Յուրաքանչյուր երեխա ունի զարգացման իր առանձնահատկությունները, հետևաբար նշված գործողությունները կարող են յուրացվել Ձեր երեխայի կողմից հեշտությամբ կամ դժվարությամբ։
Առաջատար գործունեությունը այս տարիքում հուզական հաղորդակցումն է մեծի հետ։
0-1 ամսականում երեխան զգայուն է բարձր ձայնի նկատմամբ, նա մարդկանց ձայները նախընտրում է մյուս ձայներից։ Հայացքը կարճատև ֆիքսում է վառ գույնի առարկաների վրա։ Հիշե՛ք, որ լացը ծնողին որևէ բան իմաց տալու երեխայի միակ միջոցն է։ Երեխան լացում է, երբ տակը թաց է, քաղցած է, ինչ-որ տեղը ցավում է կամ ուզում է, որ իրեն գրկեն։
1.5-2 ամսականում երեխան նայում է խոսակցի դեմքին, կարող է իմաստավորված ժպտալ։ Փորի վրա պառկած դիրքում ուղիղ բարձրացնում է գլուխը՝ կզակը բարձր պահելով։
3 ամսականում երկար, երաժշտական ձայներ է արձակում։ Երեխան ձգվում է դեպի ծանոթ առարկաները և մարդիկ։ Հասկանում է, երբ պատրաստվում են իրեն կերակրել։ Փորի վրա պառկած դիրքում հենվում է նախաբազուկների վրա, գլուխը պահում է կայուն։ Նայում է իր ձեռքերում գտնվող առարկային։
2-3 ամսականում ի հայտ են գալիս յուրահատուկ ձայնային դրսևորումներ, որ կոչվում են գղգղանք։ Գղգղանքի մեջ կան ձայնավորների և բաղաձայնների կապակցություններ՝ աղու, ագու, ղու և այլն։ Բոլոր ազգերի երեխաները գղգղում են նույն կերպ։
4 ամսականում շրջվում է դեպի ձայնը։ Ձեռքերը բերում է միջին գիծ, առարկաները տանում է դեպի բերանը։ Բռնելու համար պարզում է երկու ձեռքը։ Առարկան բռնելիս օգտագործում է ձեռքի ողջ ափը։ Մատները բաց է պահում, խաղում է ձեռքերի հետ։
5 ամսականում երեխան ուշադրություն է դարձնում մանր առարկաներին։ Փոխադարձ ժպտում է, սիրում է խաղալ։ Շրջվում է փորից մեջքի վրա և փորձում է անել հակառակը։ Նստում է ազատ, եթե կա հենարան։
6 ամսականում սկսում է վախենալ անծանոթներից։ Մեկնում է ձեռքը, վերցնում է առարկաները երկու ձեռքով, բռնելիս օգտագործում է ողջ ափը։ Առարկան տեղափոխում է մի ձեռքից մյուսը։ Առանց օգնության կարող է կարճատև նստել։
5-6 ամսականից սկսվում է մինչբառային փուլի հաջորդ ենթափուլը’ թոթովանքը։ Թոթովանքի ժամանակ երեխան արտաբերում է բաղաձայններից և ձայնավորներից կազմված վանկեր։ Գերակշռում են՝ շրթնային (բ, պ, փ, մ), առաջնալեզվային (դ, տ, թ) և
ետնալեզվային (գ, կ, ք, ղ, խ), բաղաձայններից կազմված վանկերը (դա, տա, պա, մա, բա, գա, գղա և այլն)։
7 ամսականում նստում է ազատ։ Փորի վրա պառկած դիրքից բարձրանում է ձեռքերի և ծնկների վրա, փորձում է չոչ անել։ Հետևում զանգակի ձայն լսելիս շրջվում է մոտավորապես այդ ուղղությամբ, իսկ 9 ամսականում՝ շրջվում է ուղիղ դեպի զանգակը։ Իր անունը լսելիս շրջվում է դեպի ձայնը։ Զնգացնում է խաղալիք զանգը։ Ձգվելով նայում է ընկած խաղալիքի հետևից։
8 ամսականում միաժամանակ պահում է երկու առարկա՝ յուրաքանչյուր ձեռքում մեկական։ Առանց տարբերակելու ասում է «մամա/պապա»։ Իրար հետևից արտաբերում է մի քանի անհասկանալի բառեր։ Ինքնուրույն ուտում է թխվածքաբլիթը։ Նստած դիրքում ազատ կերպով պտտվում է իր առանցքի շուրջը։
9 ամսականում առարկան բռնում է մկրատաձև՝ երեք մատներով։ Ցուցամատը օգտագործում է խառնելու, հրելու, շոշափելու կամ փոքր առարկաները գլորելու համար։ Ձեռքերով պահում է իր շիշը, ուտում է մատներով։
