Ինքնասպասարկման հմտությունների զարգացման համար շատ կարևոր է ճկունության զարգացումը: Ճկունության և հմտության զարգացման միջև կապը հասկանալու համար կարող եք պատկերացնել էլեկտրական լարեր, որոնցով հոսանքը անցնում է երկու ուղղությամբ: Քանի դեռ երեխան չի զբաղվում ինքն իրեն սպասարկելով, լավ զարգացած ճկունության անհրաժեշտություն չի զգացվում: Հաճախակի պարապմունքների և գործողությունների բազմակի կրկնությունները՝ ինքնասպասարկման հմտությունների զարգացման ուղղությամբ, երեխային կդարձնեն առավել ճկուն: Օրինակ՝
• գործողություններ, որոնց օգնությամբ երեխաները մատներով սնունդ են վերցնում և դնում իրենց բերանը՝ այսպիսով զարգացնելով պինցետանման բռնումը,
• գուլպաները հագնելը՝ կարող է զարգացնել մատների ուժը և ճանկումը,
• կայծակ ճարմանդը բարձրացնելը զարգացնում է երկու ձեռքով համակարգված ու համահունչ շարժումները:
Երեխան ստիպված կլինի բազմիցս կրկնել այս քայլերը, նախքան դրանք «պարզ» կդառնան նրա համար, բայց ապագայում դա հիմք կհանդիսանա՝ զարգացնելու ճկունությունը, որը կնպաստի կենցաղային հմտությունների ձևավորմանը:
Հագնվել
Շատ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի երեխան սկսի ինքնուրույն հագնվել: Աստիճանաբար, քայլ առ քայլ, նա կսովորի հագնվել, կոճակները կոճկել, և ընտրել, թե ինչ հագնել: Չմոռանանք հետևողականության մասին, որը չափազանց կարևոր է հմտության յուրացման գործընթացում: Բացի այդ, ուշադրություն դարձրեք հիմնական մեթոդներին, որոնք կարող ենք օգտագործվել երեխային հագուստը հագնելու և հմտությունը ուսուցանելու ժամանակ.
1. Մարմնի դիրքը – Երեխան պետք է լինի կայուն դիրքում: Կարող է հենվել պատին, երբ հագնում է կոշիկները կամ գուլպաները:
2. Քայլ առ քայլ – Երեխան ինքնուրույն հագնվելուն անցնում է աստիճանաբար: Պետք է համբերությամբ զինվել, նրան հնարավորություն և ժամանակ տալ քայլ առ քայլ զարգացնելու հագնվելու կարողությունը: Երբ երեխան սկսում է նոր քայլեր յուրացնել, կարող եք օգնել սկսած գործը ավարտին հասցնել՝ աստիճանաբար թույլ տալով ինքնուրույն իրականացնել գործողությունը:
3. Ձեռքը ձեռքին – Որոշ երեխաների, բայց ոչ բոլորին, հարմար է սովորեցնել, երբ մեծահասակներն իրենց ձեռքերով զգուշորեն վերահսկում են երեխայի ձեռքի շարժումները:
Փորձե՛ք այս ուսուցման մեթոդը: Չի բացառվում, որ երեխան հրաժարվի ձեր օգնությունից ու ցանկանա ինքնուրույն անել գործողությունը՝ նրան այդ հնարավորությունը տվե՛ք:
4. Ակնկալիքներ – Չափից ավելին մի ակնկալեք, սակայն ընդունեք այն փաստը, որ երեխան ինչ-որ կերպ ներգրավված է հագնվելու գործընթացում:
5. Ընտրեք ժամանակը – Առավոտյան, երբ բոլորը շտապում են, լավագույն ժամանակը չէ երեխային նոր քայլ ուսուցանելու համար: Ընտրեք ավելի հանգիստ ժամանակ, երբ դուք չեք շտապում, իսկ երեխան հետաքրքրված է գործընթացով: Օրինակ՝ լոգանք ընդունելուց առաջ՝ հանվել, լոգանք ընդունելուց հետո՝ հագնվել:
6. Մոդելավորում – Որպեսզի ձեր երեխան կարողանա շրջապատի օրինակով
ավելի լավ հասկանալ, թե ինչպես հագնվել, թող նայի, թե ինչպես եք դուք կամ նրա եղբայրներն ու քույրերը դա անում: Երեխան կփորձի նմանակել:
7. Հագուստի ընտրություն – Ընտրեք այնպիսի հագուստ, որը դյուրին է հագնել: Նախապատվությունը տվեք հարմարավետ հագուստին: Առանց կայծակ ճարմանդների հագուստ, որը կարելի է հեշտությամբ հագնել: Որքան ազատ ու հարմարավետ է հագուստը, այնքան արագ է ուսուցման գործընթացը:
Սովորաբար երեխաները նախ սովորում են հանել հագուստը, ապա աստիճանաբար հագնել: Եթե ձեր փոքրիկը չի կարողանում կամ չգիտի, թե դա ինչպես անել, օգնե՛ք նրան, ուղղորդե՛ք և գովե՛ք հաջողության դեպքում: Երեխայի զարգացմանը զուգահեռ մեծանում է նրա մասնակցությունը հանվելու և հագնվելու գործընթացում:
Ներկայացնենք հագնվելու հմտության հիմնական քայլերը, որոնք տեղաբաշխված են ըստ բարդության աստիճանի.
