Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ինտելեկտի մասին

Ամենադժվարն այս հարցին պատասխանելն է: Ե՛վ մասնագիտական միություններում, և՛ առօրյա պատկերացումներում Դաունի համախատանիշով մարդկանց ինտելեկտուալ կարողությունները, ծայրահեղ դեպքում, որակվում են որպես մտավոր հետամնացություն: Այս հարցին պատասխանելը դժվար է ոչ միայն նրա համար, որ ստիպված ենք ևս մեկ անգամ հաստատելու այդ «անողոք իրականությունը», այլ նրա համար, որ հայտնի չէ, թե որքանով է այդ բնորոշումը համընկնում այդ «իրականության» հետ:

Հիշենք մի այսպիսի դեպք: «Ոչ սովորական երեխան հասարակության մշակութային տարածության մեջ» ծրագրի շրջանակներում Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարան հերթական պարապմունքին էին եկել Դաունի համախատանիշ ունեցող մի խումբ երեխաներ: Ի դեպ՝ ինչպես սովորական երեխայի պարագայում, Դաունի համախատանիշ ունեցող մարդկանց էլ անհրաժեշտ է ընդգրկել արվեստի տարբեր բնագավառներում և ստեղծագործական աշխատանքներում: Պատահական չէ, որ արվեստի նմուշներն այդքան մեծ արժեք ունեն մարդկանց համար: Դրանք դարերով սնում են մարդկությանը՝ բավարարելով նրան ներհատուկ պահանջներից մեկը: Յուրաքանչյուր մարդ, անկախ գեղեցիկը ընկալելու իր կարողությունից, կարող է բավականություն ստանալ երաժշտության կամ գեղարվեստի, ճարտարապետության կամ քանդակագործության հետ շփումից:

Այսպիսով՝ պարապմունքի թեման էր «Դիմանկարը գեղանկարչության և քանդակագործության մեջ»: Պարապմունքն անցկացնող արվեստագետը երեխաներին ծանոթացանում էր Ռոդենի քանդակի հետ: Դա Վիկտոր Հյուգոյի կիսանդրին էր: Նա խնդրեց ուշադիր զննել դեմքը և երեխաների ուշադրությունը բևեռեց հերոսի դեմքի, մորուքի, այտամորուսի վրա: Հանկարծ տասներկուամյա Ալյոշան ասաց. «Բայց նա ուղեղ չունի»: Արվեստագետը շփոթված լռեց, իսկ այնուհետև շարունակեց. «Ինչպե՞ս թե չունի, տեսեք, թե ինչ լարված դեմք ունի այս մարդը»:

Ամենայն հավանականությամբ՝ արվեստագետը շատ վատ զգաց Վիկտոր Հյուգոյի համար, ուստի պաշտպանեց նրան: Բայց կարելի է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ալյոշան ամենայն հավանականությամբ նկատի ուներ այն տարբերությունը, որ գոյություն ունի իրականի և ոչ իրականի միջև, և ընդգծում է իր համար արժեք ներկայացնող հանգամանքը՝ մարդու ուղեղը: Ա՜խ, եթե մտածեինք, թե որքան էր Ալյոշան ուզում, որ իրեն հասկանային և պատասխանեին իր հարցին:

Դաունի համախտանիշ ունեցող երեխաների քանի՜-քանի հարց է մնում անպատասխան միայն այն պատճառով, որ նրանց համարում են մտավոր հետամնաց: Իսկ այս պարագայում ինչպե՞ս կարող է զարգանալ նրանց ինտելեկտը, եթե նրանք չունեն զրուցակից: Նրանք ունեն պահանջմունքներ, կարիքներ, սովորում են հմտություններ և մենախոսություններ, մենախոսություններ… Իսկ զրուցակիցնե՞ր: Այստեղ մենք ցանկանում ենք մի հատված բերել իսպանացի դերասան և Եվրոպայում առաջին Դաունի համախտանիշ ունեցող ուսուցիչ Պաբլո Պինեդայի հարցազրույցից. «Ծնողները պետք է զրուցեն նրանց հետ, քանի որ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ոխերիմ թշնամին լռությունն է»:

Յուրաքանչյուրն իր կյանքն ապրում է այն հնարավորություններով, որ ինքն ունի: Այդ հնարավորությունները բոլորի մոտ տարբեր են: Ամեն ոք սովորում է առավելագույնս օգտագործել այն հնարավորությունը, որը տրված է իրեն: Հենց այս խնդրով է պետք առաջնորդվել, երբ խորհրդածում ենք մեր «ոչ սովորական» երեխաների կյանքի ծրագրերի մասին՝ առավելագույնս բացահայտել այն, ինչ կա յուրաքանչյուր երեխայի մեջ: Եվ դա շատ անհատական է:

«Ոչ սովորական երեխան հասարակության մշակութային տարածության մեջ» ծրագրի հեղինակի հետ հարցազրույցից մի հատված. «Մենք ծրագրում ենք ընդհանուր ժամանց, խաղեր և ճանաչողություն: Մենք գնում ենք թանգարաններ, շրջում ենք հարազատ քաղաքի փողոցներով, համերգների ենք գնում, երաժշտություն լսում, միասին հաճախում ենք ներկայացումներ և կինոթատրոններ, ծանոթանում ենք ժողովրդական սովորույթներին, ընկերների համար կազմակերպում ենք հյուրասիրություններ, նկարում ենք, ծեփում, կառուցում, հավաքվում ենք, որ նստենք սրճարանում մեկ գավաթ թեյի շուրջ զրուցելու… մի խոսքով՝ մենք ապրում ենք այնպիսի կյանքով, որը հետաքրքիր է և՛ երեխաներին, և՛ մեծերին»:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.