաստը:
Կյանքի ճշմարիտ բացահայտման ուղին է ընտրել Ավստրիայի Ֆորալբերգի մարզում գործող “Armenische Sonne des Bodensees” («Բոդենզեի հայկական արևը») հայկական բարեգործական հիմնադրամը, որ հերթական աջակցությունը ցուցաբերեց արև երեխայի ընտանիքին: Մայիսի 9-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Կանցյան Ադամանդին (49 տ.) փոխանցեց հիմանդրամի կողմից տրամադրած դրամական աջակցությունը (100 եվրո): Ադամանդն իր երեք զավակների հետ բնակվում է Օրբելի 6, 71 բն. հասցեում: Ընտանիքի կրտսեր զավակը՝ Նոյը (7 տ.), Դաունի համախտանիշ ունի: Արև Նոյը սովորում է Երևանի թիվ 100 հիմնական դպրոցի երկրորդ դասարանում: Ադամանդն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և բարեգործական հիմնադրամին՝ աջակցության համար:
Կարինե Սուգիկյան