7-9 ամսականը թոթովանքի ծաղկման շրջանն է, երբ ի հայտ են գալիս պսևդոբառերը (կեղծ բառեր)։ Երեխան սկսում է կրկնել միևնույն վանկը՝ վա-վա-վա, մա-մա-մա, ընդ որում սկսում է կենտրոնացած լսել ինքն իրեն, ավելանում են նոր հնչյուններ, հնչերանգներ, վանկերը արտաբերվում են տարբեր շեշտադրությամբ։ 7-8 ամսականից երեխաները սկսում են համապատասխան կերպով արձագանքել այն բառերին ու նախադասություններին, որոնք զուգակցվում են համապատասխան ժեստով և դիմախաղով։
10 ամսականում կահույքից բռնած տեղաշարժվում է։ Նմանակում է ձայները և խոսքը։ Տարբերակված կերպով ասում է «մամա/պապա»։ Ձեռքերում բռնած առարկաները խփում է իրար։ Թելով կապված առարկան մոտեցնելու համար քաշում է թելից։ Նմանակում է շարժումները թաթիկով ցտեսություն է անում, խաղում է «ծափիկ-ծափիկ», «ծիկ-ծիկ»։
11 ամսականում «մամա/պապա»-ից բացի ասում է ևս մեկ բառ։ Մատները փոքր անցքերի մեջ է մտցնում։ Փոքր առարկաները բռնում է երկու մատով։ Խմելիս հեղուկը չի թափում։ Մի ձեռքից բռնած քայլում է։ Ինքնուրույն կանգնում է։ Կարող է ցույց տալ մարմնի 1-2 մաս։ Օրինակ՝ «որտե՞ղ է քիթիկը կամ ականջը»։
12-ում դիտավորյալ առարկան բաց է թողնում կամ նետում։ Հասկանում է «ոչ»-ը։ Փորձում է գծել կավիճով։ Փորձում է քայլել ինքնուրույն։ Հետևում է պարզ ցուցումներին, որոնք ուղեկցվում են համապատասխան ժեստերով ՝ «տուր ինձ», «արի», «նստիր»։ Ցույց է տալիս, թե ինչ է ուզում։
9-10 ամսականից մինչև 1-1.2 տարեկան հասակում ի հայտ են գալիս առաջին բառերը, որոնք կարող են լինել և՛ ճիշտ, և՛ թերություններով՝ պահպանելով ընդհանուր վանկային կառուցվածքը, ռիթմը։ Երեխան կարողանում է պարզեցնելով արտաբերել բառեր (օրինակ՝ բու-ջուր, սա բառ է, քանի որ իմաստ է պարունակում)։ Նկատվում է որոշակի տարբերություններ տղաների և աղջիկների միջև, աղջիկների 1-ին բառերն ի հայտ են գալիս մոտ 8-9 ամսականում իսկ տղաների մոտ՝ 11-12 ամսականում։
Ամփոփելով 0-1 տարեկան հասակը՝ ներկայացնենք այն ախտորոշիչ ցուցանիշները, որոնք կարող են վկայել երեխայի խոսքի զարգացման խանգարման մասին.
· 1-ին ամսվա վերջում երեխան երբեք կերակրելուց առաջ չի լացում։
· 4-րդ ամսվա վերջում չի ժպտում, երբ իր հետ խոսում են, չի գղգղում։
· 5-րդ ամսվա վերջում ձայներին չի արձագանքում, գլուխը չի շրջում մեծի կողմը։
· 6-րդ ամսվա վերջում առոգանական արտահայտչականությունը բավարար չէ, ուշադրություն չի ցուցաբերում շրջապատողների խոսքին։
· 7-րդ ամսվա վերջում չի ճանաչում հարազատների ձայները։
· 9-րդ ամսվա վերջում չի թոթովում, չի կրկնում մեծի արտաբերած հնչյունակապակցությունները։
· 10-րդ ամսվա վերջում չի կատարում պարզ բառային հրահանգներ, չկան ընդօրինակող խաղային գործողություններ։
· 1-ին տարվա վերջում ոչ մի բառ չի կարողանում արտաբերել, չի կատարում պարզ հրահանգներ. «բե՛ր», «ցո՛ւյց տուր», չի արձագանքում իր անվանը, գովեստին, դիտողությանը։
Օգտագործված գրականություն՝
1. Л. Н. Павловой «Развитие речи. Первый год жизни».
2. Батяева С. В. «Говорим правильно».
3. О. А. Новиковская «Почему не всегда молчание – золото».
4. UNICEF «Развитие детей от 0 до 6 месяцев», 2020.
Նյութը պատրաստեց «Արև-Երեխաներ» Երեխաների Առողջության և զարգացմսն կենտրոնի լոգոպեդ Գոհար Մնացականյանը։