Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ծնողների տեղեկացվածության, ցավի ու ինքնազոհության մասին

Երեխան ծնվել է ոչ այնպիսին, ինչպիսին պատկերացրել ենք ինն ամիս շարունակ։ Հրաժարվում ենք հավատալ, որ երեխան երբեք այնպիսին չի լինի, ինչպիսին կցանկանայինք, որ լիներ։ Խառն զգացումներ են արթնանում՝ զայրույթ, ագրեսիա, անհուսություն, անօգնականություն, տագնապ ցավ, խորը ցավ։ Թվում է, թե ոչ ոք չի կարող օգնել։ Այդ վիճակը կարող է մեղմել ինֆորմացիան։

Յուրաքանչյուր ընտանիք երեխայի դաստիարակման հարցում իր փորձը, պատկերացումներն ու ավանդույթներն ունի, բայց երբ «անսովոր» երեխա է լույս աշխարհ գալիս, շփոթմունքն այնքան մեծ է լինում, որ ծնողները դժվարանում են օգտվել ընտանեկան այդ անգին փորձից։

Յուրաքանչյուրիս կյանքում էլ պատահում են դեպքեր, որոնք խոցում են մինչև հոգու խորքը։ Այդ վերքերը կարող են լուրջ ու խորը լինել, սակայն ցանկացած վերք ապաքինման կարիք ունի, իսկ բուժումը ժամանակ է պահանջում։ Շատ կամ քիչ։ Ժամանակն օգնում է հասկանալ իրավիճակը, շփվել այլ ծնողների հետ, մասնագետների հետ, գտնել անհրաժեշտ տեղեկությունները և յուրացնել դրանք։

Երեխայի հետ ամեն օր շփվելն էլ ինչ-որ բան փոխում է։ Այդ նոր փորձը, գիտելիքները կիսելու ցանկություն է առաջանում․ չէ՞ որ շատ կարևոր է որևէ մեկի հետ վատն ու լավը կիսելը։ Դժվար է մենակ մնալ ինչպես տխրության, այնպես էլ ուրախության հետ։

Ծնողներին հաճախ վախեցնում է երեխայի հանդեպ իրենց վերաբերմունքը․ նրանք երբեմն զայրանում են երեխայի վրա, միաժամանակ խղճի խայթ զգում։ Այդ խառն զգացումներն ստիպում են մեղավոր զգալ ու դյուրագրգիռ են դարձնում։ Այդ բնական վիճակ է։ Կարելի երեխային պատասխանել այսպես՝ «Հիմա ինձ շատ վատ եմ զգում, բայց անպայման լավ կզգամ շուտով»։ Նա չի հասկանա բառերի իմաստը, սակայն մայրիկի ինտոնացիան նրան շատ բան կասի։ «Ինձ համար հոգեբանորեն ծանր է ու դժվար, բայց այստեղ եմ, քո կողքին, տեսնում եմ քեզ, կարեկցում»։

Եթե մայրը կամ հայրը չի վախենում և չի մերժում իր ապրումները, ինքն էլ է սկսում վստահություն զգալ, որ անսովոր երեխայի ծնունդն իրեն վատ ծնող չի դարձնում և իրենից ինքնահրաժարում չի պահանջում։

Տարածված մի պատկերացում կա իբրև թե Դաունի համախտանիշ ունեցող երեխան ծնողներից անձնազոհություն ու ինքնահրաժարում է պահանջում։ Այդ հստակ զգացվում է ծանոթ ու հաճախ կրկնվող արտահայտություններից՝ «կյանքի խաչն է» կամ «պետք է կյանքս դնեմ նրան մեծացնելու համար»։ Այդպիսի բառեր լսելիս ակամայից անհուսության ու դատապարտվածության զգացում է առաջանում։ Իսկապես վախենալու է, եթե պատկերացնենք, որ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի համար պետք է հրաժարվենք մեր բոլոր հետաքրքրություններից և ամբողջովին փոխենք մեր կյանքը։

Բայց բանն էլ հենց այն է, որ ոչ մի երեխայի, նաև Դաունի համախտանիշ ունեցող երեխայի ամենևին էլ պետք չէ, որ ծնողներն իրենց զոհաբերեն։ Զոհ մատուցում են ինչ-որ բանի համար․․․ Ծնողների ու երեխաների դեպքում՝ երեխայի կյանքի համար։ Այնինչ ցանկացած երեխա տարբեր տարիքներում այնքան խնամք է պահանջում, որքան անհրաժեշտ է, ոչ ավել, ոչ էլ պակաս։

Ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական հասունության տարբեր փուլերում երեխաները պարզապես չեն կարող որևէ բան անել առանց մեծահասակի օգնության, և այդ աջակցությունը պետք է լինի։ Մի խոսքով՝ երեխային ուղեկցել նշանակում է կողքին լինել և ոչ թե նրա փոխարեն։ Դաունի համախտանիշով երեխաներն էլ բացառություն չեն։ Ինչո՞ւ նրանց փոխարն անել այն, ինչը նրանք կարող են անել ինքնուրույն, թեկուզ դանդաղ ու վատ։

Մի մայրիկ ասում էր․ «Երեխաս հարգանք է առաջացնում, երբ տեսնում եմ, թե ինչ համառությամբ ու ջանք գործադրելով է անում ամեն բան»։ Այո, և կարող է ոչ միայն հարգանք, այլև հպարտություն, ուրախություն ու վստահություն առաջանալ։

Դժվար թե մեզնից որևէ մեկը հիշի, թե ինչպես է սովորել քայլել։ Նայելով երեխաներին՝ կարող ենք կռահել միայն, որ մենք էլ ենք նույն կերպ զգուշացել, անփույթ եղել, համառել, ընկել ու վեր կացել։ Երբ ծնվում է առաջնեկը, ստիպված ենք լինում մեր առաջին քայլերն անել ծնող լինելու հարցում, և նկատենք, որ այդ միայն տուն-տունիկ խաղում է պարզ, թե կոնկրետ ոնց է պետք վարվել։

Իրական կյանքում ստիպված ենք լինում սովորել ծնող լինելու արվեստը, որպեսզի իսկապես նորածնի, նախադպրոցականի, դպրոցականի, դեռահասի ծնող լինենք․․․Երբ երեխան ծնվում է բոլորից տարբեր, ժամանակ է պահանջվում, որ հասկանանք, թե ինչն է նրա «անսովորն ու տարբերը», ինչն է «սովորականը»։ Միայն ժամանակի ընթացքում կհասկանանք, թե ինչ է պետք վերցնել մեր ընտանեկան ծնողական փորձից և ինչն է պետք հավելյալ սովորել որպես «սովորական» ու «անսովոր» երեխայի ծնողներ։

 

Կազմեց Լիլիթ Մուրադյանը

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.