. հանում է գլխարկը և ձեռնոցները,
. հանում է գուլպաներն ու կոշիկները,
. գլխարկ է դնում,
. հանում է բաճկոնը (կոճակը արձակելուց հետո),
. հանում է տաբատը,
. հանում է վերնաշապիկը՝ ներքևից վերև,
. կայծակ ճարմանդը՝ բարձրացնում և իջեցնում է (երբ մեծահասակն այն արդեն ամրացրել է),
. բաճկոնը հագնում է «սուզվելով» (մեթոդը նկարագրված է գրքում),
. հանում է ազատ գիշերազգեստը,
. ոտքերը մտցնում է տաբատի մեջ և քաշում այն,
. ձեռքերը մտցնում է վերնաշապիկի թևերի մեջ,
. կոշիկներն է հագնում,
. գուլպաներն է հագնում,
. վերնաշապիկը հագնում է՝ գլխին, ձեռքերը մտցնում թևերի մեջ,
. հագնում է բաճկոնը (սովորական եղանակով),
. հագնում է վերնաշապիկը կամ բլուզը, որը կոճկվում է առջևում,
. կոճկում է կոճակները,
. կայծակ ճարմանդը բարձրացնում է (հենց սկզբից),
. կապում է կապիչները:
Դժվարություններ որոնց Դաունի համախտանիշով երեխան հանդիպում է հագնվելու ընթացքում
Բաճկոն հագնել
Սուզվելու մեթոդը հաճախ երեխաներին սովորեցնում են մանկապարտեզներում, քանի որ այն ավելի հեշտ է, քան սովորականը: Ձեր երեխան նստած կամ կանգնած է հատակին: Բաճկոնը դրեք հատակին հակառակ կողմով՝ պիտակը դուրս: Երեխան ձեռքերը մտցնում է թևերի անցքերի մեջ և գլուխը «սուզում» բաճկոնի մեջ: Մեկ այլ եղանակ է`գլխարկը դնել երեխայի գլխին, այդ ժամանակ նրա համար հարմար կլինի ձեռքերը սահեցնել թևերի մեջ:
Կոճակներ
Բարեբախտաբար, մեր օրերերում երեխաների հագնվելը չի բարդանում շատ կոճակներով, քանի որ պարզ և հարմարավետ հագուստ ընտրելու հնարավորություն կա: Այնուամենայնիվ ձեր երեխան մեծանալուն պես գուցե ցանկանա կոճակավոր հագուստ հագնել, ինչպես իր հասակակիցները: Պետք է հաշվի առնել, որ կոճակի՝ ուղղահայաց կտրվածքով անցքով կոճակը պարզապես սահում է ներս՝ առանց դաստակը շարժելու, որն անհրաժեշտ է հորիզոնական կտրվածքով անցքի դեպքում: Խոշոր կոճակներն ավելի հեշտությամբ են կոճկվում, քան փոքրերը: Եթե ձեր երեխան մարզվում է տիկնիկի կամ կոճակի հատուկ տախտակի վրա, ապա դա կօգնի ավելի արագ սովորել: Ավելի հեշտ է սովորել, եթե տիկնիկը լինի երեխայի գրկում, այսինքն՝ կոճակները տեղակայված կլինեն նույն կերպ, ինչ իր սեփական հագուստի վրա:
Կայծակ ճարմանդ
Բոլորս գիտենք, թե որքան բարդ կարող է լինել կայծակ ճարմանդը շատ երեխաների համար: Երեխայի համար բաճկոն կամ վերնաշապիկ գնելիս ամուր կայծակ ճարմանդ փնտրեք, որի հիմքը բավականաչափ մեծ է ապահով բռնելու համար: Հավանական է, սկզբում փոքր երեխան օգնության կարիք ունենա կայծակ ճարմանդի
եզրերը միացնելու համար, իսկ հետո կկարողանա ինքնուրույն ամրացնել: Երբեմն փոքր օղակ կամ կայծակ ճարմանդի այլ կցորդ հարկավոր կլինի, եթե երեխայի պինցետանման բռնումն այնքան էլ զարգացած չէ, ուժեղ չէ կայծակ ճարմանդը ձգելու համար: Բաճկոնը հագնելիս կարող եք նաև փորձել փոխել երեխայի դիրքը: Կայծակ ճարմանդն ավելի հեշտ է փակել նստած, քան կանգնած դիրքում: Երբ սկսում եք ձեր նախադպրոցական տարիքի երեխային սովորեցնել կայծակ ճարմանդ կոճկել, բացել և փակել այն, ապա նրա համար ավելի հեշտ է դա անել ձախ ձեռքով, նույնիսկ եթե նա աջլիկ է: Կայծակ ճարմանդների մեծ մասն այնպես է նախագծված, որ, սովորաբար, աջ ձեռքը պետք է պահի կայծակ ճարմանդի հիմքը, մինչ ձախ ձեռքը ճարմանդը վերև է քաշում: Եթե վերև բարձրացնելիս հիմքը չեք պահում, ապա կայծակ ճարմանդը, սովորաբար, անջատվում է: Կայծակ ճարմանդ կոճկելը երկար պրակտիկա է պահանջում:
Շարունակելի…
Марина Бруни (2009). Формирование навыков мелкой моторики у детей с синдромом Дауна (133-137).
Թարգմանեց «Արև-Երեխաներ» Երեխաների առողջության և զարգացմսն կենտրոն ՀԿ-ի էրգոթերապիստ Արմենուհի Կոստանդյանը