Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Երկխոսություն

Երեխայի հետ համագործակցությունը և շփումը, այսինքն՝ երկխոսությունը, այն միջոցն է, որը մեզ օգնում է ճանաչել ու հասկանալ նրան: Միայն երկխոսությունն է, որ հնարավորություն է տալիս նրա հետ ստեղծելու առողջ հարաբերություններ, իսկ վաղ մանկական հասակում այդ հարաբերությունների փորձը ոչ միայն օգնում է երեխայի հնարավորությունների ընդլայնմանը, այլ նաև երեխայի մոտ և՛ իր, և՛ շրջակա միջավայրի հանդեպ վստահության ձևավորման նախապայման է: Չէ՞ որ այդ գիտելիքները ողջ կյանքի համար են. աշխարհն ուրախ է ինձ համար, ես էլ գիտեմ, թե ինչու եմ այն սիրում: Ինձ տեսնում են, ուրեմն արժե ապրել, ինձ լսում են, ուրեմն խոսելու կարիք կա, ինձ հասկանում են, և ես ուզում եմ շփվել:

Այժմ խոսենք այն մասին, թե մանկիկի հետ ինչպես երկխոսության մեջ մտնել: Բեղմնավորման պահից սկսած՝ նա ապրում է մայրիկի մարմնի մեջ, իսկ ծնվելուց հետո դառնում է ծնողական ձեռքերի փոքրիկ բնակիչը: Այժմ այդ բնակիչը թույլ է և հատուկ խնամքի կարիք ունի: Յուրաքանչյուր երեխա ձեզ հետ լինելու, ձեր կողմից լրջորեն հասկացված և ընդունված լինելու բնական պահանջ ունի: Ծննդյան առաջին իսկ օրվանից նրան անհրաժեշտ է ձեր օգնությունն ու իր հետ շփումը: Նա կարծես ձեր մեջ է փնտրում իր արտացոլանքը: Փորձեք նայել նորածնին, և նա էլ իր հերթին կնայի ձեր դեմքին: Նա առայժմ իր մասին ոչինչ չգիտի, բայց երբ երջանիկ մայրիկը նայում է իրեն, նա վայելում է այդ հայացքը: Հիշեք, թե ինքներս ինչ ենք զգում, երբ մեզ նայում են սիրող հայացքով և ընդհակառակը՝ ինչպիսի հիասթափություն ենք ապրում, երբ արժանանում ենք ոչ բարեհաճ հայացքի: Երբ երեխան անընդհատ մնում է առանց ուշադրության, նա սկսում է կասկածել իր գոյությանը: Ճիշտ է, նա մեծանում է և իր մասին շատ բաներ բացահայտում, բայց այն առաջին փորձը, որ ինքը գոյություն ունի, կա, հնարավոր չէ փոխել: Այդ փորձը մարդուն երկար տարիներ ուղեկցում է: Այստեղ մենք դիտմամբ բաց ենք թողնում «Դաունի համախտանիշ» արտահայտությունը, քանի որ ամեն երեխա, այդ թվում նաև Դաունի համախտանիշ ունեցող, նույն զգացական փորձը պիտի ունենա: Այն դրական հույզերը, որոնցով մայրը մոտենում է երեխային, նրա կյանքը պարուրում են կենսախինդ երանգներով: Իհարկե, ոչ մի մայրիկի չի հաջողվի մշտապես բարձր տրամադրություն ունենալ: Նա էլ կենդանի էակ է, և նրան էլ բնորոշ է և՛ երջանիկ, և՛ անհանգիստ, և՛ տխուր, և՛ ջղային լինել: Փոքրիկը նույնպես, բնականաբար, իրավունք ունի տարբեր տրամադրություններով լինելու, այսինքն՝ ապրող: Հենց մենք, անկախ մեր կամքից, մեր օրինակով նրանց տարբեր զգացմունքներ ենք սովորեցնում:

Երեխայի մեջ ի սկզբանե դրված են ձգտումներն ու զարգացումը: Պատահում է, որ երեխայի կյանքի և զարգացման նկատմամբ ունեցած պատասխանատվությունը ստվերում է մայրական բերկրանքը, և երեխան դառնում է «կավ՝ խեցեգործի ձեռքերում»: Մայրիկներն իսկույն սկսում են «կերտել» իրենց երեխային: Նրանք իրենք իրենց ծանրաբեռնում են պատասխանատվությամբ, որ կրում են այդ «ծեփակերտվածքի» հանդեպ: Այդպիսի պատասխանատվությունը ճնշում է մորը և

զրկում երեխային զգալու և լսելու հնարավորությունից: Եթե ձեզ հաջողվի զգալ, որ ձեր երեխան անկրկնելի, արտասովոր, բարդ և նրբագույն ինքնազարգացող մարմին է, ապա կկարողանաք անկեղծ հետաքրքրությամբ հետևել նրա զարգացմանը՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ և բավարարելով նրա պահանջները: Հնարավոր է, որ արդեն ստացել եք բժշկի հանձնարարականները, նաև բարեկամների խորհուրդները, և այժմ սեփական առողջ դատողությանը վստահելու ժամանակն է. չ՞է որ մայր դառնալով՝ դուք հաղթահարել եք բազում փորձություններ, և հենց դրա համար էլ դուք ամենալավն եք և շատ հստակ գիտակցում եք, թե ինչ է անհրաժեշտ ձեր երեխային: Ամենակարևորն այն է, որ երեխային հնարավորինս շուտ ընդունեք որպես անհատ: Ձեզ խորհուրդ տվողներից ոչ ոք չի կարող ձեր երեխային ճանաչել և նրա մասին ամեն ինչ իմանալ ավելի լավ, քան դուք՝ հոգատար մայրիկը:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *